Երբ ես 18 տարեկան էի...ես խենթուկ էի։
Այդ ժամանակ կա՛մ աշխարհն էր ուրիշ, կա՛մ հայացքս աշխարհին, բայց...մի անբացատրելի ուժ կար մեջս, որ ինձ հրում էր առաջ` դեպի սեր, դեպի երազանք, դեպի խենթություն…
Բայց, կարծում եմ, կան բաներ, որ ոչ մի տարիք ու տարի չի փոխում․․․ և դա հենց դու ես, որ կորցնում ես ու ամբողջ կյանքում փորձում գտնել…
Երևանը մի քաղաք է, որն անվերջ պատմում է ինձ...հիշեցնում, որ չմոռանամ մի շատ կարեւոր բան` ինձ ու իրեն…
Իսկ Փարիզը շշնջում է հեռու մոտիկներից...Փարիզն էլ չի շշնջում, Փարիզը տնքում է ցավից…
Իմ միջի հայը...փախել է ինձնից ու ճչում հեռու, շատ հեռուներում։
Իմ միջի Ֆրանսիայի քաղաքացին...այդպես էլ չծնվեց…
Կյանքը ցույց է տալիս, որ որտեղ էլ լինես․․․քեզնից չես փախչի…
Հայերենը լեզու է, ...որով աստվածներն են խոսել, իսկ հիմա մոռացության գրկում է` աստվածների հետ միասին…
Իսկ ֆրանսերենը...պատանեկան երազանք, որ տրվեց ինձ ուշ, սիրով ու անասելի դժվարությամբ…
Լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ, թերևս, լեզուն․․․նաև թաքնվելու միջոց է…
Ես ծիծաղում եմ այն բաների վրա...որոնց չեմ կարող հաղթել…
Եվ փորձում եմ ծիծաղեցնել, երբ...լքում է ապրելու ցանկությունը…
«Սկիզբ»-ը...սկսել է վաղուց… շատ վաղուց…
Վերջը...չի երեւում… չկա, վերջ չկա…
Իմ միջի կատակերգուն...և՛ բնավորություն է, և՛ պարտականություն…
Իմ միջի մարդը...փնտրում է, դեռ փնտրում է իրեն…անցնելով իր ճամփան։
Իմ միջի կատակերգուն իմ միջի մարդուն...փորձում է մխիթարել, ու չի ստացվում…
Ասում են, կրիան ճանապարհի մասին ավելին գիտի քան նապաստակը...հարցրեք կրիային։ Մորաքրոջս ամուսինն էլ վստահ էր, որ ամեն ինչ գիտի։
Իմ մեջ ապրում է մի կրիա...ու՞ր էր ինձ այդպիսի բախտ…
Իսկ իմ մեջ ապրող այն նապաստակը...տարիքի հետ փորձում է կրԻատիվ դառնալ։
Ասում են, դանդաղ շտապի՛ր...միայն թե, ասողին լսող է պետք:
Ասում են նաև, որ լռությունը հաճախ ավելին է ասում... Լռությունը միշտ ավելին է ասում, եթե այն կարդալ գիտես…
Իսկ ես ասում եմ...այն, ինչի մասին լռում են ուրիշները։
Իմ միջի հայրը...միշտ արթուն է, միշտ` զգոն։
Իմ միջի որդին...բախտավոր է, սիրված, բայց մի քիչ` անառակ։
Իմ միջի որդին իմ միջի հորն ասում է...էլի վերադարձա… այս անգամ էլ ներիր։
Կյանքն ունի այնպիսի շրջադարձեր, անակնկալներ, որ...մեր ըմբռնումներից դուրս է։Եվ դրանով է այն գրավիչ է, կախարդող։
Ես հավատում եմ...Աստծուն, Քրիստոսին, նրա սիրուն։
Ես սիրում եմ...միշտ սիրում եմ, որ պահին չեմ սիրում, ես մեռած եմ։
Ես ներում եմ...ինչքան կարողանում եմ… միշտ փորձում եմ, երբեմն, ստիպում եմ ինձ` ներել։
Ես զղջում եմ...զղջում եմ, որ չկարողացա ավելի շատ սիրել, որ հասկանալով արեցի բաներ, որ պետք չէր անել և չարեցի բաներ, որ պետք էր անել։
Ես հպարտանում եմ...զավակովս, որ հենց հիմա դիրքերում է, իր ընկերներով, մեր խիզախ տղաներով, որ ծանր պայմաններում անվախ կանգնած են սահմաններին, պատերազմի ժամանակ զոհված ու չզոհված հերոս տղաներով, մեծ ու սիրելի ընտանիքովս, մեր պատմության մեծերով, նրանց ժառանգությամբ…
Ես ապրում եմ...մարդկանցով, մարդկանց հետ, մարդկանց համար…
Ես Վարդան Պետրոսյանն եմ, ես...մի խենթուկ հայ եմ։
Հեղինակ՝ Շուշան Մարուքի