Ռուս մեծագույն վիպասան Լև Տոլստոյի գերեզմանի վրա չկա ո՛չ խաչ, ոչ էլ գերեզմանաքար։
Գրողն ինքն էր այդպես կամեցել։ Նա նաև պահանջել էր, որ իր հուղարկավորությանը ոչ մի քահանա չմասնակցի, ոչ մի աղոթք չասվի, ոչ մի մոմ չվառվի։
Ռուս եկեղեցին լիովին փոխադարձում էր գրողի այս ատելությունը։ Մի երկու օրինակ բերենք, որ պատկերացնեք, թե որքան մեծ էր ռուս եկեղեցու ատելությունը գրողի հանդեպ։ Գրողի մահից հետո եկեղեցիներից մեկի պատին քահանաների կարգադրությամբ գրվեց “Лев Толстой горит в аду”/Լև Տոլստոյը այրվում է դժոխքում։
Էլ ավելի սարսափազդու փաստ․ հենց եկեղեցու հովանավորությամբ կոմս Տոլստոյի պատկերը դաջում էին արդուկների վրա, որ նա մշտապես այրվեր և որ յուրաքանչյուր ոք կարողանար թխել նրա վրա (այդ տարիներին արդուկի տաքությունը ստուգելու համար սովորաբար թքում էին վրան)։
Իսկ ինչո՞ւ։
Մի՞թե գրողն այնքան անհավատ ու անաստված մարդ էր, որ նման ատելության էր արժանացել։ Եվ ի՞նչն էր պատճառը, որ նա այդքան չէր սիրում եկեղեցական ծեսերն ու, ի վերջո, ինչո՞ւ նրա թաղման կարգը կատարվեց հայկական եկեղեցում․․․
Պաշտոնական երկու վկայություն կա առ այն, որ Տոլստոյի թաղման կարգը 1910 թվականի նոյեմբերի 9-ին կատարվել է Պետերբուրգի հայկական եկեղեցում։
Փաստաթուղթ 1
Պետերբուրգի անվտանգության վարչություն պետ, գնդապետ ֆոն Կոտտենի՝ Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարին ուղղված հաշվետվությունից․
«….ժամը 12-ին Հայկական Առաքելական եկեղեցում կատարվել է Լև Տոլստոյի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է 200 հավատացյալ՝ հիմնականում հայեր և մի քանի ուսանող։ Հոգեհանգստի արարողությունից հետո հավատացյալները ցրվեցին, բայց մի քանի րոպե անց եկեղեցի եկան մեծ թվով ուսանողներ։ Հայ հոգևորականները կրկնակի կարգ կատարեցին, որի վերջում եկեղեցին այլևս չէր տեղավորում բոլոր աղոթողներին, որոնց մեծ մասը կանգնել էր եկեղեցու հարակից տարածքներում և դռների մոտ։ Հոգեհանգստի արարողությունից հետո բոլոր ներկաները երգեցին «Հավերժ հիշատակ»…»։
Պաշտոնական ապացույց 2
Երկրորդ ապացույցը այն լուսանկարն է, որտեղ երևում են ուսանողներ Բարխուդարյանը, Խոջամիրյանը, Պարոն-Սարկիսովը և Մեբուրնուտովը՝ Տոլստոյի դագաղը ուսերին դրած։
Ռուս եկեղեցուց վտարված ռուս գրողին Հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարելը կարող էր լարում առաջացնել երկու եկեղեցիների միջև։ Սակայն այս դեպքը շատ մեծ ուշադրության չարժանացավ ռուս հոգևորականների և պետական այրերի կողմից․․․
Տոլստոյի սերունդներն ու տաղանդի երկրպագուները 2001-ին և 2006-ին՝ գրողի 100 և 105 ամյակների կապակցությամբ, դիմեցին Ռուս Ուղղափառ եկեղեցուն՝ մեծ վիպասանի հանդեպ «վերաբերմունքը» փոխելու համար։ Սակայն ստացան պարզ և հստակ պատասխան․ մոլորյալ քրիստոնյան կարող է զղջալ, ապաշխարել և ներվել եկեղեցու կողմից միմիայն սեփական կամքով, և ոչ երբեք հարազատների խնդրանքով։