Բժիշկը, արձակագիրն ու գործիչը
«Եվ արձագանքեցին լեռները» վեպը լույս է տեսել 2013 թվականին և ինչպես Խալեդ Հոսեյնիի առաջին գիրքը՝ «Օդապարուկ թռցնողը»(2003) դարձել բեսթսելլեր:Աֆղանստանցի գաղթականների զավակ Խալեդը մասնագիտությամբ, բժիշկ է, ապրում է ԱՄՆ-ում, սակայն համաշխարհային հռչակ ձեռք բերեց որպես գրող, ապա նաև ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպան»՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում: Մեծանալով հայրենիքից հեռու Հոսեյնին ակտիվորեն զբաղվում է իր հայրենիքի ու ժողովրդի օգնության գործով: Ստեղծել է «Խալեդ Հոսեյնի» հիմնադրամը, որը ապաստան է տրամադրում աֆղանստանցի գաղթական ընտանիքներին, իրականացնում է մարդասիրական, կրթական և առողջապահական ծրագրեր: Հատկապես վերջին ամիսներին Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին գրողն արձագանքում մեծ տագնապով, փորձում ինչ-որ կերպ նպաստել իրավիճակի կայունացմանը:
Գաղթականության դևը
Քաղաքական անկայուն իրավիճակը, իրար հաջորդող անվերջանալի հեղափոխություններն ու պատերազմները առաջին հերթին անդրադառնում են հասարակ մարդկանց ճակատագրերի վրա: Հոսեյնիի վեպերի գլխավոր հերոսները պարզ մարդիկ են, որոնք ուզում են ապրել խաղաղ ու երջանիկ կյանքով: Սակայն իրականությունն այլ է: «Եվ արձագանքեցին լեռների» վեպը սկսում է մի արևելյան հեքիաթ-առակով՝ դևի տարած երեխաների մասին: Երեխաների ծնողները սակայն այնքան խեղճ ու դժվար կյանքով են ապրում, որ բարդ ընտրության առջև են. երեխաներին տալ դևին, ապահովել նրանց բարեկեցիկ կյանքը, թե սովամահության ու մահվան դատապարտել: Հեքիաթից դուրս, իրականության մեջ հայրն իր դստերը՝ Փարիին հանձնում է մի հարուստ ընտանիքի, որն էլ շուտով արտագաղթում է երկրից: Փոքրիկ Փարին կարծես թե լավ պայմանների մեջ պետք է երջանիկ լիներ, սակայն զգում է ինչ-որ բանի պակաս, քանի որ ներաշխարհի խորքերում պահում է հայրենիքի ու ընտանիքի հիշողությունը:
Հիշողություն՝ պարգև, թե նզովք
Հայրենիքի, ընտանիքի, եղբոր ու քրոջ, մոր ու որդու կապերի հիշողությունը վեպի գլխավոր գաղափար-հերոսն է: Բաժանված հերոսները, հատկապես Աբդուլլան ու Փարին, ձգտում են միանալ, ամբողջ կյանքում անհուսորեն փնտրում իրար, սակայն երբ հանդիպում են, արդեն շատ ուշ է, քանի որ հիշողությունը տարիների հետ խամրելու ու կորչելու հատկություն ունի: Հայրենիքից հեռու, լավ պայմաններում, գաղթականները կորցնում են իրենց գույները, խամրում, օտար երկնքի տակ, քարշ տալիս իրենց գոյությունը՝ կարոտն ու բաժանման ցավը սրտերում: Նրանց ոչինչ չի սփոփում, և նրանք ոչինչ չեն ստանում ի հատուցումն իրենց տառապանքների:
Ներսի՞ց, թե՞ դրսից
Արևելքցի, սակայն Արևուտքում կայացած ու անգլերեն գրող հեղինակի վեպերը մի շարք հարցեր են առաջացնում. որքանով է հեղինակը ճիշտ ընկալում և ներկայացնում աֆղանական մշակույթը: Դիտում է այդ ամենը ներսի՞ց, թե՞ դրսից: Ըստ իս, վեպի հաջողված կտորներից են՝ արևմտյան մարդու ու կյանքի պատկերները: Մասնավորապես հույն բժիշկ Մարկոս Վարվարիսի պատմությունը, բանաստեղծուհի Նիլայի փարիզյան կյանքի դրվագները:
Պատումի ձևն առաջին հայացքից արևելյան է. գեղարվեստական ժամանակը դանդաղ է, ռիթմը հանդարտ, երբեմն միօրինակ, կարծես չկան խոշոր բախումներ, բայց երբ ընթերցողն արդեն արևելյան հեքիաթի թելադրած նիրհի ու թմբիրի մեջ, պայթյունի պես հաջորդում է հարվածը: Որևէ ցնցող դրվագ կամ իրադարձություն, որը շոկի մեջ է գցում ընթերցողին՝ ստիպելով հնարավորինս ուժեղ վերապրել հերոսների ողբերգությունը: Երեխայի վաճառք, աղջկա կյանքը կործանող դժբախտ պատահար, սպանություն հանուն փրկության, երեխաների ճակատագրերի խեղում, հանդիպման սպասում, ապա ճակատագրական մոռացում: Հոսեյնի գրելաոճի այս բնութագրական առանձնահատկության շնորիվ, նրա վեպերը ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ ու հուզմունքով, հիացնում ընթերցողին, ծանոթացնում Աֆղանստանի պատմության ու մշակույթի, բայց առաջին հերթին տառապող մարդու հետ:
Հայերեն
Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը 2016 թ., թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան