Կամյու, Սարտր, Լը Կլեզիա
«Արձանագրությունը»՝ գրականության Նոբելյան մրցանակակիր (2008 թ․) Ժան Մարի Գյուստավ Լը Կլեզիոյի առաջին վեպն է։ 23-ամյա երիտասարդից երևի քչերն էին ակնկալում այսքան հասուն գիր, իրականության խորքային ընկալում ու հոգեբանորեն այսքան համոզիչ պատում։ Քչերն էին ակնկալում ֆրանսիական այդ շրջանի արձակի հսկաների՝ Ալբեր Կամյուի ու Ժան-Պոլ Սարտրի գործերի կողքին ու նրանցից հետ մարդու մենության, կյանքի իմաստի, գոյության նշանակության էքզիստենցիալ փնտրումի, հակապատերազմական տրամադրությունների այսպիսի հասուն պատկերներ։ Սակայն Լը Կլեզիոն հայտնվեց ու ստեղծեց հետպատերազմյան իրականության մի ցնցող «արձանագրություն», որը առաջին հրատարակությունից՝ 1963 թ․ մինչ օրս շարունակում է տպավորել։ Գրականագետները այս վեպը համեմատում են Կամյուի «Օտարը» և «Անկում» գործերի հետ։ Որոշակի ընդհանրություններով հանդերձ, այս գործերը խիստ տարբեր են։ Հեղինակը չի գնում էքզիստենցիալ վիպագրության տրորված ճանապարհներով, այլ ստեղծում է իրենը՝ առանցքում ունենալով մարդու ազատության ու մենության, օտարվածության ու իրականության հետ բարդ հարաբերությունները:
Արձանագրում ես, ուրեմն կաս
Վեպի երիտասարդ հերոսը, բանակից կամ հոգեբուժարանից (հեղինակն էլ չի կողմնորոշվում) փախած, աշխարհը մերժող, միաժամանակ այդ աշխարհն ամեն նյարդով զգացող Ադամ Պոլոն է։ Առաջին հայացքից մի անբան երիտասարդ, որ սիրում է փիլիսոփայել, խուսափում է մարդկանցից, ձգտում բնությանը, սակայն միաժամանակ նկատում ու արձանագրում իրեն շրջապատող աշխարհի յուրաքանաչյուր շարժը, ձայնը, շնչառությանը։ Ամեն ինչ արձանագրելու, վերլուծելու ու պատկերելու հերոսի ձգտումը վեպում արտահայտվում է իրականության մանրակրկիտ պատկերներով, ընդհատվող պատումով, միասնական դիպաշարի բացակայությամբ ու արտաքին աշխարհի «աղմուկների» ներխուժումներով։ Սակայն այս ամենը խառնաշփոթ չի ստեղծում։ Հեղինակին հաջողվել է վարպետորեն միահյուսել միտքը, ապրումն ու աշխարհի աղմուկը, նրբորեն բացահայտել պատերազմի հուշերի ու տագնապների մեջ ապրող հերոսի ներաշխարհը:
Ո՞վ է մեղավորը
Հերոսը ոչ մեկին չի մեղադրում, չի պայքարում աշխարհի դեմ, սակայն զգում է, որ չի կարող ապրել այդ աշխարհում․ պետք է փակվել «խեցու» մեջ ու բավարարվել սեփական ներաշխարհով։ Քո ներսում սահմանել կյանքի ու խաղի կանոններ։ Արձանագրել ներսի ու դրսի աշխարհն իր բոլոր մանրամասներով, որպեսզի հասկանաս, որ գոյություն ունես։
Այս դեպքում էլ ավելի է խորանում հերոսի ու աշխարհի միջև անջրպետը։ Նրան ուղղակի սովորական խելագար են համարում, սակայն ոչ Միշելը, որին հերոսը նամակներ է գրում, ոչ հոգեբուժարանի աշխատակիցները չեն տեսնում Ադամի իրական էությունը, չեն արձանագրում նրա իրական հիվանդությունը՝ ամեն ինչ կլանող մենակությունը։
Հայերեն
Ժան-Մարի Գյուստավ Լը Կլեզիոյի «Արձանագրությունը» վեպը հայերեն է թարգմանել Թագուհի Բլբուլյանը, հրատարակել՝ «Զանգակ» հրատարակչությունը, 2020 թ.:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան