Հոգևոր որոնումների «Ճանապարհին»
1900-ականների երկրորդ կեսը, բիթ սերունդը, խմիչքը, ջազն ու երիտասարդությունը կարծես վերակենդանանում են ամերիկացի գրող Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպը ընթերցելիս։ Գիրքն ամբողջությամբ Քերուեքի ճամփորդությունն է, որը սկսվում է Նիլ Քեսիդիի հետ ծանոթությամբ։ Վերջինս էլ, ոգեշնչելով Քերուեքին, դառնում է թե՛ նրա և թե՛ վեպի շարժիչ ուժը՝ որպես բիթ սերնդի հավաքական կերպար․
«Նիլի գալուց հետո իրոք սկսվեց իմ կյանքի այն մասը, որը կարող եք անվանել կյանք ճանապարհին»։
Իսկ ճանապարհը չի վերջանալու․․․
․․․այնքան ժամանակ, քանի դեռ չես ավարտել ընթերցելը․ահա վեպի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Քերուեքը այն գրել է կարճ ժամանակահատվածում, կարծես սպոնտան՝ շարադրելով մտքին եկածը՝ որպես գիտակցության հոսք։ Տպավորություն է՝ վեպն ինքն էլ ճանապարհի տեսք ունի, քանի որ չկան պարբերություններ, ու տեքստը ազատ է։
Մինչ ճանապարհ ընկնելը ծանոթանանք բիթնիկներին
Բիթ սերունդը (անգլ.՝ The Beat Generation) 1940-ականներին ամերիկացի գրողների կողմից ստեղծված շարժում էր, որն իր ազդեցությունը թողեց ամերիկյան հետպատերազմյան մշակույթի վրա՝ ուղղակիորեն հեղափոխելով այն։ Շարժման բերած հիմնական գաղափարը՝ կյանքը վայելելու կոչն էր՝ ի դեմս ազատ սիրո ու սեքսի՝ որպես հակադրություն պատերազմին։
Հենց բիթ սերնդի կարևորագույն ներկայացուցիչների շուրջ էլ պտտվում է «Ճանապարհին» վեպը՝ Ջեք Քերուեքի, Ալեն Գինզբերգի և Նիլ Քեսիդիի գլխավորությամբ, իսկ մյուս բոլոր նշանավոր բիթնիկների անունները այս կամ այլ կերպ շոշափվում են վեպում (հատկապես ծանոթագրություններում)՝ այն դարձնելով «ուղեցույց» 1940-ականների ամերիկյան իրականության մեջ չմոլորվելու համար։
Թե՛ վեպի և թե՛ ժամանակաշրջանի համար էական բնութագրիչ կողմ էր նաև երգարվեստը, այս դեպքում՝ շարժման առանցքում ջազն էր, որը ներթափանցել էր գրականություն․ գրողները այն օգտագործում էին իրենց զգացողությունները նկարագրելու, ընթերցողին փոխանցելու համար։ «Ճանապարհին» վեպն ընթերցելիս տողատակերում կարելի է «լսել» ջազի ռիթմեր, որոնց մասին հաճախ սիրում է խոսել Քերուեքը․
«Միչիգան լճից փչող քամին, լոբին, բոփը /ժազ երաժշտության ոճ/ «Լուփ» բարում, երկար զբոսանքներ Հարավային Հալսթեդ և Հյուսիսային Քլարկ թաղամասերով, իսկ կեսգիշերից հետո երկար զբոսանք ջունգլիում, երբ ոստիկանության մեքենան սկսեց հետևել ինձ՝ որպես կասկածելի անձի։ Այդ ժամանակ՝ 1947-ին, բոփը ցնցում էր ողջ Ամերիկան, բայց այն հիմիկվա պես զարգացած չէր։ «Լոփ»-ի ջահելները նվագում էին, բայց հոգնած, քանի որ բոփը Չարլի Փարքերի «Օրնիտոլոջի»-ից արդեն անցել էր, բայց դեռ չէր հասել այն ժամանակաշրջանին, որն իսկապես սկսվեց Մայլս Դևիսով»։
Դե իսկ վեպն ավելի լավ զգալու համար միացնենք ջազ ու անցնենք առաջ.
Կյանք՝ ճանապարհին
Վեպի սյուժեն ճանապարհն է, չդադարող ընթացքը։ Հերոսներն անցնում են ժամանակի ու տարածության միջով, իսկ մեքենայից դուրս բացվում է աշխարհը՝ փոխվելով կադր առ կադր։ Թվում է՝ նրանք ապրում են կյանքը՝ միաժամանակ մնալով «կադրից դուրս»։ Իսկ այդ ընթացքն առաջ տանողը, իհարկե, Նիլն է․
«Բայց հիմա մեջս ցեց էր ընկել, և այդ ցեցի անունը Նիլ Քեսիդի էր, ու ինձ սպասում էր ևս մեկ ճամփորդային պոռթկում»։
Ըստ էության, նրանք ճանապարհ են ընկնում կյանքը վայելելու համար՝ իրենց չկապելով, չգամելով որևէ տեղին կամ գործին, քանի որ ուզում են ապրել այսօրվա օրով, սուրալ նոր զգացողությունների հետևից, քամել կյանքից ցանկալին՝ հաճույք ստանալով ճանապարհին լինելու զգացողությունից, և ինչպես Նիլն է ասում ՝
«կսկսի քաղցր կյանքը, որովհետև հիմա ժամանակն ա, իսկ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԻՏԵՆՔ՝ ԺԱՄԱՆԱԿՆ ԻՆՉ Ա»։
Խելահեղ կյանքի հակառակ կողմը
Առաջին հայացքից ինքնանպատակ թվացող ճանապարհորդելու այս մղումը այդքան էլ միանշանակ չէ․ հետաքրքիր է, որ վեպում կա Նիլի հոր կերպարը։ Որդին փնտրում է նրան։ Նիլի հայրը հանդես չի գալիս որպես գործող անձ, բայց միևնույն ժամանակ նրա ներկայությունը կամ գոնե նրան գտնելու ձգտումը պարբերաբար զգացնել է տալիս։ Նիլի՝ հորը փնտրելը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց թերևս դա ինքնաճանաչման փորձ է, փորձ՝ սեփական անձը գտնելու ու դուրս քաշելու կյանքի հորձանուտից, երբ թվում է՝ ի սկզբանե անվերադարձ մոլորված ես եղել։ Այս համատեքստում անվերջ ճանապարհորդելը դառնում է միաժամանակ և՛ ինքնաճանաչման, և՛ փախուստի արտահայտություն՝ վախ՝ առերեսվելու կյանքի կայուն կողմին, քանի որ դա կնշանակեր դեմ առ դեմ կանգնել ներքին դատարկությանը։ Սա դատարկություն է, որից ծնվում է բնական ցանկություն, բայց միաժամանակ վախ հենց կայուն կյանքի նկատմամբ․
«Ուզում եմ ամուսնանալ մի աղջկա հետ,- ասացի նրանց,- որի հետ հոգիս կփարատվի մինչև ծերություն։ Էսպես չի կարող անընդհատ շարունակվել․․․ էս խելահեղությունը, թռվռալը։ Մենք պիտի մի տեղ գնանք, մի տեղ գտնենք»։ «Ախ, արա՛,- ասաց Նիլը,- էսքան տարի ոնց եմ սիրել քո էդ ՏՈՒՆԸ ու ամուսնությունը ու մնացած բոլոր գեղեցիկ հրաշալի բաները, որ կան սրտիդ մեջ»։
Երբ հանում ես վարդագույն ակնոցները
Այս առումով «Ճանապարհին» վեպը լավագույնս արտահայտում է 1940-ականների ամերիկյան երիտասարդության հոգեվիճակը՝ նրա կատարյալ կորսված լինելը։ Հիփփիների ու բիթնիկների գաղափարները ուղղակիորեն հակադրվում են պատերազմի ճանկերից նոր ելած իրականությանը, որոնք ամեն գնով փորձում են հակառակվել մահվանը՝ ապրելով յուրաքանչյուր պահը ու չմտածելով վաղվա օրվա մասին՝ ինչ-որ առումով նաև արհամարհելով պատերազմի գոյությունը։ Բայց հիփփիների վարդագույն ակնոցների ու բիթնիկների ջազային ռիթմերի ետևում անորոշությունն է, սեփական անձի ու սեփական կյանքի զգացողության կորուստը, որը հստակ ուրվագծվում է վեպում․
«Միակ բանը, որ ես ուզում էի, միակ բանը, որ ուզում էր Նիլը, միակ բանը, որ բոլորն էին ուզում․ ինչ-որ կերպ ներթափանցել իրերի էության մեջ, որտեղ, ինչպես արգանդում, մենք կարող ենք կուչ գալ ու քնել սքանչական քնով, որին Բըրոուզը հասնում էր մորֆինի մեծ դոզայով, իսկ գովազդային գործակալները հասնում էին «Սթուֆերս» ռեստորանում տասներկու սկոչ ու սոդա խմելով, որից հետո նստում են ալկոհոլիկնեի գնացքը դեպի Վեսթչեսթեր, բայց առանց խումարի»։
***
Այս ամենից հետո մնում է միայն ասել, որ «Ճանապարհին» վեպը կյանքը վայելելու ուղեցույց չէ, սերը, սեքսը կամ թմրանյութերը կյանքի բացարձակ հաճույք հռչակելը չէ․ այն պարզապես անորոշությունից դուրս պրծնելու փորձ է, որ դատապարտված է կրկին անորոշությանը, քանի որ կենդանի լինելու զգացողությունների ետևից անդադար սլացքը մաշում է ներքին խաղաղության մասին հույսերը։ Ինչպես ինքը՝ Քերուեքն է ասում՝
«վեպը երկու տղաների մասին է, որոնք ավտոստոպով գնում են Կալիֆորնիա, որպեսզի գտնեն մի բան, որը իրականում չեն գտնում, ճանապարհին կորցնում են իրենց ու վերադառնում՝ հույս ունենալով բոլորովին այլ բան գտնելու»։
Հայերեն
Վեպը հայերեն է թարգմանել Մարիա Սադոյանը, հրատարակել է Զանգակ հրատարակչությունը 2020 թվականին։
Հեղինակ՝ Արաքս Սաֆարյան