Երբ ես 18 տարեկան էի․․․ կյանքն անիմաստ էի համարում։
Իսկ հիմա․․․ ավելի ճիշտ՝ 19 տարեկանից համոզված եմ, որ կյանքի իմաստը սերն է։
Փոքր տարիքից սկսած, այն գիտակցությունը, որ ես Պարույր Սևակի թոռն եմ․․․ պարտավորեցնող է եղել։
Գիտեք, ամենևին էլ հեշտ չէ․․․ մշտապես ուշադրության կենտրոնում լինել։
Իսկ այսօր, երբ պապիս ձեռագրերն եմ կարդում ու ուսումնասիրում․․․ երջանիկ եմ, որ ունեմ նման հնարավորություն։
Սևակի հանդեպ այն համաժողովրդական սերը, որ կա․․․ վստահ եմ՝ հավերժական է։
Իմ ներսի Սևակի թոռը․․․ կուզեր թեկուզ մեկ օրով, թեկուզ մեկ ժամով պապու հետ զրուցել։
Համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում դաս տալը․․․ հաճույք է, որից շուտով ստիպված եմ լինելու հրաժարվել։
Այսօրվա համալսարանն ու այսօրվա կրթությունը․․․ բազմաթիվ թերություններ ունեն, ինչպես մեր ամբողջ պետականությունը։
Իմ միջի գրականագետը․․․ վայելում է մեծ գրականության յուրաքանչյուր տառը և բացատը։
Իմ միջի գրականագետը իմ միջի Սևակի թոռանն ասում է․․․ հնարավորինս օբյեկտիվ եղիր։
Հայ գրականությունը երեկ․․․ գրեթե միշտ ետ էր մնում համաշխահային խոշոր գրականությունից։
Իսկ հայ գրականությունն այսօր․․․ նույնպես ետ է մնում։
Պոեզիան եղել է, կա ու հավանաբար կմնա․․․ մարդուն մարդ պահելու ամենահին ու եզակի միջոցներից մեկը։
Սիրո մասին, սիրո համար․․․ ոչինչ պետք չէ խնայել։
Իսկ կինս մի մարդ է, որը․․․ ՍԵՐ է ինքնին։
Սևակն ասում է՝ նորից չեն սիրում, սիրում են կրկին․․․ նկատի ունենալով զգացմունքի ուժգնության կրկնությունը։
Իսկ Սևակից իմ ամենասիրելի գործը․․․ «Եղիցի լույս» ժողովածուն է։
Բանաստեղծություններ գրում եմ ես էլ, երբ․․․ շատ խմած եմ, բայց դրանք խզբզոցներ են և ոչ միայն «բանաստեղծություն», այլև «ոտանավոր» կոչվելու իրավունք չունեն։
Իմ միջի պոետը․․․ երբեք չի ծնվի, որովհետև եթե անգամ մի օր որոշեմ գրել, կգրեմ արձակ։
Հայաստանն այսօր դարձել է մի երկիր, որին պետք է․․․ կրթվել։
Իսկ ես կանգնում եմ մի պահ, անշարժանում, որ լսեմ, հասկանամ ու մարսեմ այն․․․ ինչ բաց եմ թողնում։
Իմ ամենասիրելի պոեզիան պատմում է այն մասին, որ․․․ մենք homo SAPIENS ենք։
Վերջերս մի ֆիլմ տեսա, որն իմ մեջ մի կարևոր բան փոխեց․․․ գեղեցիկը միշտ է գեղեցիկ՝ անկախ բովանդակությունից։
Կուզեմ էլ ինձ երբեք չհարցնեն․․․ բա լավ, սրա վերջը ի՞նչ ա լինելու։
Բայց ամեն անգամ Զանգակատուն գնալիս․․․ գնում եմ ՏՈՒՆ։
Կյանքի վայելքները․․․ ինձանից անպակաս են։
Իմ միջի էսթետը․․․ չի հանդուրժում ցանկացած տեսակի խտրականություն։
Կյանքումս տեսած ամենագեղեցիկ բանը․․․ կնոջս հայացքն է՝ ուղղված ինձ։
Կյանքը վայելելու, անշտապ ու սիրուն ապրելու արվեստը․․․ քչերին է տրված։
Եվ թեպետ ապրելու տեմպն այսօր դարձել է վազքի նման խելահեղ մի բան․․․ այնուամենայնիվ, կյանքը հիասքանչ է։
Ու երբ աշխարհից պոկվում, հասնում եմ տուն․․․ այսինքն՝ Զանգակատուն, ինձ տիեզերքի բնակիչ եմ զգում՝ ինչպես կասեր Թումանյանը։
Երևանը մի քաղաք է, որը․․․ այլանդակ է, ճարտարապետական առումով անդեմ քաղաք է՝ մեր իսկ թեթև ձեռքով։
Իսկ ես՝ երևանցի ու հայ, որը․․․ փորձում է ինչ-որ բան փոխել։
Ազգային իսկական, անսուտ հայրենասիրությունը․․․ արժեք է, որոնց պիտի ձգտենք ազգովի։
Թեպետ գիտեք, պետք չէ բոլորից ակնկալել․․․ իմաստություն։
Ես ապրում եմ իմ կյանքը․․․ փորձելով համերաշխ լինել խղճիս հետ։
Եվ շատ կուզեմ, որ որդիս․․․ երջանիկ լինի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում երջանկությունը։
Հայրս մարդ է, որից սովորել եմ․․․ մարդ լինել։
Իմ միջի որդին իմ միջի հորն ասում է․․․ եթե ոչինչ էլ չանես, տղայիդ մի անգամ բնականից Վան Գոգ կամ Պիկասո ցույց տուր։
Ինչ էլ լինի, այս կյանքն այն մասին է, որ․․․ պետք է սիրել։
Լինում են ու կլինեն խորը հուսահատության պահեր․․․ կաևորը լույս գտնելն է։
Իսկ ներանձնային պարտությունները, կռիվներն ու ինքնախարազանումը․․․ անհրաժեշտ են SAPIENS կոչվելու համար։
Ազգային պարտություններն ու հաղթանակները․․․ անխուսափելի են։
2020-ի աշունն այն մասին էր, որ․․․ Չարենցի «Վահագն» պոեմը չենք կարդացել։
Իսկ 2020-ից հետոն պետք է լինի այն մասին, որ․․․ նախ՝ «տառաճանաչ դառնանք», հետո՝ «Վահագն»-ը կարդանք։
Ես սովորական մարդ եմ, որը․․․ ապրում է։
Սակայն ունեմ մի հատկանիշ, որը․․․ դեռ չեմ բացահայտել։
Մայրս միշտ ասում է․․․ զանգելիս՝ «Բալի՜կ, ո՞նց ես, ո՞ւր ես»։
Իսկ ես հաճախ եմ հիշում մի իմաստուն խոսք․․․ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։
Այդուհանդերձ, կյանքի փորձ ու իմաստություն ամեն մեկս մեր սեփականն ենք ձեռք բերում․․․ բայց կարևորն այն է, որ մե՛ր իմաստությունը գերակա չհամարենք։
Իսկ ես երբեմն կանգ եմ առնում, որ․․․ վայելեմ վայրկյանը։
Ես Սևակ Ղազարյանն եմ, ես․․․ երջանիկ եմ։