Մի օր Սարոյանին հարցնում են, թե ժամանակակից գրողներից ում է ամենաշատը սիրում: Նա, առանց ավելորդ համեստության, միանգամից ասում է՝ իհարկե ինձ:
Վիլյամ Սարոյանը նշում էր, որ մեծապես ազդվել է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից, և իր շատ գործեր ստեղծել է Շեքսպիրի ազդեցությամբ: Նա նույնիսկ կես կատակ, կես լուրջ ասում էր, որ իր և Շեքսպիրի մեջ այնքան շատ է հարազատությունը, որ իրենց անվան սկզբնատառերն են անգամ նույնը W.S. (William Shakespeare և William Saroyan):
Նախապատմություն.«Կորուսյալ սերնդի» գրողներ
Այս բնորոշումը, որի հեղինակն է քննադատ Գերտրուդ Սթայնը, տրվել է ամերիկյան և արևմտաեվրոպական այն գրողներին, որոնք անդրադարձել են Առաջին աշխարհամարտին, իրենց գործերում արտահայտել խորը հիասթափությունը քաղաքակրթությունից, ներկայացրել իդեալների կորուստը, մարդու օտարումը հանրույթից և սովորական, պարզ մարդկային կյանքով ապրելու անհնարինության դժբախտությունը։ «Կորուսյալ սերնդի» ներկայացուցիչներ են համարվում Էռնեստ Հեմինգուեյը, Ուիլյամ Ֆոլքները, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Էրիխ Մարիզ Ռեմարկը և այլք:
Հեմինգուեյն այս բնորոշումը օգտագործում է որպես բնաբան իր «Եվ ծագում է արևը» վեպում (1926 թվական)։
«Կորուսյալ երկրորդ սերնդի գրողներ»
Պատերազմից հետո դժվար այլ ժամանակներ եկան. 1929–1939 թթ. վրա հասավ Մեծ դեպրեսիան՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում: Հենց այդ ընթացքում սկսեց ստեղծագործել գրողների մի խումբ, որոնց պայմանականորեն տրվեց «Կորուսյալ երկրորդ սերնդի գրողներ» անվանումը (Հարլեն Հեթչերի բնորոշումն է): Այս սերնդի գրողներից էր համարվում նաև մեր հայրենակից Վիլյամ Սարոյանը, որի պատմվածքների առաջին ժողովածուն լույս տեսավ 1934 թվականին՝ «70 հազար ասորիներ» վերնագրով:
Սարոյանի առաջին գիրքը մեծ իրարանցում առաջացրեց գրական կյանքում: Գրաքննադատները սիրով ու ջերմությամբ ընդունեցին նրա մուտքը գրականություն. «Կարճ պատմվածքի ժանրում նոր ու վառ անուն: Տարիներ շարունակ կարճ պատմվածքի հեղինակներից ոչ ոքի չէր հաջողվել այս տեսակ համընդհանուր հետաքրքրություն և իրարանցում ստեղծել իր շուրջ: Նա ամենաքննարկվող և պահանջված երիտասարդ գրողն է Ամերիկայում: Նրա տաղանդը նույնքան վառ է, որքան Ֆոլքներինը, Դրայզերինը և Լարդներինը»:
Սարոյանի ազդեցությունը 20-րդ դարի 30-40-ականների գրական կյանքի վրա շատ մեծ էր: Մեծ դեպրեսիայի տարիներին նրա լուսավոր գրականությունն օգնում էր հուսահատ մարդկանց: Հենրի Միլլերը, Չարլզ Բուկովսկին և շատ այլ գրողներ էին հիանում Սարոյանով: Շատերը, բայց ոչ Հեմինգուեյը:
Եվ ահա թե ինչու
«70 հազար ասորիներ» գրքում Սարոյանն իրեն թույլ էր տվել որոշ վիրավորական արտահայտություններ Հեմինգուեյի հասցեին: Սա արդեն հայտնի գրողը ներել չէր կարող, մանավանդ որ նորահայտ Սարոյանի ձեռագիրը նմանեցնում էին իր պարզ ու անկրկնելի ոճին. ինչպիսի՜ հանդգնություն:
1935թ. Esquire-ի հունվարյան համարին տված հարցազրույցում Հեմինգուեյը շատ վիրավորական արտահայտվեց Սարոյանի մասին՝ նրան անվանելով «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրող:
Ամեն ինչ ավելի սրվեց...
...երբ մի հայտնի լրագրող իր հոդվածում գրեց. «Թեպետ Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրան ավելի լավ է հաջողվում, քան հենց իրեն՝ Հեմինգուեյին»:
Հեմինգուեյն էլ այս ամենի արդյունքում մի տեղ մի այսպիսի հեգնախառը խորհուրդ ուղղեց Սարոյանին. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»:
Սարոյան-Հեմինգուեյ. նման ու տարբեր
Հեմինգուեյին և Սարոյանին իրար կողքի դնելը, ոճերը համեմատելը գուցե ինչ-որ առումով արդարացված էր, ստեղծագործական կյանքի սկզբում Սարոյանի ոճը իրոք նման էր Հեմինգուեյի ոճին, սակայն շատ կարճ ժամանակ անց Սարոյանը հղկեց ու ստեղծեց այնպիսի յուրահատուկ ձեռագիր, որը ստացավ հենց «սարոյանական ոճ» ձևակերպումը:
Սրա վառ ապացույցը 1940 թվականի Պուլիտցերյան մրցանակն էր, որից (10,000 ԱՄՆ դոլար) Սարոյանը որոշեց հրաժարվել:
Հեմինգուեյը այս դրվագն աննկատ չթողեց «Արդյոք արժե՞ր 14 տարի հետո կրկնել Սինկլեր Լյուիսի քայլը։ Չէ՞ որ բոլորը չէ, որ Պուլիտցերյան մրցանակից հրաժարվելուց հետո Նոբելյան մրցանակ են ստանում» (Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիտցերյանից, իսկ 4 տարի անց ստացել էր Նոբելյան մրցանակ):
Հեմինգուեյը Պուլիտցերյան մրցանակի ևս արժանացավ, բայց շատ տարիներ անց միայն՝ 1953-ին, իսկ արդեն հաջորդ տարի՝ 1954-ինՆոբելյան մրցանակը մեծն Հեմինգուեյինն էր: Իսկ ահա Սարոյանը Նոբելյան մրցանակ այդպես էլ չի ստացել:
Նա Նոբելյան մրցանակ չստացավ, իսկ ահա Հեմինգուեյը վերոնշյալ հեգնանոտ արտահայտության համար համարժեք արձագանքը ստացավ. «…Անգամ եթե նա հիմարի մեկն է, գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է իրական դեպքերի մասին...»:
Չի ուշանում նաև Հեմինգուեյի պատասխանը. «Աստված վկա, պարո՛ն Սարոյան, Ձեզանից ավելի լավ մարդիկ էլ են եղել, եղել են ու անհետացել»:
Գրողներին համեմատելու և մրցակցության մեջ դնելու հերթական առիթը ստեղծվեց 1943-ի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ
Երկու գրողների սցենարներով նկարահանված ֆիլմերն էլ առաջադրվում են Օսկարի: Մրցանակ ստանում է Սարոյանը՝ «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար: Իսկ ահա Հեմինգուեյի «Ո՞ւմ համար է ղողանջում զանգը» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը մրցանակ չի ստանում: Սա ևս մեկ առիթ էր նրանց համեմատելու և լարվածություն ստեղծելու:
Ծեծկռտուքներ. եղե՞լ են, թե՞ ոչ
Ասում են, մի անգամ Հեմինգուեյն ու Սարոյանը հանդիպել են փարիզյան ռեստորաններից մեկում: Հեմինգուեյը, տեսնելով ներս մտնող Սարոյանին, բացականչել է. «Աստվա՜ծ իմ, ի՞նչ է այստեղ կորցրել այս լրբի տղան»: Այս խոսքերին հաջորդում է ծեծկռտուք:
Իրական է այս պատմությունը, թե հնարած, դժվար է ասել: Երկուսն էլ տաքարյուն էին և կռվարար, հավանական է, որ այս ամենն իրականություն է, սակայն եթե իրականություն է, ապա ինչու ոչ մի լրատվական, ոչ մի լրագրող այդ մասին չի գրել...
Ասում են, Փարիզի սրճարաններից մեկում մինչև հիմա մի ցուցանակ կա՝ վրան գրված «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»:
Սակայն, այդուհանդերձ...
Երկու մեծանուն գրողների հարաբերություններն ու իրար հանդեպ վերաբերմունքը «ատելություն» անվանելը չափազանցություն կլինի: Նրանք իրականում հարգում էին միմյանց: Օրինակ, Սարոյանը մի առիթով Հեմինգուեյի մասին ասել է. «Հեմինգուեյը անգլալեզու գրականության ամենամեծ գրողն է: Շատերն էին փորձել այդքան պարզ գրել, սակայն ոչ ոք չի կարողացել»:
Տարիների հեռվից անդրադառնալով Հեմինգուեյ-Սարոյան «հակամարտությանը»՝ կարելի է նկատել, որ այն իրականում մի քիչ արհեստական էր, քննադատների թեթև ձեռքով սրված ու սնած:
Իրականում հանդիպե՞լ են երբևէ գրողները, վիճե՞լ են, գնահատե՞լ են միմյանց ստեղծագործությունները, խանդե՞լ են իրար, մրցե՞լ են, թե ոչ, այսօր դժվար է ասել: Բայց կա մի բան, որ բոլոր կասկածներից վեր է. նրանք երկուսն էլ 20-րդ դարի համաշխարհային գրականության լավագույն արձակագիրներից են: