Ձյունաշատ ձմեռներին, առավոտյան դեռևս չտրորված ձյան վրա քայլելիս, կամ երեկոյան երկնքից թափվող ձյան տակ զբոսանքի ժամանակ, բոլորս էլ թերևս ուշադրություն ենք դարձրել մեր քայլերի տակ ճմռվող ձյան ձայներին, կամ յուրահատուկ լռությանը, որ լինում է առատ ձյան հետևանքով։ Ձմեռային այդ խորհրդավոր լռությունն ու ինքնահատուկ ձայները թերապևտիկ ազդեցություն են ունենում մարդկանց հոգեկան աշխարհի վրա, խաղաղեցնում և հանգստացնում նյարդերը, հեռացնում տագնապներն ու ապահովության զգացում պարգևում։ Ինչպե՞ս է առաջանում այս ազդեցությունը։ Ինչպե՞ս են հարաբերվում ձայնն ու ձյունը, ինչպե՞ս փոխվում ձայնը ձյան հետ հանդիպելիս։ Ներկայացնում ենք բառերի հնչմամբ նման, սակայն շատ տարբեր այս երևույթների՝ ձայնի ու ձյան հարաբերության վերաբերյալ ուշագրավ փաստեր։
1.Ձյունը՝ ձայնամեկուսիչ
Երբ ձյունը թարմ է և փափուկ, այն գործում է որպես բնական ձայնամեկուսիչ։ Ձյան փաթիլների միջև առկա օդային փոքրիկ տարածությունները կլանում են ձայնային ալիքները, ինչի արդյունքում ձմռանը ամեն ինչ ավելի խաղաղ է թվում։
2. Ձյան ազդեցությամբ ձայնը դանդաղ է տարածվում
Ձայնային ալիքների տարածման արագությունը կախված է միջավայրի խտությունից և ջերմաստիճանից։ Քանի որ ձյունը ծակոտկեն է ու պարունակում է մեծ քանակությամբ օդ, այն դանդաղեցնում է ձայնային ալիքները՝ նվազեցնելով դրանց տարածման արագությունը։
3. Ձայնն ու սառույցը
Ի տարբերության ձյան, սեղմված ձյունը՝ սառույցը շատ լավ ձայնային հաղորդիչ։ Սառույցի միջով ձայնը տարածվում է մոտ 4,000 մ/վրկ արագությամբ, ինչը գրեթե 10 անգամ ավելի արագ է, քան օդում։
4. Ձյունն ու ձայնի արձագանքը
Բաց տարածություններում ձայնային ալիքները սովորաբար անդրադառնում են մակերեսներից՝ ստեղծելով արձագանք (էխո): Բայց ձյունով ծածկված միջավայրում ձայնը քիչ է անդրադառնում, քանի որ ձյունը կլանում է ալիքները՝ կրճատելով արձագանքների ուժգնությունը։
5.Ձյունն ու հեռվից լսվող ձայնը
Սառը օդի շերտերը մոտ են գետնին, իսկ ավելի տաք օդը վերևում է։ Այս պայմաններում ձայնային ալիքները կարող են բեկվել և տարածվել ավելի հեռու, քան տաք օրերին։ Սա է պատճառը, որ ձմռանը որոշ ձայներ (օրինակ՝ գնացքի կամ մեքենաների աղմուկը) կարող են հստակությամբ լսվել շատ ավելի մեծ հեռավորությունից։
6. Ձյան ճռճռոցն ու ձայնային ալիքները
Երբ քայլում ես թարմ ձյան վրա, այն ճռճռում է։ Պատճառն այն է, որ ճնշման տակ ձյան սառցե բյուրեղիկները կոտրվում են, ինչն էլ առաջացնում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ։ Սառը ձյունն ավելի չոր է, ինչի պատճառով էլ այն ավելի բարձր է ճռճռում։
7. Ձյունը որպես ակուստիկ ֆիլտր
Ձյունածածկ միջավայրը նվազեցնում է բարձր հաճախականության ձայները, բայց թույլ է տալիս ցածր հաճախականությունների ձայնեերի տարածումը։
8. Կենդանիները, ձայնն ու ձյունը
Բևեռային աղվեսներն ու ճագարները ձյան տակ թաքնվում են ոչ միայն ցրտից պաշտպանվելու, այլև՝ որպեսզի որսորդները չլսեն նրանց ձայները, որոնք խլանում են ձյան տակ։
9. Ձյան ձայնային ալիքները և գիտությունը
Գիտնականները ուսումնասիրում են ձյան ձայնային հատկությունները, որպեսզի հասկանան սառցադաշտերի շարժը, հաշվարկեն ձնահոսքերի վտանգները և այլն։
10. Ձյան մեջ ձայնը փոխում է մեր լսողական ընկալումը
Քանի որ ձյունը կլանում է շատ ձայներ, ձմեռային անտառում քայլելիս մեր լսողական ընկալումը փոխվում է. մարդիկ հաճախ ավելի ուշադիր են դառնում փոքր ձայների նկատմամբ, քանի որ շրջապատի աղմուկը նվազագույն է։