Երբ ես 18 տարեկան էի... երազում էի լինել կարևոր մեկը, հիմա երազում եմ լինել ուղղակի մեկը, ով կանի կարևոր ու շրջադարձային գործեր:
Իսկ հիմա արդեն մեծ աղջիկ եմ ու լավ գիտեմ, որ... պետք է կարողանալ ներել:
Պոեզիա այսօր, ասում են, քիչ են կարդում... իսկ գուցե նրանից է, որ ապրում են պոեզայի մեջ:
Եվ ես կարդում եմ պոեզիա նաև մյուսների համար, որ... շունչ տամ բառերին ձայնի միջոցով, ու խոսեմ մարդկանց հետ:
Հայաստանում կինոն այսօր հասել է մի կետի... երբ հաջորդ սխալ քայլն անդունդի մեջ է, եզրը հատել ենք:
Այսօր հայ դերասաններն ու դերասանուհիները... փնտրում են շատ, գտնում են քիչ:
Իսկ թատրոնը մի վայր է, որն այսօր... ապրում է, որ իրականությունը չսպանի երազանքները…
Եթե ես լինեի ամերիկուհի, կամ ասենք, ճապոնուհի... ես չէի լինի հայուհի, ով փոքրիկ քաղաքում կհանդիպեր նախկին սերերին, այլ կլինեի ամերիկուհի, ով կմոլորվեր Նյու Յորքի փողոցներում ու չէր գտնի անգամ իր ներկայի սերը… Գուցե…
Թեպետ գիտեք, ես այնքան հայ եմ, որ... իմ պապերի անցած պատերազմից հետո ես կրկին ապրում եմ ճակատագրական հայ լինելը, ու պատերազմի եմ ուղարկում իմ եղբայրներին:
Բայց եթե սթափ ու զգացմունքներն անջատած դատենք... կհասկանանք, որ կյանքը խաղաղության մասին է:
Ես ունեմ մի կարգախոս... երբեք չեմ վերադառնում… Անգամ համոզվելու համար:
Ամենաշատը վախենում եմ... պատերազմներից ու միջակ մարդկանցից:
Կուզեի էլ ինձ ոչ ոք չհարցներ... երբ եմ ամուսնանալու…
Բայց արի ու տես, որ 2020 թվականի աշունը եկավ ու պատմեց մեզ... աշխարհի վերջի մասին ու հետո ժամանակը կանգ առավ… Ու անգամ անձրևից հետո խաղաղությունը չի գալիս…
Ինձ այսօր ավելի ու ավելի պարզ է թվում... որ մեծագույն արժեքը մարդն է:
Իմ միջի հայը... կապրի իմ սերունդների մեջ էլ…
Իմ միջի լավատեսը... աշնանը կոմայի մեջ էր, փորձում է վերածնվել:
Իմ միջի լավատեսն իմ միջի վարդագույն ակնոցներով աղջկան ասում է... մենք կապրենք խաղաղության համար, հանուն խաղաղության համար պատերազմածների…
Իսկ սերը, սերը... երևի կսպանի ինձ, եթե չհավատամ, որ սիրողը միշտ հաղթող է …
Ու ես կլինեմ մի օր պոեմն այն մարդու... ով կլսի իմ սերը ու ափը կդնի ափիս մեջ:
Իմ միջի սիրողն իմ միջի մենակյացին ասում է... մենք կապրենք միայնակ` երկուսով, մի օր…
Իմ միջի սիրվածն իմ միջի մենակություն սիրողին ասում է... մի օր մենք կգտնենք իրար ու ժամանակի մեջ կհամընկնի սիրողն ու սիրվողը…
Բայց դե ինչ էլ լինի... ես չեմ մահանա, ուր մնաց թե սիրուց…
Մշտական փնտրտուքներն ու գտնելու բերկրանքը... ստեղծում է պոեմներ ու արվեստ:
Ես, այդուհանդերձ մարդ եմ, որը... կարող է արտասվել անարդարությունից:
Ես հավատում եմ... որ խաղաղությունը կգա հանուն կյանքի:
Ես սիրում եմ... նրան, ով չի գալիս, բայց եթե գա էլ չեմ սիրի…
Ես հոգնել եմ... քաղաքականությունից ու ստից:
Ես ապրում եմ այս կյանքն այն մասին... որ ես անդադար քայլում եմ Լույսի հետևից:
Ես փոշմանել եմ... չարածների համար:
Ես բաց եմ թողել... նրան, ով ուզում էր գնալ:
Ես պահել եմ... մանկությունս:
Ես ներել եմ... ես ապրում եմ, ուրեմն ներել եմ…
Ես Տաթև Հովակիմյանն եմ, ես... կառչում եմ սիրուց, որովհետև ատելությունը ծանր բեռ է…