Գրականության պատմության մեջ քիչ են այն ստեղծագործությունները, որոնք իրենց ազդեցությամբ կարող են մրցել Յոհան Վոլգանգ ֆոն Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները»(գերմ․Die Leiden des jungen Werther) վեպի հետ։ Ռոմանտիկ ու մելանխոլիկ, կյանքն անպատասխան սիրո պատճառով ինքնասպանությամբ ավարտած երիտասարդի մասին այս սենտիմենտալ, էպիստոլյար (նամակագրական) վեպը հրատարակվել է 1774 թվականին։ Այն 25-ամյա Գյոթեի երկրորդ նշանավոր գործն էր։
Վերթերի էֆեկտը կամ համախտանիշը
Այն մեծ հռչակ է բերում հեղինակին և մեծ ազդեցություն թողնում ընթերցողների վրա։ Ընդորում, այդ ազդեցությունը արտահայտվում է ոչ միայն նմանատիպ ստեղծագործությունների ի հայտ գալով, այլ ունենում անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներ․ ամբողջ եվրոպայում երիտասարդների ինքնասպանությունների մի աննախադեպ ալիք է բարձրանում։ Հետագայում, արդեն 20-րդ դարի 70-ական թվականներին սոցիոլոգ Դեյվիդ Ֆիլիփսը լրատվամիջոցներով կամ գրականության միջոցով ներկայացվող ինքնասպանության զանգվածային ընդօրինակումների երևույթին տալիս է «Վերթերի էֆեկտ» կամ «Վերթերի համախտանիշ» անունը։
Ինչո՞ւ էր Նապոլեոնն անհամոզիչ համարում Վերթերի ինքնասպանությունը
«Ինչո՞ւ եք դուք դա արել։ Չէ՞ որ դա անբնական է», -ասում է Նապոլեոն Բոնապարտը
Բացի գեղարվեստական մեծ արժանիքները այս վեպը հայտնի է նաև նրանով, որ այն Նապոլեոն Բոնապարտի սիրելի գիրքն էր։ Ֆրանսիայի կայսրը այն ընթերցել էր յոթ անգամ, ավելին, այնտեղ որոշ բացթողումներ տեսել։ 1808 թվականին հոկտեմբերի 2-ին Էրֆուրտ քաղաքում, հատուկ վեպի մասին զրուցելու համար Նապոլեոնը հանդիպում է Գյոթեի հետ։ Այս մասին հետագայում պատմում է հեղինակը և ավելացնում, որ Նապոլեոնին անհամոզիչ է թվացել վեպի շատ որոշակի մի հատված։ Գյոթեն հետագայում տարբեր առիթներով խոսում է այդ զրույցի մասին, սակայն այդպես էլ չի բացահայտում, թե որ հատվածի մասին է խոսքը։ Այս հանելուկը տարակարծությունների տեղիք է տվել, սակայն ուսումնասիրողներն ի վերջո եկել են այն եզրակացության, որ խոսքը ոչ թե ինքնասպանության հոգեբանական համոզչականության, կամ վեպի գեղարվեստական առանձնահատկություններին է վերաբերում, այլ ինքնասպանության որոշակի հանգամանքներին։
Վերթերի աջ աչքն ու ատրճանակը
Այսպես, Լոտտեի նկատմամբ անպատասխան սիրուց տառապող հերոսի պատմությունը թեև ինքնակենսագրական հիմք ունի, սակայն ինքնասպանության դրվագի համար հիմք է հանդիսացել հեղինակի ծանոթ՝ Կառլ Վիլհելմ Իերուզելեմի մահը։ Նա նույնպես տառապում էր ամուսնացած կնոջ նկատմամբ սիրուց և ինքնասպան է լինում ատրճանակից աջ աչքին կատարված կրակոցով։ Նույնը Գյոթեն ներկայացնում է վեպում։ Սակայն խնդիրն այն է, որ եթե Կառլը այն ժամանակվա ծանր ու մեծ ատրճանակով ինքնասպանությունը նախապատրաստելու ժամանակ ու հնարավորություն ուներ, ապա «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում հեղինակը հերոսի համար այդպիսի պայմաններ չի ստեղծում։ Նախ գրքի առաջին մասում Վերթերը՝ կատակի համար ատրճանակն ուղղում է քունքին․
«․․․․վերջիվերջո ես դադարեցի նրան լսելուց, կատակասիրությունս բռնեց, և մի կտրուկ շարժումով ատրճանակի փողը աջ աչքիցս վեր՝ ճակատիս սեղմեցի։ «Թու,— ատրճանակը ճակատիցս հեռացնելով, ասաց Ալբերտը,— ինչ անմիտ բան»։ «Չէ՞ որ լցրած չի,— ասացի ես։ «Միևնույն է, անմիտ է»,— անհամբեր կտրեց նա։— «Պատկերացնել անգամ չեմ կարող, ինչպես կարող է մարդն այնքան հիմար լինել, որ իր վրա կրակի, միայն միտքն այդ մասին ինձ զզվանք է պատճառում»։
Ապա երկրորդ գրքում, թեև հեղինակը չի մանրամասնում, սակայն հերոսը նույնությամբ կրակում է հենց աջ քունքին։ Բանն այն է, սակայն, որ հնարավոր չէ մեծ ատրճանակը մոտեցնել աջ աչքին ու կրակել ցուցամատով, քանի-որ այն հնարավոր է բռնել միայն երկու ձեռքով և ձգանը քաշել բութ մատով։ Ըստ ուսումնասիրողների, հաշվի առնելով Վերթերի իմպուլսիվ բնավորությունն ու հոգեվիճակը, Նապոլեոն Բոնապարտը, որը փորձառու զինվորական էր, հենց այս սխալի մասին է հայտնում Գյոթեին։ Համոզվելու համար, թե Նապոլեոնը ճիշտ էր, թե սխալ, առաջարկում ենք կարդալ այս հիանալի ու առինքնող վեպի եզրափակիչ հատվածը։
Երիտասարդ Վերթերի տառապանքները
(հատված)
Նա անկողին մտավ ու երկար քնեց։ Մառան գտավ Վերթերին գրասեղանի մոտ՝ գրելիս, երբ հետևյալ առավոտյան նրա կանչով սուրճ մատուցեց նրան։ Ահա թե ինչ էր ավելացրել նա Լոտտեին ուղղված նամակին.
«Ուրեմն վերջին, վերջին անգամ եմ բացում այս աչքերը։ Ավաղ, նրանք այլևս չեն տեսնելու արևը, քանի որ մռայլ, մշուշոտ մի օր թաքցրել է նրան իր ետևում։ Ուրեմն, թախծիր, բնություն, քո որդին, քո բարեկամը, քո սիրահարը իր վախճանին է մոտենում։ Սա մի զգացում է, Լոտտե, որ իր նմանը չունի, և թերևս միայն խառը երազի հետ կարելի է համեմատել, երբ կարող ես քեզ ասել. սա վերջին առավոտդ է: Վերջին։ Ինձ համար անհասկանալի է այս բառը, Լոտտե. «վերջին»։ Այսօր կանգնած եմ իմ բոլոր ուժերով առլեցուն, իսկ վաղը անզգա տարածված կլինեմ գետնին։ Մեռնել։ Ի՞նչ է նշանակում, մեռնել։ Գիտե՞ս ինչ, մենք ցնորամտում ենք մահվան մասին խոսելիս։ Ես շատ եմ տեսել, թե ինչպես են մեռնում մարդիկ, բայց մարդն ի բնե այնքան սահմանափակ է, որ չի կարող ըմբռնել իր գոյության սկիզբն ու վախճանը։ Այժմ ես դեռ ինձ եմ պատկանում, քեզ եմ պատկանում։ Այո, քեզ, իմ սիրելիս։ Իսկ մի վայրկյան անց... անջատված, բաժանված... և երևի ընդմիշտ... Բայց ոչ, Լոտտե, ոչ... Ինչպե՞ս կարող եմ ես ոչնչանալ, ինչպե՞ս կարող ես դու ոչնչանալ։ ՉԷ՞ որ մենք կանք... Ոչնչանալ... Ի՞նչ է նշանակում ոչնչանալ։ Սա էլ միայն մի բառ է, դատարկ մի հնչյուն, որ երբեք ոչինչ չի ասում սրտիս... Մեռած, Լոտտե, ու թաղված հողում, նեղ ու խավարչտին... Ես մի ընկերուհի ունեի, որն ինձ համար ամեն ինչ էր պատանեկությանս համեստ օրերին, նա վախճանվել է. ես ուղեկցեցի նրա աճյունը և կանգնել էի գերեզմանի մոտ, երբ իջեցնում էին դագաղը նրա, և պարանները խշխշալով դուրս սողացին դագաղի տակից ու վեր բարձրացան, հետո թափվեցին հողակոշտերը առաջին բահից և ահավոր արկղը խուլ արձագանքեց, հետո գնալով ավելի ու ավելի խուլ՝ մինչև ի վերջո, լրիվ ծածկվեց։ Ես գետնին ընկա գերեզմանի մոտ... Ես ազդված էի, ճնշված, ահաբեկված, ցնցված մինչև հոգուս խորքը, բայց չէի հասկանում, թե ինչ է եղել ինձ... և ինչ է լինելու... մահ, գերեզման... ինձ համար այս բառերն անհասկանալի են։
Օ, ներիր ինձ, ներիր։ Երեկ։ Այն պահը, վերջինը պետք է լիներ իմ կյանքում։ Օ, հրեշտակ իմ, առաջին անգամ, առաջին անգամ, առանց ոչ մի վարանման երանելի միտքը կրակի պես անցավ իմ ողջ էությամբ, նա սիրում է ինձ, նա սիրում է ինձ։ Իմ շուրթերին դեռ այրվում է այն սրբազան կրակը, որ քո շուրթերից հորդեց դեպի ինձ. և նոր ջերմ երանությամբ լցրեց իմ հոգին։ Ներիր ինձ, ներիր ինձ։
Ախ, ես գիտեի, որ սիրում ես ինձ, գիտեի առաջին հոգեթով հայացքից, առաջին ձեռքի հպումից, և, այնուամենայնիվ, երբ ամեն անգամ ես հեռանում էի, իսկ Ալբերտը շարունակ մնում էր կողքիդ, վհատվում էի տանջող կասկածից։
Հիշո՞ւմ ես այն ծաղիկները, որ ուղարկել էիր ինձ, երբ այն գարշելի հասարակության մեջ չկարողացար մի բառ ասել, կամ ձեռքդ ինձ մեկնել։ Օ, ես գիշերվա կեսը ծնկաչոք նրանց առջև եմ անցկացրել, չէ՞ որ նրանք քո սիրո երաշխիքն էին։ Սակայն, ավաղ, բոլոր այդ տպավորությունները չքացան, ինչպես ամենազորի ողորմածության գիտակցությունն է հետզհետե մարում հավատացյալի հոգում, որ երկնային առատությամբ հղվել էր նրան սրբազան ու բացահայտ երևույթներով։
Ամեն բան անցողիկ է, բայց հավիտենականությունն անգամ չի կարող մարել այն կենսական հուրը, որ երեկ ըմպեցի ես քո շուրթերից և շարունակում եմ զգալ իմ մեջ. նա սիրում է ինձ։ Այս ձեռքը գրկել է նրան, այս շուրթերը սիրո խոսքեր շշնջալով, թրթռացել են նրա շուրթերին։ Նա իմն է, այո, դու իմն ես, Լոտտե, հավիտյան իմը։
Հետո՞ ինչ, որ Ալբերտը քո ամուսինն է։ Ամուսինը։ Նա միայն այս աշխարհում է քո ամուսինը, ուրեմն միայն այս աշխարհում է մեղք, որ ես սիրում եմ քեզ ու երազում եմ խլել նրա գրկից քեզ ու իմ կրծքին սեղմել։ Մե՞ղք։ Թող մեղք լինի, ես պատժում եմ ինձ այդ մեղքի համար ես այն ըմբոշխնել եմ նրա ողջ երկնային վայելքով և նրա հետ կենսական բալասան և ուժ ներծծել։ Այս վայրկյանից սկսած դու իմն ես, օ, Լոտտե, իմը։ Ես առաջինն եմ հեռանում, գնում եմ իմ երկնային հոր, քո երկնային հոր մոտ։ Նրա մոտ կողբամ իմ վիշտը, և նա կմխիթարի ինձ մինչև քո գալը, ես կթռչեմ քեզ ընդառաջ, կգրկեմ քեզ և այդ հավիտենական գրկախառնության մեջ կհարատևենք Ամենազորի մոտ։
Սա ոչ ցնորք է, ոչ էլ երազ։ Մահվան շեմին ինձ համար ամեն բան ավելի պարզ է դարձել։ Մենք լինելու ենք։ Մենք տեսնվելու ենք, տեսնելու ենք մորդ, ես տեսնելու եմ մորդ, ճանաչելու եմ նրան՝ քո մոր, քո կրկնօրինակի առջև սիրտս եմ բացելու»։
Ժամը տասնմեկին մոտ Վերթերը հարցրեց իր ծառային, վերադարձել է արդյոք Ալբերտը։ Ծառան պատասխանեց, որ վերադարձել է, նա տեսել էր, ինչպես են նրա ձիուն ման ածում։ Լսելով այս, Վերթերն իր ծառային մի բաց երկտող տվեց հետևյալ բովանդակությամբ.
«Արդյոք չէի՞ք տրամադրի ինձ ձեր ատրճանակները առաջիկա ճանապարհորդությանս համար։ Ամենայն բարեկեցություն եմ մաղթում ձեզ»։
Լոտտեն շատ վատ էր քնել վերջին գիշերը. այն, ինչից նա վախենում էր, վճռվեց և վճռվեց այնպես, որ նա ոչ նախատեսել կարող էր, ոչ էլ սպասել։ Նրա սովորաբար մաքուր ու հանդարտ հոսող արյունը խռովված էր տենդագին, հազար տեսակ զգացմունքներ տանջում էին նրա հոգին։ Բայց արդյո՞ք սա Վերթերի գրկի կրակը չէր, որ զգում էր նա իր կրծքում, թե՞ նրա հանդգնությունից ծագած դժգոհությունն էր. թերևս նա վրդովվում էր, համեմատելով իր ներկա վիճակը այն օրերի պարզամիտ ու անխռով անմեղության և անհոգ ինքնավստահությա՞ն հետ։ Ինչպե՞ս պիտի դիմավորի ամուսնուն, ինչպե՞ս պիտի խոստովանի նրան կատարվածը, թեև հրաշալի կարող էր խոստովանել և միևնույն ժամանակ չէր համարձակվում խոստովանել։ Նրանք երկուսն էլ այնքան երկար լռեցին, իսկ հիմա նա առաջի՞նը պետք է խախտի այդ լռությունը, այն էլ ամենաանհամապատասխան ժամանակ ամուսնուն այդպիսի մի խոստովանություն անելով։ Նա վախենում էր, որ Վերթերի այցելության լարն արդեն տհաճ տպավորություն է թողնելու նրա վրա, հիմա էլ այս անսպասելի աղետը։ Կարո՞ղ էր, արդյոք, հուսալ, որ ամուսինը միանգամայն ճշմարիտ լույսի տակ կտեսնի և առանց որևէ կանխակալ կարծիքի կընդունի կատարվածը, և կարո՞ղ է, արդյոք, ցանկանալ, որ ամուսինը թափանցի իր հոգին։ Եվ, միևնույն ժամանակ, կարո՞ղ է, արդյոք, խորամանկել մի մարդու հետ, որի առջև միշտ բյուրեղապակու պես պարզ ու մաքուր է եղել և որից երբեք իր զգացմունքները չի թաքցրել և չէր էլ կարող թաքցնել։ Այս հակասական զգացմունքները մտահոգում ու խռովում էին նրա հոգին, իսկ մտքերը շարունակ Վերթերին էին վերադառնում, որն այլևս կորսված էր իր համար։ Նա չէր կարող լքել Վերթերին և, ցավոք, ստիպված էր լքել, իսկ Վերթերը, կորցնելով Լոտտեին, ամեն բան էր կորցնում։
Թե որքան ծանր էր իր և ամուսնու միջև ստեղծված անջրպետը անդրադառնում իր վրա, Լոտտեն ինքն էլ չէր գիտակցում։ Հայտնի պատճառով տեղի ունեցած թաքուն պառակտումը սկսել էր նման ազնիվ ու խելացի մարդկանց միջև թերասության տեղիք տալ, նրանցից ամեն մեկը գնալով համոզվում էր իր իրավացիության և մյուսի անիրավացիության մեջ, և այսպիսով հարաբերությունները այնպես էին գրգռվում ու խճճվում, որ ճակատագրական պահին, որից ամեն բան էր կախված, հանգույցն արձակելն անհնարին էր դառնում։ Եթե երջանիկ անկեղծության մի պահի նրանց համերաշխությունը վերականգնվեր, եթե նրանց մեջ փոխադարձ սերն ու զիջողականությունը վերստեղծվեին, և նրանց փակված սրտերը մի պահ բացվեին, թերևս մեր բարեկամը փրկվեր։
Մի արտասովոր հանգամանք էլ էր խառնվում սրան։ Ինչպես գիտենք. Վերթերի նամակներից, նա երբեք չէր թաքցնում, որ ուզում է լքել այն աշխարհը։ Ալբերտը հաճախ էր վիճում նրա հետ սրա դեմ, և Լոտտեն ու ամուսինն էլ երբեմն անդրադառնում էին այս հարցին։ Ալբերտը, որ վճռական հակակրանք էր տածում նման արարքի նկատմամբ, իր բնավորությանը անհարիր գրգռվածությամբ պնդում էր հաճախ, թե նման մտադրության լրջաթյունը կասկածի տակ առնելու պատճառ ունի. նա նույնիսկ կատակներ էր անում այս կապակցությամբ և իր թերահավատությունը Լոտտեին էր ներշնչում։ Սա մի կողմից որոշ չափով հանգստացնում էր Լոտտեին, երբ նրա միտքը ողբերգական տեսարան էր պատկերում, մյուս կողմից՝ խանգարում էր նրան բաժանել ամուսնու հետ այն տագնապները, որ տանջում էին նրան այժմ։
Ալբերտը վերադարձավ, և Լոտտեն փութկոտ ու շփոթված նրան ընդառաջ գնաց, նա ուրախ չէր, գործը չէր հաջողվել, հարևան պաշտոնյան մի համառ, մանրախնդիր մարդ էր դուրս եկել։ Վատ ճանապարհը խորացրել էր նրա սրտնեղությունը։
Ալբերտը հարցրեց, արդյոք ոչինչ չի պատահել. և Լոտտեն փութկոտ պատասխանեց. Վերթերն երեկ երեկոյան այստեղ է եղել։ Ալբերտը հարցրեց, արդյոք նամակ չի ստացվել և պատասխան ստացավ, թե մի բաց նամակ և մի քանի ծրար նրա սենյակում են գտնվում։ Նա գնաց իր սենյակը, և Լոտտեն մենակ մնաց։ Ամուսնու ներկայությունը, որին նա սիրում էր ու հարգում, նոր զգացմունքով լցրեց նրա հոգին։ Միտքը ամուսնու ազնվության, նրա սիրո ու բարության մասին խաղաղեցրեց նրա սիրտը, և նա մի պահանջ զգաց նրան հետևելու, Լոտտեն վերցրեց իր աշխատանքն ու, ինչպես առաջներում, գնաց նրա առանձնասենյակը։ Նա ամուսնուն զբաղված գտավ. բաց էր անում ծրարներն ու կարդում։ Դրանցից մի քանիսն այնքան էլ հաճելի չէին թվում։ Լոտտեն մի քանի հարց տվեց նրան, որոնց նա կարճ պատասխաններ տվեց, հետո մոտեցավ գրակալին ու սկսեց գրել։
Այսպես, իրար կողքի նրանք մնացին մոտ մի ժամ։ Լոտտեի հոգին գնալով ավելի ու ավելի մռայլվեց։ Նա զգում էր, թե որքան դժվար կլիներ իր համար, նույնիսկ եթե ամուսինը ամենալավ տրամադրության լիներ, բաց անել նրա առջև այն, ինչ ծանրացել էր իր սրտին։ Նրան համակեց մի թախիծ, որ գնալով ավելի տանջալից էր դառնում, քանի որ աշխատում էր թաքցնել այն և զսպել արտասուքը։
Վերթերի ծառայի հայտնվելը ծայրաստիճան հուզեց նրան, ծառան Ալբերտին մեկնեց երկտողը, սա հանգիստ դարձավ կնոջն ու ասաց. «Ատրճանակները տուր իրեն։ Բարի ճանապարհ եմ մաղթում նրան»,– ասաց նա ծառային։ Դա որոտի պես պայթեց Լոտտեի գլխին, նա օրորվելով վեր կացավ տեղից, նա չգիտեր, ինչ պատահեց իրեն։ Դանդաղ մոտեցավ պատին, դողացող ձեռքով իջեցրեց զենքը, սրբեց փոշին, հապաղեց տալ և երևի երկար կվարաներ, եթե Ալբերտի հարցական հայացքը չշտապեցներ նրան։ Չկարողանալով բառ անգամ արտասանել, նա օրհասական զենքը մեկնեց ծառային, և երբ սա դուրս եկավ տնից, հավաքեց աշխատանքն ու անասելի տառապալից վիճակում դիմեց իր սենյակը։ Նրա սիրտը ամեն տեսակ սարսափներ էր կանխագուշակում։ Երբեմն նա պատրաստ էր ընկնել ամուսնու ոտքերը, ամեն բան խոստովանել, պատմել երեկ երեկոյան պատահածը, իր մեղքն ու իր կանխազգացումը։ Բայց իսկույն էլ տեսնում էր իր նախաձեռնության անիմաստությունը. նա չէր կարող ամենաչնչին հույսն անգամ ունենալ, որ կկարողանա համոզել ամուսնուն Վերթերի մոտ գնալ։ Սեղանը ծածկված էր, և մի լավ բարեկամուհի, որ եկել էր միայն մի բան հարցնելու և ուզում էր իսկույն հեռանալ... մնաց և սեղանի շուրջը տեղի ունեցող զրույցը տանելի դարձրեց, ակամա ստիպված էին ճիգ գործ դնել, խոսել, պատմել և մոռացության տրվել։
Ծառան ատրճանակները բերեց Վերթերին, նա ոգևորությամբ ընդունեց դրանք, երբ լսեց, որ Լոտտեն է տվել իրեն։ Նա կարգադրեց հաց ու գինի բերել, ծառային ճաշելու ուղարկեց և նստեց նամակ գրելու։
«Սրանք քո ձեռքով են անցել, դու մաքրել ես սրանց փոշին, ես հազար անգամ համբուրում եմ սրանք, դու դիպել ես սրանց, և դու, երկնային ոգի, հովանավորում ես իմ վճիռը, և դու, Լոտտե, զենք ես ինձ պարզում, դու, որի ձեռքից երազում էի ես մահս ընդունել, և ահա ընդունում եմ այն։ Օ, ես ամենայն մանրամասնությամբ հարց ու փորձ եմ արել ծառային։ Դու դողդողացել ես ատրճանակները նրան մեկնելիս, դու «գնաս բարով» չես ասել... Վայ ինձ, վայ. «գնաս բարով» չես ասել... Մի՞թե սիրտդ փակել ես ինձ համար միայն այն մի պահի պատճառով, որն առհավետ կապել է ինձ քեզ հետ։ Կանցնեն հազարամյակներ և չեն կարողանա ջնջել նրա հետքը իմ սրտից։ Եվ զգում եմ, որ դու չես կարող ատել նրան, ով այսպես այրվում է քեզ համար»։
Ճաշից հետո նա կարգադրեց ծառային ամեն բան վերջնականապես հավաքել, բազմաթիվ թղթեր պատառոտեց և տնից դուրս եկավ մանր պարտքերը մարելու։ Հետո վերադարձավ, նորից դուրս եկավ տնից և, չնայելով անձրևին, դուրս եկավ քաղաքից ու մտավ կոմսի զբոսայգին, թափառեց շրջակայքում և, երեկոյան դեմ վերադառնալով, նստեց գրելու։
«Վիլհելմ, վերջին անգամ տեսա դաշտը, անտառն ու երկինքը։ Մնաս բարով և դու։ Ներեցեք ինձ, սիրելի մայրիկ։ Սփոփիր նրան, Վիլհելմ։ Աստված օրհնի ձեզ։ Իմ բոլոր գործերը կանոնավոր են։ Մնաք բարով։ Մինչև նոր, ավելի ուրախ հանդիպում»։
«Ես քեզ վատ վարձահատույց եղա, Ալբերտ, բայց դու ինձ կներես։ Ես խաթարեցի քո տան խաղաղությունը, ես թերահավատություն սերմանեցի ձեր միջև։ Մնաս բարով։ Հիմա ես վերջ կդնեմ դրան։ Եվ թող իմ մահը երջանկություն բերի ձեզ։ Ալբերտ, երջանկացրու այդ հրեշտակին։ Եվ թող աստծո օրհնությունն անպակաս լինի քեզնից»։
Ամբողջ երեկո նա տակնուվրա էր անում իր թղթերը, նրանցից շատերը պատռում ու բուխարին նետում, մի քանի ծրար կնքեց ու վրաները Վիլհելմի հասցեն գրեց։ Դրանք փոքրիկ նշումներ, մտքի պատառիկներ էին պարունակում, որոնցից մի քանիսը ես տեսել եմ. ժամը տասին կարգադրեց փայտ նետել բուխարին, իրեն մի շիշ գինի բերել, հետո քնելու ուղարկեց ծառային, որի խուցը, ինչպես և տանտերերի ննջարանները ետին բակին էին նայում։ Ծառան շորերով պառկեց քնելու, որպեսզի առավոտյան վաղ պատրաստ լինի, պարոնն իրեն ասել էր, որ փոստային ձիերը ժամը վեցին դռան առաջ են լինելու։
«Ամեն ինչ այնքան խաղաղ է իմ շուրջը և հոգիս՝ այնքան հանդարտ։ Շնորհակալ եմ քեզ, տեր աստված, որ այս վերջին վայրկյաններին այս ջերմությունն ու ուժն ինձ շնորհեցիր։
Ես մոտենում եմ պատուհանին, սիրելիս, նայում եմ դուրս ու ահեղ, սրընթաց սլացող ամպերի միջից հավիտենական երկնքի թաքութաք աստղերը տեսնում։ Ոչ, դուք երբեք վար չեք ընկնի։ Ամենազորն իր կրծքին է պահում ձեզ ու ինձ։ Տեսնում եմ Մեծ արջի համաստեղությունը, որ ամենահաճելին է բոլոր համաստեղությունների մեջ։ Երեկոները, երբ
Տասնմեկից հետո վերադառնում էի քո մոտից, հենց որ դուրս էի գալիս դարպասից, աստղերի բույլը փայլում էր իմ դիմաց: Որքա՜ն արբեցած էի հաճախ դիտում այն, որքան հաճախ ձեռքերս պարզում դեպի այն, նրանում իմ ներկա երանության խորհրդանիշը, սրբազան հիշատակը տեսնելով։ Իսկ այն... Օ, Լոտտե, ի՞նչը այստեղ քեզ չի հիշեցնում, ե՞րբ քո շունչը ինձ չէ շրջապատում և երբ անկուշտ երեխայի պես ամեն մանրուք չէի հավաքում, որոնց քո սրբազան ձեռքն էր դիպել։
Իմ պաշտելի ստվերանկարդ։ Ես այն քեզ եմ կտակում, Լոտտե, և խնդրում եմ մեծարել այն։ Հազար–հազար համբույրներ եմ դրոշմել ես նրա վրա. հազար-հազար անգամ գլխի խոնարհումով ողջունել եմ տնից դուրս գալիս կամ տուն վերադառնալիս։
Հորդ մի երկտող եմ գրել, որով խնդրել եմ նրան հոգ տանել աճյունիս մասին։ Գերեզմանատան դաշտին հարող հեռավոր անկյունում երկու լորենի կա. այնտեղ եմ ուզում հանգչել։ Նա կարող է և կանի այդ իր բարեկամի համար։ Դու էլ խնդրիր նրան։ Ես չեմ ուզում բարեպաշտ քրիստոնյաներին խեղճ թշվառիս հարևանությամբ տհաճություն պատճառել։ Ախ, ես կուզեի, որ ինձ թաղեիք ճանապարհի եզրին կամ մենավոր մի հովտում, որպեսզի քարսիրտ լեվիտն ու քահանան, երեսները խաչակնքելով, անցնեին շիրմաքարիս կողքից, իսկ գթասիրտ սամարիացին արցունք թափեր ինձ վրա։
Արդ, Լոտտե, առանց սարսռելու ես վերցնում եմ սարսափելի, սառը գավաթը, որից խմելու եմ մահվան գինին։ Դու ես այն մեկնել ինձ, և ես չեմ վարանում։ Մինչև մրուրը, մինչև մրուրը։ Այսպես կատարվեցին կյանքիս բոլոր ցանկություններն ու հույսերը։ Այսքան սառն ու այսքան անզգա մահվան դաժան դուռն եմ ես բախում։
Օ, եթե ինձ բախտ վիճակված լիներ մեռնել հանուն քեզ, անձս զոհել քեզ համար, Լոտտե։ Ես կմեռնեի արիաբար և ուրախ, եթե կարողանայի վերականգնել կյանքիդ խաղաղությունն ու երջանկությունը։ Սակայն ավաղ, միայն հազվագյուտ ազնիվներին է տրված յուրայինների համար իրենց արյունը թափելու և իրենց մահով մտերիմներին մի նոր, հարյուրապատիկ կյանք ներշնչելու երջանկությունը։
Այս շորերով եմ ուզում, որ ինձ թաղեն, Լոտտե, դրանք սրբագործված են քո հպումով, այս նույնը ես հորդ էլ եմ խնդրել: Հոգիս արդեն սավառնում է դագաղի վրա։ Թող գրպաններս չստուգեն։ Այս բաց կարմիր ժապավենը քո կրծքին էր, երբ առաջին անգամ երեխաներով շրջապատված քեզ տեսա։ (Օ, հազար-հազար անգամ համբուրիր նրանց և պատմիր իրենց դժբախտ բարեկամի ճակատագրի մասին։ Սիրելիներս. նրանք հիմա էլ վխտում են իմ շուրջը։ Ախ, ինչպես միանգամից սիրտս կպավ քեզ և հենց առաջին պահից չկարողացա հեռանալ քեզնից...)։ Թող այս ժապավենը ինձ հետ թաղեն։ Դու այն ինձ ես նվիըել ծննդյանս օրը։ Ախ, ինչ ագահությամբ էի ըմբոշխնում այս բոլորը։ Եվ չէի մտածում, որ այստեղ է ինձ հասցնելու իմ ճամփան... Խաղաղվիր, խնդրում եմ քեզ, խաղաղվիր...
Սրանք արդեն լցրած են... Տասներկուսն է խփում։ Թող այսպես լինի... Լոտտե, Լոտտե, մնաս բարով, մնաս բարով»։
Հարևաններից մեկը տեսել էր վառոդի բռնկումը ու լսել կրակոցը, բայց քանի որ ամեն բան խաղաղ էր մնացել, այլևս ուշադրություն չէր դարձրել։
Առավոտյան ժամը վեցին ներս է մտնում ծառան մոմը ձեռքին։ Նա իր պարոնին տեսնում է հատակին, տեսնում է ատրճանակն ու արյունը։ Նա կանչում է, ձեռք տալիս պարոնին. ոչ մի պատասխան, միայն խզխզոց է լսվում։ Նա վազում է բժշկին, Ալբեըտին կանչելու։ Լոտտեն լսում է դռան զանգն ու ամբողջ մարմնով դողում։ Արթնացնում է ամուսնուն, երկուսն էլ հագնվում են, ծառան հեկեկալով ու կմկմալով հաղորդում է կատարվածը, Լոտտեն ուշաթափ ընկնում է Ալբերտի ոտքերի մոտ։
Գալով թշվառի մոտ, բժիշկը գտավ նրան հատակին, անհույս վիճակում, զարկերակը դեռ տրոփում էր, բայց ողջ մարմինն արդեն հաշմված էր։ Նա կրակել էր գլխին, աջ աչքից վեր, ուղեղը դուրս էր ցայտել։ Ձեռքի երակը բաց արին, արյունը հոսեց, նա դեռ շնչում էր։
Դատելով այն բանից, որ բազկաթոռի թիկնակին արյուն կար, կարելի էր եզրակացնել, որ նա կրակել է գրասեղանի մոտ նստած, հետո ցած է սահել և բազկաթոռի շուրջը ջղաձգորեն պտույտ գործել։ Նա ուժասպառ պառկած էր մեջքին, պատուհանի դիմաց, լիովին հագնված, երկայնաճիտ կոշիկներով, կապույտ ֆրակով ու դեղին ժիլետով։ Ողջ տունը, հարևանները, ողջ քաղաքը իրար էին անցել։ Եկավ Ալբերտը։ Վերթերին մահճակալին էին պառկեցրել, ճակատը կապել էին, դեմքն արդեն մեռածի դեմքի էր նման, նա ոչ մի շարժում չէր անում։ Թոքերից դեռ լսվում էր սոսկալի խզխըզոցը, մերթ թույլ, մերթ ավելի ուժեղ, վախճանը մոտ էր։
Գինուց նա միայն մի բաժակ էր խմել։ Գրակալի վրա բաց դրված էր «Էմիլիա Գալոտտին»։
Դժվարանում եմ պատմել Ալբերտի հուզմունքը, Լոտտեի վիշտը։
Ծեր ամտմանը, լսելով լուրը, շտապ եկավ ձիով, նա դառն արտասուք էր թափում ու համբուրում մեռնողին։ Նրանից անմիջապես հետո եկան նրա ավագ որդիները՝ ոտքով, անսահման վշտով նրանք ծունկի եկան մահճակալի մոտ. համբուրում էին Վերթերի ձեռքերն ու շուրթերը, իսկ ավագը, որը նրա ամենասիրելին էր, ի վերջո հպվեց շուրթերին և էլ չանջատվեց, մինչև Վերթերը, հոգին ավանդեց. միայն ուժով տղային կարողացան պոկել Վերթերից։ Նա վախճանվեց ցերեկվա ժամը տասներկուսին։ Ամտմանի ներկայությունն ու նրա ձեռք առած միջոցները խաղաղեցրին բազմությանը։ Նրա կարգադրությամբ Վերթերին թաղեցին գիշերը ժամը տասնմեկին մոտ, այն տեղում, որ ինքն էր ընտրել իր համար: Ծերունին ու նրա որդիները ուղեկցում էին աճյունը։ Ալբերտը ի վիճակի չէր այդ անել. Լոտտեի կյանքին վտանգ էր սպառնում։ Դագաղը արհեստավորներն էին տանում։ Ոչ մի հոգևորական չէր ուղեկցում նրան։
Բնագրի աղբյուրը՝ Յոհան Վոլգանգ ֆոն Գյոթե,
Երիտասարդ Վերթերի տառապանքները, թարգմ․ Լիլի Տեր- Մինասյանի, Երևան, 1981: