Երբ ես 18 տարեկան էի... անփույթ էի իմ նկատմամբ ու թափթփված․ վատ տարիք էր:
Իսկ հիմա ունեմ «Կախվածություն» և կախվածություններ... նոր գրքեր գրելուց:
Ես մի աղջիկ եմ, որը... ծաղկում է հոգատարությունից, փակվում անտարբերությունից ու սիրում չարաճճի լինել:
Իսկ կյանքը մանրիկ երջանկությունների ու մանրիկ փորձությունների մի շղթա է, որը... կոփում է կամ կոտրում՝ ըստ մեր ընտրության:
Հասկանում եմ, որ մեծանում եմ, երբ... որոշումներ եմ կայացնում ու պատասխանատվություն վերցնում․ վերջին շրջանի իմ լավագույն նոր հմտությունն է:
Իմ միջի հավերժ երեխան... սիրում է ինձ՝ անկախ ամեն ինչից, իսկ ես դրա մասին չգիտեի:
Իմ միջի մեծ մարդը..․ ուզում է իսկապես մեծանալ:
Իմ միջի հավերժ երեխան իմ միջի մեծ մարդուն ասում է... ընկերանալ հետը ու հավատալ մեզ:
Երևանը մի քաղաք է, որն անվերջ ականջիս շշնջում է... այն մասին, որ շենքերի վրա հանդիպող բառերը տեսնելը պատահականություն չէ:
Հայաստանը մի երկիր է, որը... երբ կոկորդիդ պարան է դառնում՝ շարունակում ես բացարձակ սիրել՝ ամենաթանկ ու լավագույն վզնոցի պես:
2020-ի աշունն այն մասին էր, որ․․․ ինքնախաբեությունը կործանարար է:
Իմ միջի հայը... փորձում է փրկվել ու փրկել:
Ինձ հաճախ են ասում... չլռել իմ դեմ շպրտած մեղադրանքների ու վիրավորանքների ժամանակ:
Բայց գիտեք, հեչ էլ հեշտ չէ... ժամանակդ վատնել մանր, ու մանրությունից թունոտ մարդկանց վրա:
Կան կորուստներ, որոնց հետ հաշտվել է պետք, որ... չկորցնես նաև ներկայում ունեցածդ:
Կան էջեր, որոնք, սակայն, չեն թերթվում ոչ մի ուժով... բայց երբ դասը սովորենք, կթերթվեն:
Իմ միջի երազկոտը... անհամբեր սպասում է նոր գրքիս տպագրվելուն:
Իմ միջի իրատեսը... հուսով է, որ այդ խայատառակությունը ոչ մեկը չի կարդա:
Իմ միջի երազկոտը իմ միջի իրատեսի հետ... ամեն օր հորինում է գրքիս շապիկը:
Բայց դե կյանքում սև փուլերից հետո գալիս են... ուրիշ սևերը, և այդ սևերը կրկնում են իրար այնքան, մինչև որ չես սովորում կառավարել դրանք ու ինքդ գունավորել կյանքիդ փուլերը՝ ուզածդ կերպով:
Ես հավատում եմ..․ համառությանը:
Ես վախենում եմ... չաճելուց:
Ես վստահում եմ... խելացիների լավատեսությանը:
Ես զարմանում եմ... որքան համառ են հիմարները:
Գեղեկությունը մի բան է, որը... միշտ պետք է փնտրել դրսում ու գտնել ներսում:
Կանայք և տղամարդիկ... փոխլրացնում են իրար:
Ֆեմինիզմն ու սեքսիզմը... միայն բառեր են՝ եթե չդառնան մտածողության իրական փոփոխություն:
Նույնիսկ եթե ես կարողանայի ինչ-որ բան փոխել իմ անցյալում... անփոփոխ կպահեի սիրելի երգերը:
Այն աշխարհը, որտեղ ապրում եմ ես... բարդ է, փշոտ ու սուր:
Կան բաներ, որոնք ինձ նյարդայնանցում են... ու ես հաճույքով նյարդայնանում եմ, քանի որ դա ևս էմոցիա է, որը պետք է ապրել:
Կան բաներ, որոնք ինձ միշտ կարող են երջանկացնել... ցանկալի է, որ դա լինի կարճ գրկախառնություն, երկար համբույր ու սպիտակ շոկոլադ՝ միասին:
Ես կարող եմ խոսել ամեն ինչի մասին, սակայն... խոսում եմ միայն ինձ իսկապես լսել ցանկացողների մոտ:
Բայց սովորաբար ես լռում եմ... որ լսեմ․ երբեմն սա ավելի կարևոր է, քան խոսելը:
Իմ միջի շատախոսը... անվերջ բլբլում է:
Իմ միջի լռակյացը... ատում է իմ միջի շատախոսին:
Իմ միջի շատախոսը իմ միջի լռակյացին ասում է... բարձրաձայն լռել:
Ես մեկ-մեկ խուսափում եմ... ճիշտ որոշումներ կայացնելուց, քանի որ դրանք ցավոտ են:
Ազատությունը... սերն է:
Անկախությունը... միակ լուծումն է:
Պետականությունը... մեծագույն արժեք է, որի կշիռը շատերը չեն հասկանում:
Սա մեծ-մեծ աշխարհ է այն մասին, որ... մենք երբեք չենք կարող ընտրել ուժեղ ու թույլ լինելու մեջ, մեր միակ ընտրությունը շատ ուժեղ լինելու ու ավելի՛ շատ ուժեղ լինելու մեջ է:
Ես Սյունե Սևադան եմ, ես... կիսատությունն ամբողջական դարձնելու ճանապարհին եմ: