1. Վերջին պարը (The last dance, 2020)
Աշխարհի ամենահայտնի մարզիկներից մեկի կարիերայի վերջին սեզոնին (1997-1998 թթ,) ու նաև նրա «Չիկագո Բուլս» բասկետբոլային ակումբին է նվիրված վերջին տարիների ամենադրամատիկ մինի ֆիլմաշարը: Հանրահայտ բասկետբոլային ակումբի վերելքի վերջին շրջանի այս յուրահատուկ պատմությունը ներկայացվում է կինովավերագրության ավանդական ու ամենաժամանակակից գեղարվեստական միջոցների համադրությամբ: Պատումն այնքան դինամիկ է, վավերական հերոսների՝ հայտնի բասկետբոլիստների, մարզիչների, երկրպագուների հարաբերություններն այնքան դրամատիկ են ներկայացված, որ դիտողը չի կարողանում կտրվել դիպաշարից, անհամբերությամբ սպասում է հերթական սերիային: Աշխարհահռչակ Մայքլ Ջորդանը և մյուս բասկետբոլիստները ներկայացվում են իրենց հակասություններով, սխալ ու ճիշտ ընտրությամբ, վերելքներով ու անկումներով, սակայն չափազանց մարդկային գծերով: Ռեժիսոր Ջեյսոն Հեհիրի 10 մասանոց ֆիլմաշարը մեծ նվեր է հատկապես Մայքլ Ջորդանի, «Չիկագո Բուլսի» ու 1990-ականներին NBA-ի խաղերին հետևած երկրպագուներին:
2. Սլացիր, որ փրկվես (Drive to Survive, 2019-2021թթ.)
Աշխարհի ամենաթանկ մարզաձևի մրցաշարային վերջին երեք սեզոններին նվիրված այս անչափ հետաքրքիր սերիալը, վստահաբար կհետաքրքրի, ոչ միայն Ֆորմուլա 1-ի երկրպագուներին, այլև դրամատիկ, արագ զարգացող սյուժեով, լիարյուն ու ակտիվ հերոսներով ֆիլմեր սիրող մարդկանց: 10 թիմ, 20 վարորդ ու բոլիդ, իրապես կենաց ու մահու կռիվ են մղում աշխարհի մրցուղիներում: Ֆորմուլա 1-ը մարզաձև է, որտեղ ամեն ինչ որոշվում է վայրկյանի տասնորդականների ընթացքում. մեկ սխալ քայլ, ակնթարթային շեղում, կարող է ու հաճախ հանգեցնում է վթարների, ֆինանսական ահռելի միջոցների կորուստների ու հաճախ մարդկային կյանքեր արժենում: Այս մեծ լարվածությունը սերիալում փոխանցվում է ամենայն մանրամասնությամբ՝ շնորհիվ ճիշտ ընտրված հերոսների, դիպուկ մեկնաբանությունների ու հիանալի մոնտաժի: Տպավորությունն էլ ավելի է մեծանում, եթե դիտողը ծանոթ չէ Ֆորմուլա 1-ի մրցաշարերի արդյունքներին: Այդ դեպքում դու վավերագրական սերիալը ուղղակի դիտում ես որպես գեղարվեստական ֆիլմ, որի ավարտն անկանխատեսելի է:
3.Ամեն ինչ, կամ ոչինչ. Մանչեսթր Սիթի (All or nothing, 2018)
Անգլիական ամենահայտնի և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից մեկի 2017-2018 թթ. մրցաշրջանին նվիրված այս մինի սերիալի գաղափարական առանցքում, ոչ թե բուն ֆուտբոլն է, այլ մարդկային ճակատագրերն ու այն հարցը, թե ի՞նչ գնով է հնարավոր դառնում հաջողությունը: «Մանչեսթր Սիթիի» վերելքի պատմությանն ու հաղթանակներին նվիրված այս ֆիլմաշարում ֆուտբոլասերը կհանդիպի հայտնի ֆուտբոլիստների ու մարզիչների: Գլխավոր դերում, իհարկե, ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, որի շնորհիվ վերջին հնգամյակում թիմը պահպանում է իր առաջնակարգ տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայում և համաշխարհային ֆուտբոլում: Ո՞րն է Գվարդիոլայի հաջողության գաղտնիքը, ո՞րքան երկար կարող են շարունակվել հաղթանակները և ի՞նչ գին պետք վճարել այդ ամենի համար: