․․․առաջին հայացքից գուցե և հանդուգն թվացող, բայց ըստ էության բնական մտքի, ինչու՞ չեմ կարող լինել բազմաթիվ ասացողներից մեկը, ես էլ նրանց պես իմ ժողովրդի զավակն եմ...
Սուրեն Քոչարյան
«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը կամ «Սասունցի Դավիթ» ժողովրդական հերոսական էպոսը ներշնչել է հայ գրողներին, նկարիչներին, քանդակագործներին, ռեժիսորներին, դերասաններին նոր կերպ, նոր շունչ ու ձևեր ստացել արվեստի տարբեր ճյուղերում։ Գեղարվեստական այս նոր կերպավորումների մեջ ու միջոցով էլ էպոսը էլ ավելի է տարածվել ու սիրվել թե՛ մեզանում, և թե՛ այլալեզու միջավայրերում։
Ազգային էպոսի հանրահռչակման մեջ մեծ ներդրում ունեն դերասան Սուրեն Քոչարյանի(1904-1979 թթ․) կատարում-ներկայացումները։ ԽՍՀՄ ամբողջ տարածքում և նաև արտերկրում ճանաչված ու սիրված դերասանի շնորհիվ բեմական-ասմունքային նոր շունչ են ստացել Էպոսն ու ժողովրդական հեքիաթները, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» և Գաբրիել Սունդուկյանի պիեսները, Հոմերոսի «Ոդիսականն» ու Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։
Ծնվելով Թիֆլիսում, դերասանական բարձրագույն կրթություն ստանալով Մոսկվայում, Սուրեն Քոչարյանը 1930-ական թթ․ վերադառնում է Երևան։ Որոշ ժամանակ աշխատում այստեղ, ապա կրկին վերադառնում և հաստատվում Մոսկվայում։ Այս տարիներին էլ՝ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական շրջանում, անդրադառնում է էպոսին։ 1936 թ․ Ս․ Քոչարյանը ներկայացնում է հատված Վաղարշ Վաղարշյանի «Սասունցի Դավիթ» ողբերգությունից։ Մենաներկայացումը հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում։ Ջերմ ընդունելությունը ներշնչում է դերասանին ավելի խորությամբ ուսումնասիրել էպոսը և նոր ներկայացում բեմադրել։
Այս անգամ արդեն կատարման հիմք է դառնում էպոսի 1939 թ․ հրատարակված համահավաք բնագրի Դավթի ճյուղը։ Էպոսը բեմից ներկայացնելը շատ առումներով բարդագույն աշխատանք է, քանի որ այս ստեղծագործության էպիկական շունչը, դրամատիկական տարրերի սակավությունը հնարավորություն չեն տալիս ազատորեն վարվելու բնագրի հետ։ Էպոսը թեև դարեր շարունակ պատմվել ու երգվել է, սակայն ասացողական արվեստը երբեք չի կարելի նույնացնել բեմական խոսքի կամ ասմունքի հետ։ Էպոսի վիպասացները բնագիրը երբեք անգիր չեն անում, այլ ամեն անգամ վերստեղծում և պատմում են նորից, որոշ փոփոխություններով։ Սա իհարկե հնարավոր չէ իրականացնել երբ կատարողը գրագետ է ու էպոսի կրողը չէ, սակայն Սուրեն Քոչարյանին հաջողվել է զգալ ու փոխանցել էպոսի էությունը, նրա էպիկական հզոր շունչն ու հմայքը։ Եվ էպոսի նոր ասմունքային կերպավորման համար դերասանի համար՝ իր իսկ խոստովանությամբ, ներշնչման աղբյուր է եղել ժողովրդական ասացողական արվեստը, և նա էլ իրեն մի այդպիսի ասացող է համարել։