Երևանի հարավ-արևելյան ծայրամասում է գտնվում Հայաստանի հնագիտական ժառանգության ամենանշանակալի հուշարձաններից մեկը՝ Էրեբունի ամրոցը կամ բերդաքաղաքը։ Նույն տեղում էլ այսօր գործում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Ամրոցը կառուցել է մ․ թ․ա․ 782 թ․ Ուրարտուի կամ Արարատյան թագավորության հզոր արքաներից մեկը՝ Արգիշտի 1-ինը։ Էրեբունի ամրոցի պեղումները սկսվել են 19-րդ դարի երկրորդ կեսին և շարունակվում են մինչ մեր օրեր։ Տասնամյակների պեղումների ընթացքում մի շարք կարևորագույն գտածոներ են հայատնաբերվել։ Art365-ը առանձնացրել է Էրեբունի բերդաքաղաքի տարածքում հայտնաբերված 5 նշանակալի գտածո։
1. Ամրոցի ու Երևանի ծննդյան վկայականը
Էրեբունիի ամրոցի կառուցման արձանգրությունը հայտնաբերվել է 1950 թվականին։
Բովանդակությունը հետևյալն է՝
Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի։
2.Որմնանկարներ
Էրեբունի ամրոցի պալատական հատվածի պատերին և այլուր հայտնաբերվել են բացառիկ հետաքրքրություն ներկայացնող որմնանկարներ։ Դրանցից առանձնանում են հատկապես որսի տեսարանների հետ կապված կենդանիների ու ձիերի պատկերները։ Այդպիսին է Նժույգը որսից հետո որմնանկարը։
3. Գինու մառաններ ու կարասներ
Էրեբունի ամրոցում գտնվել եմ գինու վեց մառաններ, ուր տեղադրված են եղել մոտ 200 խոշոր կարասներ: Որոշ կարասներ ունեն տարողության վերաբերյալ սեպագիր և հիերոգլիֆ նշաններ:
4. Ձիագլուխ եղջերագավաթ
1968թ. Էրեբունի ամրոցին կից Նոր Արեշ թաղամասում են գտնվել աքեմենյան ժամանակաշրջանի եղջերագավաթներ, որոնցից է մ․թ․ա 5-րդ դարով թվագրվող նժույգի առաջամասով արծաթե եղջերագավաթը:
5. Արգիշտի Ա-ի սեպագիր նետասլաք
Արգիշտի արքայի բրոնզե, տերևաձև նետասլաքն ունի հետևյալ բովանդակությամբ արձանագրություն․
«Խալդի (Աստծուն), Արգիշտին նվիրեց»
Այս և այլ ուշագրավ գտածոներ կարող եք տեսնել՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։