안녕하세요 ․․․ ավելի շուտ՝ բարև։ Ես Մելանին եմ՝ գրող, լրագրող ու JinjjaNews հարթակի ստեղծողը. վայր, որտեղ կարող ես գտնել կորեական մշակույթի՝ դորամաների ու քեյ-փոփի ամենաթարմ նորություններն ու նորույթները՝ հայերենով։ Այս օրերին կորեական մշակույթում ունենք մի այնպիսի ֆենոմենալ նորույթ, որն ուղղակի ցնցել է ողջ աշխարհը։
Այո՛, այո՛, խոսքը “Squid Game” | «Игра в кальмара» | «Կաղամար խաղը» սերիալի մասին է:
«오징어 게임»-ը՝ նույն ինքը «Կաղամար խաղը», շարունակում է ռեկորդային ցուցանիշներ գրանցել ողջ աշխարհում՝ օրերս դառնալով Netflix-ի ողջ պատմության ամենադիտված սերիալը։ Միլիոնավոր մարդիկ արդեն դիտել են այն, հազարավորները դիտում են այս պահին, իսկ համացանցի օգտատերերից գրեթե բոլորն էլ այս կամ այն սոց․ կայքերում անկասկած լսել են դրա մասին ու շփոթվել՝ չհասկանալով դրա մասին ստեղծված հազարավոր մեմերը։
Սակայն գուցե չզարմանաս, եթե ասեմ, որ նման հոյակապ սերիալներ կորեացիները բազմիցս են թողարկել։ Եվ ուրեմն, եթե դու էլ ես դիտել ու բարձր գնահատել “Squid Game” սերիալը, ապա կարող ես դիտել այս 5 կորեական դորամաները, որոնք դրանից ոչ պակաս գլուխգործոցներ են։
-
Փրկիր ինձ (Save Me | Спаси меня)
«Փրկիր ինձ» թրիլլեր-միսթըրի ժանրի դորամայում կգտնեք տարօրինակ անհարմարություն պատճառող ու սարսռեցնող իրավիճակներ։ Սերիալի կենտրոնում է աղանդավորական մի խումբ, որի հովիվը բարերարի անվան տակ իրեն է հնազանդեցնում հուսահատ մի մեծ ամբոխի ու ղեկավարում նրանց՝ կոծկելով իր ու իր թիմակիցների սարսափելի հանցանքները։ Այս աղանդի առաջնորդը ստիպողաբար փորձում է նաև իրեն ենթարկել ու հոգեկան ծանր վիճակում պահել մի հուսահատ զույգի, սակայն նրանց դուստրը կռահում է առաջնորդի իրական մտադրությունները։ Կկարողանա՞ Սանգ Մինը ողջ դուրս գալ այդ բանտից ու փրկել նաև իր ծնողներին։
Էպիզոդների քանակը՝ 16
Դերերում՝ Թեքյոն, Սո Յե Ջի, Ու Դո Հուան
-
Անծանոթներ՝ դժոխքից (Strangers from Hell | Незнакомцы из ада)
Պատկերացրեք՝ հայտնվում եք մի շենքում, որի հարևաններն ինչ-որ անհասկանալի ու վախեցնող էներգիա ունեն, իսկ հետո աստիճանաբար պարզվում է, որ․․․
Այ հենց դա էլ կպարզեք, եթե դիտեք այս հոգեբանական թրիլլերը։ Հիմնված համանուն վեբթունի վրա՝ սերիալը պատմում է երիտասարդ Չոն Ուի մասին, որը տեղափոխվում է Սեուլ ու հնարավորինս էժան գնով մի սենյակ վերցնում Էդեն անունով մի հանրակացարանում։ Շուտով նա սկսում է նկատել մի շարք տարօրինակ ու վախեցնող բաներ, ավելին՝ թվում է, որ հարևաններից մեկն աչքերը չռած նայում է՝ ինչպես է քնում։ Ովքե՞ր են այդ տարօրինակ մարդիկ։
Էպիզոդների քանակը՝ 10
Դերերում՝ Իմ Շի Ուան, Լի Դոն Ուկ
-
Հարազատ տուն (Sweet Home | Милый дом)
«Հարազատ տունը» նախատեսված չէ թույլ սրտով մարդկանց համար՝ ընդանրապես։ Մղձավանջներ տեսնող մարդկանց հատկապես արգելվու է։ Netflix-ի՝ սարսափ ժանրի այս սերիալը լի է զարհուրելի ու նմանը չունեցող հրեշներով ու արյունոտ տեսարաններով։
Մինչդեռ Անծանոթներ՝ դժոխքից դորամայում Չոն Ուն ատում է իր հարևաններին, այս մեկում Չա Հյոն Սուն ստիպված է համագործակցել իր նոր շենքի հարևանների հետ, որպեսզի կարողանա պայքարել հրեշների դեմ։
Էպիզոդների քանակը՝ 10
Դերերում՝ Սոն Քան, Լի Ջին Ուկ, Լի Սի Յոն, Լի Դո Հյոն
-
Մեղադրյալը (Defendant | Подсудимый)
Չորրորդ դորաման, որ ուզում եմ առաջարկել այս ցանկի ամենաքիչ արյունոտ սերիալն է։ Ի տարբերություն վերևում նշած սերիալների այս մեկը դետեկտիվ ժանրի թրիլլեր է։ Պատմության կենտրոնում է Փաք Չոն Ուն՝ մի դատախազ, որը մի օր արթնանում է ու հասկանում, որ իր ընտանիքին սպանել են, իսկ հանցագործն է՝ հենց ինքը։ Բոլոր ապացույցները նրան են մատնանշում, բայց արդյո՞ք այդ ապացույցներն իրական են:
Ժամանակավոր ամնեզիայի պատճառով Չոն Ուն գաղափար չունի, թե ինչ է կատարվել այդ սարսափելի գիշերը։ Ցմահ բանտարկության մեջ նա փորձում է անել ամեն բան հասկանալու համար՝ ո՞վ է սպանել իր կնոջն ու դստերը, և ինչո՞ւ։
Դորամայի ընթացքում ինքդ էլ չես կարողանա ճշմարտությունը զատել ստից ու գլխավոր հերոսի պես կհայտնվես մի իրավիճակում, որից կփորձեք դուրս գալ հնարավոր բոլոր եղանակներով:
Եվ ուրեմն, եթե փնտրում ես խելացի մտածված սերիալ, ապա սա հենց այդ մեկն է։
Էպիզոդների քանակը՝ 18
Դերերում՝ Ջի Սոն, Օմ Քի Ջուն
-
Թագավորություն (Kingdom | Королевство)
Եվ վերջին կորեական սերիալը, որը խորհուրդ կտամ դիտել այն մարդկանց, որոնք հավանել են «Կաղամարի խաղը», Netflix-ի հովանավորությամբ նկարահանված «Թագավորությունն» է։
Սերիալի դեպքերը տեղի են ունենում Չոսոնի՝ հին Կորեայի ժամանակներում, սակայն սա ուղղակի պատմական դորամա չէ։ Այն նաև քաղաքական սերիալ է, ինչպես նաև սարսափ ու թրիլլեր ժանրերի խառնուրդ։
«Թագավորությունը» պատմում է Կորեայի արքայազն Լի Չանի մասին, որը Իմջինի պատերազմից երեք տարի հետո փորձում է ճնշել երկրում տիրող քաոսը․ մի տարօրինակ հիվանդություն է տարածվել ողջ թագավորությունում, սակայն դա կանխելն ուղղակի անհնար է։ Մարդիկ ուտում են մարդկանց։ Դե իհարկե, խոսքը զոմբիների մասին է՝ այն էլ պատմական Չոսոնում։ Եթե դու էլ չես կարողանում պատկերացնել հին ժամանակների զոմբիներին, ապա այս դորաման քեզ համար շատ վառ կնկարագրի այն։
Էպիզոդների քանակը՝ 2 սեզոն՝ յուրաքանչյուրը 6 էպիզոդ
Դերերում՝ Ջու Ջի Հուն, Բե Դունա
Կարծում եմ, հենց սրանք են լավագույն դորամաներից այն հինգը, որոնք կկարողանան օգնեն քեզ հաղթահարել «Կաղամար խաղը» սերիալի հենգովըրըդ ու ավելի լայն պատկերացում տալ թրիլլեր ժանրի կորեական սերիալների մասին։
Հաճելի, կամ ավելի շուտ՝ ինտրիգային դիտում բոլորին։
Մելանի Սարգսյան
Squid Game-ի վերաբերյալ քուիզը այստեղ: