Ծառայո՞ղը, թե՞ ծառայամիտը
Թերևս դժվար է պատկերացնել, սակայն փորձեք երևակայել, որ ամբողջ կյանքում ծառայապետ եք աշխատել Անգլիայի ամենահայտնի ազնվական տներից մեկում, հանուն այդ ծառայության զոհաբերել անձնական կյանքը, մերժել երջանիկ լինելու ճակատագրի ուղարկած բոլոր հնարավորությունները, հավատացել, որ կարևոր առաքելություն ունեք ու համաշխարհային պատմության նշանակալի իրադարձությունների մասնակից եք։ Սակայն ժամանակն անցնում է, և ամեն ինչ ավարտվում, այս դեպքում ի՞նչ կանեիք կյանքի մայրամուտին՝ օրվա մնացորդին։ Իհարկե, պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն շատերը կանդրադառնային իրենց ապրածին, արածին ու թողածին, իսկ վեպերում այդ անդրադարձը, ապա հաջորդող հոգևոր վերածնունդը, կամ հիասթափությունը սովորաբար ներկայացվում են ճամփորդությունների միջոցով։
Ճամփորդը
2017 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Կազուո Իշիգուրոյի երրորդ վեպի՝ «Օրվա մնացորդի» գործողությունները ծավալվում է երկու զուգահեռ ճամփորդությունների մեջ։ Ծառայապետ Ստիվընսը վեցօրյա ճամփորդություն է ձեռնարկում Անգլիայի արևմուտք և զուգահեռ մտովի ճամփորդում իր ծառայության տասնամյակներ ձգվող օրերում։ Ընթերցողը, Ստիվընսի աչքերով Անգլիայի բնության գեղատեսիլ պատկերներին զուգահեռ, հետևում է 20-րդ դարի եվրոպական պատմության վճռորոշ իրադարձություններին, ավելի ճիշտ այդ իրադարձությունների՝ հերոսի ընկալումներին։ Պատերազմ, տարբեր բանակցություններ, անգլիացիների՝ նացիստների հետ դաշնակցելու փորձեր, ազնվական կյանքի ու կենցաղի մանրամասներ։ Հերոսը, գործի բերումով, այս բոլոր իրադարձությունների դիտորդն է։ Նա ներքին զգացում ունի, որ իր տերը՝ անգլիացի տոհմիկ ազնվականը, ամեն ինչ ճիշտ է անում, նաև հպարտ է, որ կարողացել է պատշաճ կերպով սպասարկել այս իրադարձությունների մասնակիցներին։ Սակայն․․․
Խաբվածը
Սակայն անգլիական ազնվականների կյանքի փայլուն ու գեղեցիկ դեկորները աստիճանաբար խամրում են, փուլ գալիս՝ բացելով դաժան իրականությունը։ Իրականություն, որը տեսնում է ընթերցողը, կարծես տեսնում է նաև հերոսը, սակայն մինչև վերջ էլ չի ցանկանում ընդունել այն։ Ընթերցողը անընդհատ ուզում է արթնացնել, սթափեցնել հերոսին, սակայն չի կարող։ Իսկ հեղինակը հնարավորինս չեզոք է, գնահատականներ չի տալիս, ամեն ինչ թողնված է հերոսի վրա, որն էլ չի ցանկանում հաղթահարել գեղեցիկ դղյակի՝ Դարլինգթըն Հոլի կախարդանքը և խոստովանել, որ ամեն ինչ խաբկանք էր։ Չի ցանկանում, քանի որ այլապես պետք է խոստովանի, որ իր կյանքն ու նվիրումը իզուր են անցել։
Յոթերորդ օրվա սպասումով
Արդյո՞ք հեղինակը ցանկացել է ասել, որ քաղաքականության մեջ դժվար է տարբերակել չարն ու բարին, կամ ցանկացել է անդրադառնալ անգլիական ազնվականության, ընդհանրապես Անգլիայի քաղաքականության հարցերին։ Կամ գուցե վեպը կարող ենք ընկալել, որպես սթափության կոչ ուղղված մարդկությանը, նիհրից արթնանալու, սեփական կյանքով ապրելու հորդոր ուղղված մարդկանց։ Դժվար է ասել, ընթերցողն ինքը թող որոշի։ Համենայն դեպս վեպի հերոսի՝ Ստիվընսի կյանքի մնացորդի վեցօրյա ճամփորդությունը դառնում հերոսի խոստովանության ու ապաշխարության յուրօրինակ ընթացք, որին պետք է հաջորդի վաստակած ներումն ու հանգիստը, քանի որ Աստված էլ աշխարհն արարեց վեց օրում, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Սակայն կտրվի՞ արդյոք յոթերորդ օրվա հանգիստը, երբ ապաշխարությունը լիակատար չէ։
Ֆիլմը
Վեպի հիման վրա ռեժիսոր Ջեյմս Էյվըրին համանուն ֆիլմ է նկարահանել 1993 թ․։ Ռեժիսորին, նաև աստղային ու անչափ տաղանդավոր դերասաններին՝ Էնթոնի Հոփկինսին, Էմմա Թոմփսոնին, Հյու Գրանտին, հաջողվել է փոխանցել վեպի մթնոլորտը, շունչն ու ռիթմը։ Ինչպես իր գրեթե բոլոր հայտնիդերերում, Էնթոնի Հոփկինսը այստեղ ևս լավագույնս մարմնավորում է առաջին հայացքից կորած ու միամիտ, սակայն կամքի մեծ ուժ ունեցող անհատին, որը չի ցանկանում խոստովանել իր պարտությունը։
Հայերեն
Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը» վեպը հայերեն թարգմանել է Ռուզաննա Սուքիասյանը, հրատարակել «Զանգակ» հրատարակչությունը՝ 2020 թվականին։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան