Սոնետը
Բանաստեղծության կառուցման կայուն ձևերից է՝ բաղկացած 14 տողից։ Առաջացել է Իտալիայում,և տերմինը՝ sonetto, բառացի թարգմանությամբ՝ նշանակում է հնչեղ։ Սոնետը ենթադրում է երաժշտական բարեհնչություն, հետևաբար պետք էր զգույշ վարվել բանաստեղծական այս տեսակի հետ։ Հավանաբար հենց սա նկատի ուներ Միսաք Մեծարենցը, երբ «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» հոդվածում, անդրադառնալով ժողովածուում տեղ գտած սոնետներին, գրել է․
«Իր ձայնյակները անընստգյուտ հորինված մը ունին, կարծեմ ասիկա դրական արժանիք մը չէ անշուշտ, բայց մեկը, որ ձայնյակներ (sonnet) գրել կ’ուզե՛ հարգելու է եղած կանոնները և կամ հրաժարվելու է ձայնյակ գրած ըլլալու հավակնութենեն՛ որ մազի չափ իսկ արժեք չունի»։
Սոնետ գրելու կանոնները սկզբնական շրջանում հիմնականում պարզ էին․ սոնետը կազմվում էր երկու քառատողերից և մեկ վեցատող հատվածից, իսկ հանգավորումը ՝ abab + abab + cdcdcd:
Մի փոքր ավելի ուշ սոնետը սկսում է կանոնավորվել և ձեռք է բերում ավելի կայուն հատկանիշներ. քառատողերը հանգավորվում են օղակաձև, որպես կանոն ընդամենը երկու հանգով, իսկ վեցատող հատվածը բաժանվում է երկու եռատողերի՝ ստանալով հանգավորման ամենատարբեր ձևեր և ունենալով երեք հանգ:
Այնուհետև որոշ տարածում է ստանում սոնետների պսակը, որն ունի հետևյալ կառուցվածքը․ բաղկացած է 15 սոնետից, յուրաքանչյուր բանաստեղծության վերջին տողը նույնությամբ կրկնվում են իբրև հաջորդի առաջին տող, իսկ վերջին սոնետը գոյանում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից։
Հենրիկ Էդոյանի «100 սոնետ» ժողովածուն
Ամփոփում է բանաստեղծի բոլոր անդրադարձները պոեզիայի այս տեսակին։
1970-ական թվականներից սկսած՝ բանաստեղծը ժամանակ առ ժամանակ գրել է սոնետներ՝ նպատակ ունենալով վերածնել դասական պոեզիայի սկզբունքները։
Ժողովածուն բացվում է սոնետների պսակով, որ վերնագրված է՝ «Preterito nostalgia» (Անցյալի նոստալգիա): Քնարական հերոսի մտքում արթնացել են անցյալի հուշերը, ու տպավորություն է ստեղծվում, թե այնտեղ՝ անցյալում, կառուցվում է ինչ-որ նոր, առանձին աշխարհ, ու թեև այն կառուցվում է քնարական հերոսի մտքերում, բայց և միևնույն ժամանակ նա այդ աշխարհում երևում է միայն ստվերի և արձագանքի տեսքով․
Սակայն հեռվում ինչպես ծաղիկ դու կապրես,
Իսկ ես միայն պիտի դառնամ արձագանք
Դատարկ օդում արձագանքող ձայնի պես։
Տեսիլները հաջորդում են մեկը մյուսին, և այդ համաչափ ընթացքը լավագույնս արտահայտվում է հենց սոնետների պսակի կառուցման առանձնահատկությամբ․ յուրաքանչյուր հաջորդ սոնետը սկսվում է նախորդի վերջին տողով,ինչպես՝
Պսակի 1-ին սոնետն ավարտվում է՝
Ժամը հոսում և դառնում է նոր մի կյանք ։-
Նա մեր դեմքը պետք է տանի, քանդակի
Դարպասներին և պատերին քաղաքի։
Սկսվում է 2-րդը՝
Դարպասներին և պատերին քաղաքի
Ուր քո անունն ու քո բառն է պատկերված
Ո՞վ է շարժում հիշողությունն իմ լռած
Ո՞վ է պոկում փայտե դիմակն իմ դեմքի։
Անցումը տեղի է ունենում միանգամից, համաչափ, ու կառուցման այս ձևն ասես ժամանակ ու տարածություն չի թողնում մտածելու մեկ այլ բան կամ կտրվելու այս տեսլապատկերից։ Ընգծվում է «գիտակցության ցանցերից» խուսափելու անհնարինությունը։
Տեսլապատկերը շարունակվում է, ու շարունակվում է նաև քնարական հերոսի ինքնավերլուծությունը։ Հետաքրքիր սիմվոլներ կազմվում են բանաստեղծական ամբողջական պատկերներ։ Քաղաքը խորհրդանշում է անցյալը, քանդակը՝ հերոսի ապրած կյանքը։ Եվ հերոսի ինքնավերլուծությունը սկսում է «մերկացնել» այդ քանդակը ավելի ու ավելի, անգամ հասցնելով մինչև ծնունդը․
Ես կտեսնեմ մոտեցումը քո մարմնի
Կշոշափեմ արթնացումը քո օրվա,
Որը նորից անէացում կհագնի։
Պահը կիջնի, կանշարժանա ինձ վրա,
Ես կտեսնեմ հուշերի մեջ իմ վերջին
Քո անունը և քո բառը առաջին։
Քո անունը և քո բառը առաջին
Խտանում են իմ օրերի անտառում․․․
Անտառը խորհրդանշում է կյանքը՝ կազմված առանձին-առանձին օրերից՝ ծառերից, որոնք «արագ բարձրանում են դեպի վեր՝ քայքայելով սիրտը մարդու և հողի»։
Սոնետների այս պսակը կարծես քնարական հերոսի սլացքն է ժամանակի միջով, երբ գրեթե բոլոր «ծառերն» արդեն մնացել են անցյալում («ես անցնում եմ իմ օրերի վրայով, անխոս, ինչպես մթնում կորած մի անտառ»), բայց այնուամենայնիվ դեռևս կան «օտար ծառեր», որոնք ևս ճանաչվում են ինչ-որ պահի։ Ժամանակի երեք չափումներից գերակայում է անցյալը, ամեն ինչ դառնում է անցյալ («ես գալիս եմ, մոտենում եմ դեպի քեզ, որպես մթնող տարածության մի բեկոր»)։
Սոնետների պսակը եզրափակվում է վերջին՝ 15-րդ սոնետով, որը կազմված է նախորդ 14 սոնետների առաջին տողերից ու ամփոփում է նախորդների հիմնական ասելիքը․
Մինչև կանցնի հիշողության ժամը հին,
դարպասներին և պատերին քաղաքի
ես կգրեմ, ինչպես մաքուր ապակի,
քո անունը և քո բառը առաջին:
Արձագանքը դեռ կհնչի երկնքում
ես կմնամ ինչպես մի հին Դեդալուս,
լուռ ու լքված զանգի նման ջրասույզ,
մամուռների և լռության խորքերում:
Հիշողությունն իմ օրերի շարքի մեջ
(Օ, անցյալի անհասության զգացում),
քո անունի արտացոլումն է անվերջ,
Բայց ոչ մի ձեռք սիրտս հիմա չի ցնցում,
և իմ խորքում քո աչքերը փակելով
ես անցնում եմ իմ օրերի վրայով։
Սոնետների պսակին հաջորդում են անձնական տարբեր ապրումների, բնության ու մարդու մասին փիլիսոփայական խորհրդածությունների մոտիվները։ Այստեղ ևս բանաստեղծը, կիրառելով սիմվոլիզմի պոետիկան, քննում է ժամանակակից մարդու ներաշխարհը, նրան բնորոշ խոհերն ու ապրումները։ Բայց սոնետների թեմատիկան այսքանով չի ավարտվում․ ժողովածուում ներառված են աստվածաշնչյան թեմաներին, անտիկ դիցաբանության կերպարներին, միջնադարյան արվեստագետներին նվիրված սոնետներ, որոնք բովանդակային նոր շերտեր են հաղորդում բանաստեղծության այս ձևին։
Քաղաք, փողոց, ծառ, անտառ, թռչուն, արև, ստվեր, արձագանք, քանդակ․ սիմվոլները դառնում են 21-րդ դարի մարդու հոգեվիճակների նկարագրության, բացահայտման միջոց՝ միաժամանակ նոր շունչ հաղորդելով սոնետին ու «համոզելով», որ այն այսօր էլ չի սպառել իրեն։
Հավասարակշռությու՞ն թե՞ հակադրություն․ սոնետը հայ ժամանակակից պոեզիայի զուգահեռում
Հարց է առաջանում․ այնուամենայնիվ, հատկապես ի՞նչն է դրդել Հենրիկ Էդոյանին անդրադառնալու սոնետին, ո՞րն է սոնետի դերը հայ ժամանակակից գրականության մեջ և ի վերջո՝ ինչու՞ է հրատարակվել այս ժողովածուն։
1960-ական թվականներին պոեզիան սկում է մուտք գործել մեկ այլ շրջափուլ՝ գնալով բանաստեղծական նոր ձևերի որոնման ճանապարհով, քանի որ դասական պոեզիան այլևս չէր բավականացնում թե՛ բանաստեղծներին, թե՛ ընթերցողներին։ Սկսվում էր արագության, փոփոխությունների, որոշակի ազատության դարաշրջանը ու պետք էր հասցնել գնալ ժամանակի և նոր ժամանակների մարդու պահանջներին ընդառաջ։
Այդ շրջանում հայ գրականության մեջ բանաստեղծական նոր ձևի որոնման ճանապարհն առաջնորդում է Պարույր Սևակը։ Նա, թեև ոչ ամբողջությամբ, բայց հրաժարվում է հանգավոր բանաստեղծություններից՝ դրանք համարելով խոչընդոտ մտքի ազատ արտահայտման առջև։
Հատկապես կարևոր համարեցի ընգծել այս փաստը՝ ասելու համար, որ այժմ, երբ բանաստեղծությունն ամբողջապես ազատ է սահմանափակող, կաշկանդող կանոններից, երբ չկա կայունություն բանաստեղծական ձևերի մեջ, Հենրիկ Էդոյանի «100 սոնետ» ժողովածուն, նորից գրականություն բերելով «կատարյալ», մաքրամաքուր բանաստեղծությունը, գալիս է հակադրվելու բանաստեղծական ձևի վերջնական կազմաքանդմանը։ Կարևոր է, որ բանաստեղծը հակադրվում է հավասարակշռելով։ Ինչպե՞ս։ Հենրիկ Էդոյանի պոեզիան լավագույն օրինակն է, որ դասական պոեզիայի ձևերը և ժամանակակից պոեզիան,այո, կարող են գոյություն ունենալ կողք կողքի, և 21-րդ դարում ևս բանաստեղծությունը կարող է լինել մաքուր, կանոնիկ ու կարգավորված․
Մի քիչ անկարգ եղիր, բայց Կարգն իմացիր,
Իջիր ներքև, դեպի խորքը մթության,
Եվ հետո լույսերի հեղեղով անցիր․․․․
Միգուցե ինչպես մարդը կարող է ազատվել բանաստեղծության կաշկանդումներից, այնպես էլ՝ գրականությունը՝ մարդու․․․
Հեղինակ՝ Մարուսյա Ղարախանյան