Սիրո բացակայությունը
Իմ ընթերցած բոլոր հակաուտոպիական վեպերը գործողությունների, ժամանակի ու միջավայրի և շատ ու շատ ուրիշ տարբերություններով հանդերձ ունեն մեկ ընդհանուր գաղափարական ընդհանրություն․ դրանք պատմություններ են սիրո բացակայության մասին։ Ապագայի աշխարհների սարսափելի տեսիլներում՝ լինի դա Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայտ 451»–ի անգիրք իրականությունը, Օլդուս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ»–ի գերզարգացած աշխարհը կամ Ջորջ Օրվելի «1984»–ի ամբողջատիրական վարչակարգը, ամենուր գործողությունների ազդակը սիրո պակասն է։ Սա որպես հիմնական գաղափար, որի մասնավոր դրսևորումներն են արվեստի, ժամանցի ու զվարճանքի, պարզ մարդկային շփումների արգելքները: Մարդու, այս դեպքում կանանց գոյության նոր նպատակի սահմանումը. միայն ու միայն սերնդաշարունակություն ու ծառայություն:
Անկենդան աշխարհ
Մարգրեթ Աթվուդի համաշխարհային բեսթսելլեր «Աղախնի պատմությունը» վեպում ապագայի մի աշխարհ է, որտեղ չկան ռոբոտներ, սակայն կյանքը ռոբոտացված ու անկենդան է, քանի որ այնտեղից արտաքսվել է սերը։ Էլ ավելի սարսափելի է, որ սերը կյանքից հեռացվել է դարեր շարունակ սեր քարոզող քրիստոնեության վկայակոչմամբ։ Հեղինակը, մարդկայինի ու մարդու կամ ավելի ստույգ՝ կնոջ ու կանացիի ոչնչացման ընթացը ներկայացնելով, ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամարդասիրական գաղափարախոսություններն ու ուսմունքները ոչ ազնիվ գլուխներում, ապա ձեռքերում կարող են վերածվել մարդուն ոչնչացնող զենքի։ Եվ այս ամենի արդյունքում ստեղծվում է մի իրականություն, որտեղ սովորական են երկարատև պատերազմները, կանանց նկատմամբ օրենքով սահմանված բռնությունները, նրանց իրավունքի սահմանափակումն ու ընտրության բացակայությունը։
Կինը՝ կին է
Կենտրոնում իհարկե կինն է, կարծես չար հեքիաթում հայտնված, անտառներում հալածված թափառող «արքայադուստր» կամ աբսուրդի մեջ հայտնված կաֆկայական հերոս: Կանայք այդ աշխարհում միայն երեխաներ ծնելու համար են, ստիպված են թաքցնել կանացի ամեն ինչ, ամբողջությամբ նվիրվել ծառայությանն ու իրենց միակ առաքելությանը՝ առողջ երեխաներ ունենալուն: Սակայն նույնիսկ այս պայմաններում կինը կին է մնում, կամ գոնե ձգտում: Անցյալը ցավեցնում է հերոսուհուն, սակայն կին ու մարդ մնալու միջոցը հիշողությունն է: Պետք է ամեն օր ու ժամ հուշերով վերականգնել հին՝ մարդկային աշխարհը: Կորուստների ցավը նույնիսկ ուժ է տալիս, մտածել տալիս պայքարի ու վրեժխնդրության մասին: Փրկում է նաև շատ կանացի՝ մանրուքներով ապրելու ու գեղեցիկ լինելու ձգտումը, լարված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը:
Սերիալը
Ամերիկյան համանուն սերիալն իր մի քանի եթերաշրջաններով դեռ չի ավարտվել, սակայն այն արդեն տարբեր մցանակներ է ստացել ու ռեկորդներ սահմանել: Իհարկե, կարևոր է սցենարը՝ լավ վեպի ադապտացումը, սակայն ֆիլմի հաջողության գլխավոր գրավականը՝ Էլիսաբեթ Մոսսի գլխավոր դերակատարումն է: Իր մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերում դերասանուհին կարողանում է լավագույնս մարմնավորել թվացյալ միամիտ, իրեն կորցրած, սակայն մշտապես ամեն ինչ հասկացող ու իր անելիքն իմացող, ամենակարևորը՝ չհանձնվող կնոջ դերը:
Հեղինակը
Կանադացի բանաստեղծ, արձակագիր ու քննադատ Մարգրեթ Աթվուդը իր՝ 1987 թվականին գրված այս վեպում կարողացել է քաղաքակրթության կործանարար ընթացքը ներկայացնել հոգեբանական խորությամբ ու մեծ վարպետությամբ, նուրբ դիտարկումներով ու աննշան թվացող, սակայն կարևոր դետալներով։ Ստեղծել երկփեղկված կյանքով՝ գիշերվա ու ցերեկվա, անցյալի ու ներկայի մեջ ապրող հերոսուհու տպավորիչ կերպար: Նա հուշերի, արգելված ապրումների ու զգայությունների վերականգնմամբ փորձում է կանգնեցնել մարդկայինի ոչնչացման ընթացքը, սակայն կհաջողի՞ արդյոք․․․
Հայերեն
«Աղախնի պատմությունը» վեպը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը 2020 թ., թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան