Դոն Կիխոտը մեռավ Հայաստանում
Ժամանակակից բանաստեղծ Վահե Արսենի «Դոնկիխոտասպան իմ հայրենիք կամ ի սկզբանէ էին»(Երևան, Զանգակ, 2018) գիրքը բանաստեղծությունների ժողովածու է, որը բաղկացած է երկու առանձին մասերից: Բովանդակային առումով այն կարծես շարունակում է հեղինակի նախորդ գրքերը։ Այս գրքում արծարծված թեմաներն ու գաղափարները անտարբեր չեն թողնի ընթերցողին, քանի որ պոեզիայի նյութը մեր իրականությունն է։
Գոյագրություն
Գրքի առաջին մասում բանաստեղծի/քնարական հերոսի խորհրդածություններն են կյանքի («իսկ հիմա, երբ ես եմ մեռնում ու նայում ամպերին // միակ շարժվողը // երկինքն է»), մարդ էակի («գետնանցումի վերում կանգնած՝ ինչպե՞ս լսել ձայնը հողի // ինչպե՞ս վարվել ճիշտ»), կին-տղամարդ հարաբերությունների մասին («մի քանի օրից // եթե քեզ շաբաթ օրով չկանչեն գործի // մենք կհանդիպենք»)։ Այս բոլոր մտորումները հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու քնարական հերոսի մասին, որը, արդեն գաղափարական իդեալի վերածված, լիարժեք բացահայտվում է գրքի երկրորդ մասում՝ մեռնող քաղաքի ֆոնին։
Անձկությանդ մեջ շարժվում է գիշերը․․․
Անձկությանդ մեջ շարժվում է քաղաքը․․․
Գրքի թե՛ առաջին և թե՛ հատկապես երկրորդ մասերում երևում են մեռնող քաղաքը ու գիշերը՝ «երազի մեջ երազ»։ Քաղաքը եթե անգամ ուղղակիորեն չի հիշատակվում, ապա նրան փոխարինելու են գալիս քաղաքային կյանքի տարբեր պատկերներ, օրինակ՝ գետնանցումը, փողոցը, մայթերը։ Ի վերջո, մեռնող քաղաքը ու գիշերը կենդանի էակներ են դառնում, խորհրդանիշներ այն միջավայրի կամ նույնիսկ հոգեվիճակի համար, որի մեջ ապրում է հերոսը։
Միգուցե մենք հավատում ենք սիրուն
Գրականության մեջ տարածված երևույթ է գաղափարական իդեալի հակադրությունը իրականությանը, Վահե Արսենի դեպքում այն ևս գտնում է արտահայտության իր ձևը։ Քնարական հերոսը, նույն այդ հասարակության մի մասնիկը լինելով, ուղղակիորեն չի կռվում, չի պայքարում նրա դեմ, չի օտարանում, այլ հակադրվում է գաղափարապես, իր էությամբ, ի վերջո, նորից վերադառնալով նրան: Նման հակադրությունը առաջանում է գաղափարական հերոսի՝ իրականությունը դեպի լավը փոխելու ձգտումից։
Ինչ-որ բան խափանվել է Հայաստանում․․․
Գրքում երբեք չդադարող պատերազմների, մարտիմեկերի ու զանազան քաղաքական, սոցիալական խնդիրների մեջ խրված մարդն է, որի հոգին, թվում է, ամբողջովին կոշտանում է այդ ամենից։ Վահե Արսենի գաղափարական իդեալը հենց սրանով է հակադրվում մեր իրականությանը, քանի որ նա գալիս է արթնացնելու ընթերցողի ներսում քնած մարդուն, ում հատուկ է ապրելը ու զգալը՝ սեփական գոյությունը պահպանելու անվերջանալի պայքարներից անդին։ Եվ որքան էլ պարադոքսալ հնչի, սա պոեզիա է մարդու մասին, որը ամենից առաջ տանջվում է հայրենիքի սիրուց։
Հայրենիքի քաղաքական խնդիրները ու նրա գլխին բարդված դժբախտությունները երբեմն այնքան շատ են, որ մարդը մոռանում է և անգամ ժամանակ չունի մտածելու իր անձնական խնդիրների մասին, դրանք դառնում են երկրորդական, քանի որ հայրենիքի ցավից ոչ ոք անմասն չի մնում։ Այս դեպքում այն դառնում է անհատի ցավը, մանավանդ երբ դեռ չբուժված` մեծանում է օր օրի։ Եվ այսպիսի ժամանակներում ծնված «դոնկիխոտները» հայրենիքին հղած իրենց «դիմում-աղերսներին» զուգահեռ սկսում են լրացնել գրինքարտի հերթական «փրկիչ-դիմումները»։
Բառարանքից դուրս
Ինչպես նախորդ ժողովածուներում, այնպես էլ այստեղ Վահե Արսենին հաջողվել է գրել գաղջ իրականության մասին՝ պահպանելով բառի էսթետիկան, «ազնվական» գեղեցկությունը, որի արդյունքում ստացված պատկերներից ընթերցողի՝ գեղագիտական հաճույք ստանալը երաշխավորված է՝
«հասցեազուրկ մտքերի պես // ձեռքերս լցրի գրպաններս», «արևը ծանրացավ կոպերիս վրա, // և լույսը աչքերն իմ դրսից թարթեց»։
Ամբողջ գիրքը կառուցված է ներդաշնակորեն՝ սկսած գլուխների ու ենթագլուխների բաժանումից, մինչև ամեն բանաստեղծությանը վերնագիր տալը, և այդ ներդաշնակությունը փոխանցվում է ընթերցողին։
***
Ու չնայած, որ «այֆոնների» այս դարում ռոմանտիկան սկսել է աստիճանաբար նահանջել, Վահե Արսենի դեպքում այն ամենևին էլ կտրված չէ իրականությունից, այլ բխում և պտտվում է հենց այդ իրականության շուրջ։
Իսկ վերջին բանաստեղծությամբ՝ «Կորսված արևի արահետով», բանաստեղծը ամփոփում է ամբողջ գիրքը՝ իր հուսահատության ընկերոջ՝ Դոն Կիխոտի հետ խորհրդածելով կյանքի, ժամանակի ու ներկայի մասին, ամեն դեպքում գալով այն եզրակացությանը, որ
պետք է որսալ պահը՝ չբացառելով, որ գուցե արժեր փրկել երևակայական մի գեղեցկուհու հանուն ժամանակավրեպ սիրո։
Հեղինակ՝ Արաքս Սաֆարյան