Ընթացքի մեջ է Մեծ պահքը՝ պահեցողության 40-օրյա շրջանը: Հավատացյալների համար պահքը՝ աղոթքի, Սուրբ Գրքի ընթերցանության, ապաշխարության, մարմնի թուլացմամբ հոգու զորացման մի կարևոր ժամանակ է, որի ընթացքում հաճախ հրաշքներ են տեղի ունենում. խնդրողները և իրապես մարմնական ու հոգևոր պահեցողության մեջ գտնվող հավատացյալները ստանում են իրեն հարցերի պատասխանները, գտնում փնտրվածն ու ստանում խնդիրների լուծումը: Այս մասին բազմաթիվ վկայություններ կարող ենք գտնել Սուրբ գրքում: Հետաքրքիր է իմանալ ինչպե՞ս է Աստվածաշնչում հիշատակվում պահքը, ովքե՞ր և ինչո՞ւ են Սուրբ Գրքում պահք կամ ծոմ պահում: Ներկայացնում ենք պահքի ու ծոմի մասին պատմող սուրբգրային մի քանի դրվագ.
Հին Կտակարանում Սինա լեռան վրա 40 օր ծոմ է պահում Մովսես Մարգարեն և արժանանում Աստծո պատգամներին.
Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի հետ»:
Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր: Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները:(Ելք 34:28)
Որդու հիվանդության ժամանակ ծոմ է պահում Դավիթ թագավորը, սակայն որդին մահանում է, և Դավիթն ընդհատում է ծոմը:
Նաթանը գնաց իր տունը, եւ Տէրը հարուածեց Դաւթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, եւ սա հիւանդացաւ:
Դաւիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դաւիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց:(Բ Թագավորաց 12:15-16)
Աստծո առաջնորդության ու պաշտպանության խնդրանքով ծոմ է պահում Եզրասը.
Ես այնտեղ, Էոս գետի եզերքին, ծոմապահութեան քարոզ կարդացի, այնտեղ մենք աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծու առաջ, խնդրեցինք նրանից, որ ուղիղ ճանապարհով տանէր թէ՛ մեզ եւ մեր որդիներին եւ թէ՛ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին,
քանի որ մենք ամաչեցինք թագաւորից հեծեալներ խնդրել՝ ճանապարհին մեր թշնամիներից մեզ ազատելու համար, որովհետեւ թագաւորին այսպէս էինք ասել, թէ մեր Տիրոջ ձեռքն օգնում է բոլորին, ովքեր դիմում են նրան բարութեան համար, եւ որ նա իր զօրութիւնն ու բարկութիւնն է թափում բոլոր նրանց վրայ, ովքեր լքում են նրան:Մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս բոլորի համար, եւ Տէրը մեզ լսեց(Եզրաս, Բ, 8:21-23)
Տիրոջ օրհնությունը հայցելով պահք է պահում նաև Դանիել մարգարեն.
Ես երեսս դարձրի դէպի իմ Տէր Աստուածը՝ խնդրելու համար աղօթքներով ու աղաչանքներով, պահեցողութեամբ ու քուրձ կրելով.
Նոր Կտակարանում մեր Տեր Հիսուս Քրիստոս 40-օրյա ծոմ պահեց անապատում իր փրկչական առաքելության սկզբում և ենթարկվեց փորձությունների.
Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու:
Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց:
Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»:
Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»(Մատթ.4:1-4):
Գործք առաքելոցում հիշատակվում է Պողոս առաքյալի ծոմ է պահում իր դարձի ժամանակ.
Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»:
Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես:
Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ՚ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»: Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում
Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում: Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս:
Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց(Գործք. 9:4-9)
Բնագրի աղբյուրը՝ www.shavigh.am