Հայտնի է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո առաջին թարգմանությունը կատարել է Աստվածաշնչի Առակների գրքից․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» կամ աշխարհաբար՝ «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»․ Հին Կտակարանի Առակաց գրքի այս նախադասությունը թերևս ծանոթ է բոլոր նրանց, ովքեր երբևէ հայերեն են սովորել, սակայն քչերը գիտեն թե ինչո՞ւ է Մեսրոպ Մաշտոցը գրավոր հայերենը սկսել հենց այս հատվածի թարգմանությամբ, նաև քչերն են կարդացել այս հատվածի շարունակությունը։ Իրականում Մեսրոպ Մաշտոցի ու գրերի գյուտի մասին պատմող պատմական աղբյուրներում այս ընտրության հստակ բացատրություն չկա։ Տարբեր ուսումնասիրություններում կարող ենք գտնել ուշագրավ մեկնաբանություններ։ Օրինակ՝ հայագետ Ֆրեդերիկ Կոնիբերը անդրադառնալով այս հարցին, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը հատկապես այս հատվածն ընտրել, եթե Աստվածաշնչում շատ ավելի կարևոր ու կենտրոնական հատվածներ կան, ենթադրում է, որ ուղղակի Մեսրոպ Մաշտոցի ձեռքն է ընկել Աստվածաշնչի ձեռագրի այն հատվածը, որը բացվում է Սողոմոնի առակներով։
Բանագետ, գրականագետ Արամ Ղանալանյանը այս ընտրությունը պայմանավորում է գրերի ստեղծման մանկավարժական-լուսավորչական նշանակությամբ, Աստվածաշնչի այդ հատվածի բովանդակությամբ ու ընկալման համեմատաբար հեշտությամբ, ինչն էլ կարող էր նպաստել, որ Առակների գիրքը դառնար յուրահատուկ նախաշավիղ-ընթերցարան հայ մանուկների համար․
«Սողոմոնի Առակների գրքում Մաշտոցին այս տեսակետից, առաջին հերթին, գրավել են նրա մեջ տեղ գտած այն ոչ քիչ թվով խրատներն ու առակները, որոնք մեծ մասամբ հասցեագրված էին նոր սերնդին՝ պատանիներին ու երիտասարդներին, և որոնց մեջ խոսվում էր մանկավարժական և հասարակական-բարոյական այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են՝ իմաստությունն ու հանճարը, ծնողների ու զավակների փոխհարաբերությունը, օտարամոլությունն ու հայրենասիրությունը, ջանասիրությունն ու ընչաքաղցությունը, արդարությունն ու խաղաղությունը», -գրում է Ա․ Ղանալանյանը։
Եվ այս տեսանկյունից Սողոմոնի առակների գիրքը՝ իր հետաքրքիր բովանդակությամբ, արծարծվող հարցերի խորությամբ ու ընդգրկունությամբ ի սկզբանե, և հետագայում էլ, Աստվածաշնչի ամենասիրելի ու տարածված գրքերից է։ Այստեղ կարող ենք գտնել մարդու անհատական ու հասարակական կյանքի գրեթե բոլոր երևույթների վերաբերյալ խորախորհուրդ մեկնաբանություններ ու խրատներ։ Այս նախադասությունն էլ դարձել է հայ ժողովրդին ուղղված մի յուրօրինակ ու մեծ պատգամ, գուցե մշակութային կոդ, որը բոլոր ժամանակներում արդիական է։ Art365-ը ներկայացնում է գրավոր հայերենը սկզբնավորողը Առակաց գրքի այս հատվածը․
Գլուխ 1
1․ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակներ
2․ Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը,
3․ ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝
4․ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար,
5․ որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ,
6․ թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ:
ԽՐԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ
7․ Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով,
իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում
են իմաստութիւնն ու խրատը:
8․ Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը,
9․ որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին:
10․ Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ,
11․ եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան, անմեղ տեղը սպանենք եւ հողի տակ ծածկենք արդար մարդուն,
12․ գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից,
13․ յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքը եւ մեր տները լցնենք աւարով:
14․ Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք, եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»:
15․ Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից,
16․ քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում, եւ նրանք շտապում են արիւն հեղելու:
17․ Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար:
18․ Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է
լինելու անիրաւ մարդկանց կործանումը:
19․ Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ
նրանք սպանում են իրենց հոգին:
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԿԱՆՉԸ
20․ Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում,
21․ քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ
խօսւում քաղաքների դարպասների մօտ:
22․ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու: Բայց
ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը,
պիտի դատապարտուեն յանդիմանութեան:
23․ Ահաւասիկ ես ձեր առջեւ կը բացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ.
24․ որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ,
25․ այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին:
26․ Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ եւ խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ:
27․ Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, եւ, ինչպէս մրրիկ, կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի,
28․ գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտռեն ինձ, բայց չեն գտնելու,
29․ քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին,
30․ չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները:
31․ Այսուհետեւ նրանք կ՚ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ:
32․ Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին:
33․ Իսկ նա, ով ինձ լսի, կ՚ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից: