Գիսանեն ըստ Տարոնի պատմության
Բայց ամենազարմանալին նրանց կերպարանքն էր, քանզի բոլորն էլ սևամորթ էին, գիսախռիվ և զազրատեսիլ, որովհետև ծագումով հնդիկներ էին։ Դրա պատճառն այն էր, որ այստեղ գտնված կուռքերն էլ՝ Դեմետրը և Գիսանեն, հնդիկ իշխաններ էին, հարազատ եղբայրներ։Սրանք փախչելով հնդկաց թագավորից՝ հալածական եկան մեր աշխարհը։ Երբ եկան հայոց Վաղարշակ թագավորի մոտ, սա Տարոնի երկիրը հանձնեց նրանց տիրապետելու. քաղաքն էլ նրանք կառուցեցին և անունը դրին Վիշապ. հենց նրանք էլ գալով Աշտիշատ՝ հիմնադրեցին–կանգնեցրին այն նույն բագինները, որ Հնդկաստանում էին պաշտում։
Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն
Գիսանե և Դեմետր քուրմ եղբայրները, որոնք երբեմն նաև աստվածություն են համարվում ըստ հայ պատմիչ Հովհան Մամիկոնյանի(7-8 դդ.) Տարոնի պատմություն երկի Հայաստան՝ Տարոն են գալիս Հնդկաստանից և քրմական գործունեություն ծավալում մինչ քրիստոնեության հաստատումը։ Հայ վիպական բանահյուսության այս ուշագրավ դիպաշարը որոշ մոտիվներով նման է Մամիկոնյան տոհմի հիմնադիր Մամիկի և Կոնակի, նաև մեր բանահյուսության երկվորյակային, մշակութային հերոսների մասին առասպելներին։ Ընդ որում այս հերոսները նաև ներկայացվում են որպես հայր ու որդի։ Գիսանեի և Դեմտրի պաշտամունքային կենտրոնը Տարոնում ՝ Իննակյա վայրերում էր, որտեղ քրիստոնեության հաստատմամբ կառուցվում է նշանավոր Սուրբ Կարապետ վանքը։
Վոլան վարպետն ու ծպտված դեմիուրգը
Հայ առասպելաբանության այս և այլ ուշագրավ դիպաշարերից՝ Հայկ և Բել, Արտաշես և Արտավազդ, կերպարներից ու տարբեր հավատալիքներից է ներշնչված Հայկ Հովյանի Գիսանե․ հավերժական կայսրությունը ֆենթզի վեպը։ Սակայն միայն ներշնչված, քանի-որ այս ստեղծագործությունը առասպելների մշակում չէ, այլ դրանց հմտորեն կիրառությամբ հեղինակը կարողանում է ստեղծել իր վեպի յուրահատուկ ու ազդեցիկ մթնոլորտը, տիպականացնել միջավայրը։ Գործողությունները ծավալվում են մտացածին աշխարհում՝ Հավերժական կայսրությունում, որը շատ գծերով մեզ հիշեցնում է հայ պատմիչների երկերից հայտնի հին, վիպական Հայաստանը։ Գլխավոր հերոսը՝ Գիսանեն ծպտված դեմիուրգ է՝ կախարդ կամ քուրմ, որն այժմ հմուտ վարպետ է։ Մի ողբերգական իրադարձություն ստիպում է Գիսանեին թողնել երազած խաղաղ, սովորական մարդկային կյանքը, երկար ու վտանգավոր թափառումներով ու արկածներով փորձել գտնել չարագործին, վրեժ լուծել և վերականգնել արդարությունը։
Կործանվող աշխարհի առասպելը
Վեպի խորհրդավոր մթնոլորտը, լիարյուն հերոսները, դետեկտիվ սյուժեն, առասպելական տարբեր մոտիվները, Գիսանեի ազդեցիկ ու համակրելի կերպարը ամբողջանում են արդարության ու անարդարության, բռնապետության ու ազատության, ընտրության հնարավորության, բարու և չարի, ընդվզման ու համակերպման և շատ այլ փիլիսոփայական ու բարոյական խնդիրների մասին խորհրդածություններով։ Ընթերցման մի պահի վեպի միջավայրն ու գործողության ժամանակը վերածվում են դեկորների, քանի-որ քննարկվող հարցերը, Գիսանեի ու Գայ պրետորի, նաև մյուս հերոսների միջև ծավալվող փիլիսոփայական զրույցները մշտապես և հատկապես այսօր էլ արդիական են։ Դրանք այլ լեզվով ու այլ հանդերձով արձագանքում են ժամանակակից աշխարհի ու կյանքի կարևորագույն խնդիրներին, սակայն բարեբախտաբար հեղինակը չի ձգտում բոլոր հարցերի պատասխանները գտնել, այլ հերոսների հետ մտածելու հնարավորություն է տալիս նաև ընթերցողին։ Գրքի հրաշալի, տպավորիչ, երբեմն մռայլ ու խորհրդավոր աշխարհը հաջողված փորձ է նոր շունչ հաղորդելու հայ ժողովրդական հարուստ բանահյուսությանն ու առասպելաբանությանը, հայ ժամանակակից ֆենթզի գրականության այս տեսակի ճանապարհը հարթել մեր գրական դաշտում:
Գիրքն էլ ավելի տպավորիչ է դառնում ինքնահատուկ ձևավորմամբ ու նկարիչ Արարատ Մինասյանի՝ երևակայությունը խթանող ու անչափ տպավորիչ պատկերներով։ Նկարները կարծես կենդանանում են նույնիսկ դուրս գալիս գրքի էջերից, վերացնելով իրականության ու պատկերի սահմանները: Դրանք լոկ նկարազարդումներ չեն, այլ պատմությունը նոր մանրամասներով լրացնող, ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություններ:
Ներկայացնում ենք հատված Հայկ Հովյանի Գիսանե վեպից։
Աննակենը, մի փոքր երկմտելով, ձեռքը տարավ հագուստի ծալքերին ու նորից հանեց տարօրինակ հմայիլը, ինչ–որ բառեր քրթմնջաց ու սկսեց տարուբերել. ներսից անսարք իրերին բնորոշ թխկթխկոց լսվեց:
– Թաքցնելու ոչինչ չկա. դուք էլ զնդանում պատահական չեք հայտնվել, ավելի անպատեհ հյուր, քան անծանոթ պրե տորն ու ծպտյալ դեմիուրգն են, դժվար է պատկերացնել,— շշնջաց նա` առանց դադարեցնելու տարուբերել հմայիլն ու
անծանոթ բառեր մրմնջալ. — Լուսնահմայ, որ զօրն չար և բարի ասէ Լուսնով:
— Ուզում ես ասել՝ դավադրությո՞ւն կա էս ամենի մեջ,— Գիսանեն դժվարությամբ ըմբռնեց Աննակենի ասածը:
— Ինքդ տեսար, չէ՞, վերականգնվող տաճարը: Եվ այս կողմերում սա միակը չէ. այլ տաճարներ էլ են վերակառուցում հարավային սահմանի ամբողջ երկայնքով, այն էլ վաղուց:
Գիսանեն անակնկալի եկավ կնոջ հայտնածից:
— Ո՞ւմ է դա պետք, ինչի՞ համար,— ցածրաձայն հարցրեց նա:
Վստահ չեմ, թե ինչի համար է, բայց որ Հավերժական քաղաքից մարդիկ են գալիս ու գնում կառուցմանը հետևելու նպատակով, միանշանակ է,— Աննակենը դադար առավ մի պահ, հետո ավելացրեց.— նրանց մեջ պրետորական
տարբերանշաններով մարդիկ էլ են հանդիպում, էնպես որ ավանի դիգիլի պահվածքը սոսկ հասարակ վայրագություն չէր. ոչ ճիշտ ժամանակին հայտնվել եք ոչ ճիշտ վայրում:
Այդ խոսքերից հետո լռություն տիրեց, տարօրինակ թվաց Գիսանեին:
Ո՛չ ջրի կաթիլների ձայնն էր լսելի, ոչ Գայի փնթփնթոցը և ո՛չ էլ խցերի խուլ աղմուկն ու դրսի ծղրիդների միալար ճռռոցը: Նա փորձեց շրջվել հետ, որտեղ Գայն ու Օշինը պետք է լինեին, բայց երիտասարդ կինը թույլ չտվեց, այլ ճաղերի արանքից արագորեն երկարացրեց ձեռքերն ու պինդ գրկեց Գիսանեի գլուխը:
— Ի՞նձ, ինձ նայիր, խնդրում եմ,— ասաց շշուկով։
Չէր սխալվում. դա սովորական լռություն չէր:
—Հըմ, ստում էիր փաստորեն, շատ էլ լավ գիտեիր, թե դաղըդանն ինչի համար է... Եվ ահա՛ թե ինչու չեն կարողանում այն գտնել քեզ մոտից,— Գիսանեն փորձեց գլուխն ազատել, բայց ապարդյուն,— դու ժամանակը կանգնեցնելու գաղտնիքն ես գտել ու տեսել ես, թե ինչ կա իրականության հակառակ կողմում:
Նորից անհարմար լռություն իջավ լսելի էր միալար թակոցը միայն հմայիլի ներսից:
— Բայց, ցավոք, իրերի վրա ազդեցություն գործել այդպես էլ չեմ սովորել, ուստի վանդակից դուրս գալ նույնպես
անկարող եմ... Իմը միայն ժամանակն է,— տխուր արտասանեց Աննակենը, սակայն դու հետ մի՛ պտտվիր, ինձ նայիր, խնդրում եմ:
Գիսանեն լուռ նայեց աղջկա աչքերի մեջ ու զգաց, թե ինչպես է աստիճանաբար ընկղմվում նրա հայացքի ալիքներում:
— Ինչո՞ւ կանգնեցրիր ժամանակը:
— Չգիտեմ... Ես այնքան վաղուց եմ այստեղ, որ վա խենում եմ ինչ–որ բան փոխելուց, ինչ-որ բան անելուց կամ նույնիսկ շարժվելուց: Ես միայն կարողանում եմ ժամանակը կանգնեցնել և անվերջ կրկնում ու կրկնում եմ այդ միակ արարը այն հույսով, որ ինչ–որ բան կփոխվի, ինչ–որ բան տեղի կունենա,— նա լռեց մի պահ։— Քո հայտնվելն ինձ հույս տվեց, որ գուցե եկել է ժամանակն այդ ինչ–որ բանի, չէ՞ որ էդպես էր ասում մարգարեությունը... Դրա համար էլ ես կրկին
կանգնեցրի այս անիծյալ ժամանակը:
— Հասկանում ես, չէ՞, որ ինձ գնալ է պետք, իմ ժամա-նակն էլ այս իրականությունում սպառվելու եզրին է,— Գիսանեն ափը դրեց իր դեմքն ամուր գրկած կանացի ձեռքին:
Մաշկը մի փոքր կոշտացած էր ու սառն այնքան, որ ջերմացնելու անհագ ցանկություն էր առաջանում։ Նա սկսեց դանդաղորեն շոյել ցցված կոճոսկրերն ու դրանց շուրջը տեղ– տեղ ճաքճքած մաշկը, մատների ծայրերով գտավ երակների զգայուն հանգույցներն ու շոշափեց փափուկ, խոնավացած ափի ներսում իրար հատվող գծերը, ապա ինքն իրենից անակնկալի եկած՝ հետ քաշվեց:
— Ես քեզ համար կկանգնեցնեմ ժամանակը... այնքան ժամանակ, որքան կկամենաս: Միայն ինձ նայիր, խնդրում եմ, հետ մի՛ պտտվիր, խնդրում եմ,— անվերջ կրկնում էր Աննակենը, — թո՛ւյլ տուր ինձ պատմել քեզ իմ պատմությունը:
Գիսանեն լռեց շատ երկար, հետո ժպտաց, և այդ ժպիտի մեջ անդառնալիություն կար դաջված:
— Պատմի՛ր, ես հետ չեմ պտտվի, բայց իմացի՛ր, որ պատմելով՝ ինձ էլ ես մասնիկ դարձնում քո պատմությանը, ես այլևս երբեք չեմ կարողանալու դուրս գալ քո հյուսած կտավի շրջանակից,— նա իջեցրեց ձեռքը՝ գլուխը թողնելով աղջկա սառցե ափերի մեջ,— ես հետ չեմ պտտվի, որքան էլ անդառնալի լինեն դրա հետևանքները...
Լուսնի աղոտ լույսը, մոգական երանգներ հագած, կանգ առավ այդ երկուսի վրա, ու թվում էր՝ ժամանակն էլ երբեք չի վերադառնալու իր բնականոն ընթացքին:
Աննակենի պատմությունը սովորական պատմություն չէր. դա մի անվերջ երգ էր ցավի, կորուստների ու անելանելիության մասին:
Նա պատմում էր Հավերժական սահմանից այն կողմ ապրած իր խաղաղ մանկության, աստղազարդ երկնքի տակ անցկացրած բազում ամառային գիշերների, մեծ մորից սովորած մոգական գաղտնիքների, ճահիճներում հանդիպող արտասովոր արարածների հետ խաղալու և էլի շատ բաների մասին: Պատմում էր պատանեկան սերերի, դավաճանության, անձնական կորուստների ու թախիծի մասին, իրենից ու իր կյանքից փախչեով` սահմանի այս կողմում հայտնվելու և հավերժ օտար լինելու մասին: Նա երգում էր չստացված երազանքների մասին, որ կարող էին և իրականություն լինել, երգում էր չապրած զգացմունքների ու սրտի սպիացած վերքի մասին:
Երգում էր դյութիչ, ինչպես մի սիրեն:
Գիսանեն լսում էր ու լսում: Աննակենը, բաց չթողնելով ծանրացող գլուխը, տանում էր Գիսանեին իր պատմության աշխարհներով, մերթ ցույց էր տալիս հիշողություններում դաջված` ազատ տափաստաններում թափառող վայրի նժույգների երամակները, մերթ ման էր ածում նրան Քարե կամուրջների քաղաքում, ուր բոլորից թաքուն դեռ վիշապներին էին երկրպագում:
Կանգ առած ժամանակը երևի կարելի կլիներ հաշվել շաբաթներով ու ամիսներով, մինչ Աննակենը Գիսանեին պտտում էր իր անցյալի փակուղիներով, ցույց տալիս ամեն ծակուծուկ, լաց լինում, զայրանում ու ծիծաղում հաճախ:
Նա պատմում էր մարդկանց օգնելու իր առաքելության, անվերջ չհասկացված լինելու, հեռավոր անցյալի վախերի, զնդաններում անցկացրած մաշող օրերի, համակերպվելու, անելանելիության և էլի շատ ու շատ բաների մասին:
Իսկ ժամանակը, խճճված մոգական հմայիլի թաքնագրերի պտույտներում, միտք էլ չուներ վերսկսելու իր ընթացքը:
Աղբյուրը՝ Հայկ Հովյան, Գիսանե․ հավերժական կայսրությունը, Երևան, Զանգակ, 2024: