Էջմիածնի Գևորգայն ճեմարանում ուսանելու տարիներից սկսյալ Կոմիտասը Էջմիածնում ու հարակից գյուղերում տեղի բնակիչներից, ապա նաև Արևմտյան Հայաստանի գաղթականներից հազարավոր երգեր է գրառում, ուսումնասիրում, մշակում և հրատարակում։ Հայ ժողովրդական երգերի կոմիտասյան ուսումնասիրությունների մեջ առանձնանում է մեծ բանահավաքի ու երաժշտագետի «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով» ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը ոչ միայն մանրակրկիտ վերլուծում է այս աշխատանքային երգը, այլև բացառիկ ներշնչանքով ու գեղարվեստական մանրամասներով բնութագրում է հայ գյուղացու վերաբերմունքը աշխատանքային երգի նաև բնության նկատմամբ, երգերի ստեղծման ու կատարման առանձնահատկությունները։ Հոդվածը լույս է տեսել 1914 թ․ Կ․ Պոլսում, «Նավասարդ» հանդեսում։ Ներկայացնում ենք հատվածներ այդ ուսումնասիրությունից, նաև այդ գութաներգի կոմիտասյան կատարման ձայնագրությունը․
Լօռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով
(հատված)
Լօռում տակավին գործ են ածում հին ձեւի՝ նահապետական գութան։ Որովհետև, այսպիսի գութանով, առանձին վար անել չեն կարող, ուստի մի քանի տուն միանում են, տեղական ոճով ասենք, մօտկամ են դառնում, կամ՝ համկալանում՝ համկալ դառնում. մէկ գութան լծում՝ տասներկու լուծ ու փոխադարձ օգնությամբ վար անում։ Համկալ կամ մօտկամ են դառնում, բնականաբար, միմեանց առաւել համակրող ընտանիքներ։
Երբ նախապատրաստութիւնը վերջանում ու տասներկու լուծը լրանում է, որոշեալ օրը, ճաշից յետո՝ իրիկնադէմին, կազմ եւ պատրաստ, դուրս են գալիս գիւղէն ու գնում համկալների հողերը՝ հերթով վարելու եւ, սովորաբար, առաջին օրը եւ առաջին անգամին գութանամօր՝ մաճկալի արտը, այսինքն՝ այն մարդու, որին պատկանում է գութանը եւ որի հետ մօտկամ են լինում միւսները: Այդ օրը գործ են դնում հողը, այսինքն սկսում են՝ մի քանի ակօս են բաց անում, որպէսզի գիշերավարը հեշտութեամբ կատարեն։
Հողի ծայրը գնալուն պէս՝ նախ շտկում են գութանը, ապա հօտաղները լծերի վրայ են թռչում եւ յետոյ, խոփը հողի կուրծքը պատռելուն պէս, մաճկալն ասում է թիւ՝
Օխնելի Աստոծ
(Օրհեալ է Աստուած)
Յետոյ աւագ հօտաղը շարունակում է, նույնպէս թիւ՝
Ամենան ժամ, Տէր Աստոծ:
(Յամենայն ժամ, Տեր Աստուած)
Աստուած փառաբանելէն յետոյ՝ սկսում են ձայնով առաւել տալ՝ բուն գութաներգը:
Առաւել են ասում` երկու արտի միջոցում պարապ ու անմշակ մնալիք հողին։ Այդ բառը, գեղջուկի բերանում այլեւայլ, կամ, նույնիսկ միեւնույն վայրերում, հնչափոխութեան օրէնքով, այս ձեւրն է առել.
Ա. «Առաւել»ի «ա»ն ընկել է եւ դառել ռաւել.
Բ. «Ռաւել»ի «աւ»ը սղուել է ու եղել ռօել․
Գ. «Ռօել»ի «ե»ն կրճատուել է ու առաջ եկել՝ ռօլ.
եւ Դ․ «Ռօլ»ի «լ»ն ընկել է ու դարձել ռօ:
Ըստ պահանջման տեղի՝ եղանակի կամ արագութեան, երգի ընթացքում, գործ են ածում այս բառերէն մէկը կամ միւսը։
Բուն գութաներգն սկսում է, կրկին մաճկալը, կամ, երբեմն, աւագ հօտաղը եւ այն՝ վերի թիւ աղօթքի բառերով, բայց այս անգամ, նախ լծկան անասուններին է ձայնում՝ hօ՜ բացագանչելով, ապա բուն աղօթքը կցում՝ լայն ու արձակ երգելով․
Հօ՜:
Օխնելի Աստո՜ծ։
եւ մինչ մաճկալը քաշում է դեռ վերջին վանկի ձայնը, միւսները՝ բոլոր գութանաւորներն ի միասին, երգն առնում են նրա բերանից եւ աշխոյժ ու պայծառ, եռանդուն ու ազատ, ձայնակցում են եղանակելով.
Յիշելի Աստոծ:
Հօ՜, hօ՜.
Եո՛-ա՜, hօ՜, hօ՜, hօ՜, hօ՜, hօ՜:
յետոյ շարունակում են լծկաններին քաջալերող, արագ ու զուարթ ոճով.
Պռէ՛րէ, գո՛մէշ,
Հօ՜-hօ՜յ, եօ՜-ա.
Ա՛ռ, հա՛ գոմէշ,
Հօ՜-hօ՜յ, եո՜-ա.
Տա՛ր, հա՛ գոմէշ,
Հօ-hօ՜յ, եօ՜։
Նոյնը կրկնում են, այլեւայլ բառերով, երկու անգամ եւս։
Լուսը լուսացաւ
Հա՛ - հա՜
Փա՜ռք, Քե՜զ, Տէ՜ր․
Բարին շատացաւ:
Հէ՜, հէ՜, - հէ՜, օ՜-հօ՛յ՜
Եօ՜-ա՜, հօ՜-հօ՜-հօ՜, հօ՜, հօ՜։
Պռէ՛րէ, գո՛մէշ,
Հօ՜-հօ՜յ-եօ՜-ա՜․
Ա՛ռ, հա՛ գոմէշ,
Հօ՜-հօ՜յ-եօ՜-ա՜
Տա՛ր, հա՛ գոմէ՜շ,
Հօ-hօ՛յ՜, եօ՜.
Աղօթրան բացուաւ,
Հա՜ - հա՜,
Փա՜ռք, Քե՜զ, փառք.
Մեր ժամը լըցուաւ։
Հէ՜, հէ՜, - հէ՜- հէ՜, օ՜-հօ՛յ՜։
Եօ՜-ա՜, հօ՜-հօ՜-հօ՜, հօ՜, հօ՜։
Պռէ՛րէ, գո՛մէշ,
Հօ՜-հօ՜յ-եօ՜-ա՜․
Ա՛ռ, հա՛ գոմէշ,
Հօ՜-հօ՜յ-եօ՜-ա՜
Տա՛ր, հա՛ գոմէ՜շ,
Հօ-hօ՛յ՜, եօ՜.
Ապա յաջորդում է մի հանդարտիկ, քնքչիկ ու մեղմիկ եղանակ, ուր իւրաքանչիւր լծկան, անուն անուն, շոյում ու փայփայում են, այս սրտաբաց ու զեղուն բառերով .
Պռէ՛րե՜, ջա՛ն, հօ՜, պռօ՛րօ՜,
Հօ՜, պռիւգի, ջա՜ն,
Հօ՛, ռօ՜լ, ա՛յ, հօ՜, ռօ՛լ, ա՜յ,
Քե՛ մա՜տա՜ղ.
Շի՛մա՜լ, ջա՛ն, հօ՜, ռօ՜լ, ա՜յ,
Քե՜ մե՜ռնի՜մ.
Լա՜չին, ջա՛ն, հօ՜, ռօ՜լ, ա՜յ,
Հօ՛, ռօ՜լ, ա՛յ, հօ՜, ռօ՛լ, օ՜․․․։
*****
Խորհրդաւո՜ր ու պաշտելի՛ գաղտնիք․ շինականը բնութեան գրկում, բնութիւնը շինականի սրտում վերստին ու միաժամանակ ծնունդ են առնում:
Արեւն արդէն թռել, ու գիշերն իր մութն ե փռել. ցորեկը հանգել ու գիշերն է գործի կանգնել։ Յերկու ծով դէմ դէմի են ծառացել՝ կապուտակն երկնային ու զուարթուն եւ սեւուկն երկրային ու արթուն. լուսինն անցել է աստղերի գլուխը՝ հերկելու շարան ամպերը․ երգում են տարուբեր հովերը, իսկ մաճկալն անցել է գութանաւորների գլուխը՝ արթնցնելու պարարտ արտերը․ նուագում են գլգլան առուակները։ Վերեւ երկինքն է շնչում, ստորեւ՝ երկիրը․ վերն աշխատում են լուսինն ու աստղերը եւ հողմավար ամպերը, վարը՝ գութանն ու շինականը եւ գործավար եզները․ վերեւ՝ կեանքն ու ստորեւ՝ ջանքը յուզում են միտքն ու սրտի լարերը։ Շունչ է առնում շինականն ու շունչ տալիս իր շուրջը։ Թե՛ւ է առնում գութանն ու թե՛ւ տալի մշակին՝ պատռում է արտը, դիզում հողակոյտ ալիքներն աջ ու ձախ եւ ձեւում ոսկի ակօսների շարը։ Հեւո՛ւմ ե, հեւում ամբողջ վարը՝ ե՛ւ կռկում է գոմշուկը, ե՛ւ գանչում է գեղջուկը, եւ սուլում է սարի հովիկ, եւ փսփսում լեռան ծաղիկ, եւ գլգլում թոթով վտակ, իսկ գութանի ա՞կ՝ հեծում, լալիս, ծլվլում, մխկտում, ճռճռում ու ճլվոտում է։ Շինական կեանքի մութն ու լոյսը, գործն ու յոյսը ծնում են մեր գողտրիկ գութաներգը:
Շինականն այն կախարդ վարպետն է, որ կարդում է, հարազատօրէն բնութիւնը, ստեղծում բազմաբեղուն մտքեր, նոցա փչում է իր հզօր ու պարզ չունչը, դրօշմում է իր բնաւորութեան էականով՝ ներքին և արտաքին լրիւ կեանքով եւ կնքում է բառերով ու եղանակով իր հարազատ զաւակը գութաներգը:
Բնագրի աղբյուրը՝ Կոմիտաս, Ուսումնասիրութիւններ եւ յօդվածներ, Գիրք Բ։