1788 թ․ հունվարի 22-ին է ծնվել անգլիացի մեծ բանաստեղծ, ռոմանտիզմի գրականության ամենանշանակալի ու հայտնի ներկայացուցիչ Ջորջ Բայրոնը։ Նրա հանրահայտ ստեղծագործությունները՝ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», «Շիլիոնի կալանավորը», «Մանֆրեդ», «Դոն Ժուան» և այլն, հսկայական նշանակություն են ունեցել համաշխարհային գրականության մեջ ռոմանտիզմի գաղափարների տարածման գործում, թարգմանվել ու մեծ ազդեցություն են ունեցել ռուս, ապա նաև հայ գրականության զարգացման վրա։ Սակայն գրական ազդեցություններով չի սահմանափակվում լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի և հայ մշակույթի հարաբերությունը։ Բայրոնի ստեղծագործական ամենաբեղուն շրջանը համարվում է 1816-1818 թթ․, երբ ստեղծվեցին նրա նշանավոր շատ երկեր։ Այս շրջանում Ջ․ Բայրոնը ապրում է Վենետիկում և կապեր հաստատում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան հայկական միաբանության հետ։ Բայրոնի վենետիկյան կյանքի ու գործունեության մասին շատ մանրամասներ են պահպանվել բանաստեղծի՝ իր կենսագիր Թոմաս Մուրին և իր ստեղծագործությունների հրատարակիչ Ջոն Մըրրեյին ուղղված 14 նամակներում։
«Ամբողջ ձմեռ, ամեն առավոտ նա դուրս էր գալիս, մակույկով մեն-մենակ ճեղքում էր ջուրը՝ հայոց կղզի գնալու համար (կղզյակ մի խաղաղ ծովախորշի մեջ և Վենետիկից մոտավորապես կես լյո հեռու), գնում էր վայելելու տեղի գիտուն և հյուրասեր վանականների ընկերակցությունը, սովորելու նրանց դժվարին լեզուն։ Իսկ երեկոյան, մտնելով իր գոնդոլը, դարձյալ մակույկով, գնում էր միայն երկու ժամով աշխարհիկ հասարակության մեջ անցկացնելու», -գրում է Թոմաս Մուրը։
Բայրոնը սկսում է հայերեն սովորել և այս մասին հիշում է նաև նրա հայերենի ուսուցիչ Հարություն Ավգերյանը․
«Եւ նա սկսաւ գալ աւուրս յիսուն և ուսանէր ժամս երկուս կամ երիս, մանավանդ թէ անցուցանէր ի զրոյցս ի սփոփանս անձին։ էր նա երիտասարդ աշխոյժ, զուարթաբարոյ և բոցակն, և թէպէտ կաղ էր միով ոտամբ, բայց գեղեցիկ էր դիմօք»
Մինչ օրս էլ Մխիթարյան միաբանության շենքի թանգարանի հատվածում ցույց են տալիս «Բայրոնի սենյակը», որտեղ հայերենի իր դասերն է անցկացրել նշանավոր բանաստեղծը։
«Սկսել և շարունակում եմ հայոց լեզվի ուսումնառությունը, որին տիրապետում եմ հնարավորություններիս սահմաններում, ամեն օր գնում եմ հայկական վանք դասեր առնելու մի գիտնական վանականից և որոշ բացառիկ ու օգտակար տեղեկություններ եմ արդեն ձեռք բերել արևելյան այդ ժողովրդի գրականության և սովորությունների մասին։ Նրանք այստեղ ունեն հաստատություն՝ եկեղեցի և իննսուն վանականից բաղկացած միաբանություն։ Նրանցից ոմանք շատ ուսյալ և կիրթ մարդիկ են։ Ունեն նաև տպարան և մեծ ջանքեր են գործադրում իրենց ազգը լուսավորելու համար», -գրում է Բայրոնը 1816 թ․ դեկտեմբերի 4-ին Մըրրեյին։
Բայրոնը ազդված էր հայ ժողովրդի ողբերգական պատմությամբ, սակայն հիացած հայ մշակույթով ու Մխիթարյան միաբանության գիտնական հայրերով, հատկապես իր ուսուցիչ՝ Հարություն Ավեգերյանով, որին Պասկալ էր կոչում։ Նրանք միասին պատրաստել և հրատարակել են անգլերեն֊հայերեն, հայերեն-անգլերեն քերականության ձեռնարկները և անգլերեն-հայերեն բառարան («Քերականութիւն անգղիական և հայերէն» (1817), «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1819), «Բառարան անգղիերէն և հայերէն» (1821) )։ Բացի այդ, Բայրոնը կատարել է որոշ թարգմանություններ հայ մատենագրությունից։ Բանաստեղծի դրամական աջակցությամբ է հրատարակվում անգլերեն-հայերեն քերականության դասագիրքը։ Իր կապերի միջոցով նա նաև նպաստում գրքի տարածմանն ու վաճառքին։ Իսկ արդեն հայերեն-անգլերեն գրքի համար Հարություն Ավգերյանի խնդրանքով Բայրոնն առաջաբան է գրում, որտեղ մասնավորապես նշում է․
«Այս մարդիկ, մի հարստահարված և բարձրատոհմ ազգի կրոնավորներ են, ազգ, որը հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության։ Այս ժողովուրդը հարստացել է առանց կեղեքելու և ստրկության մեջ արժանացել պատվի առանց բանսարկության։ Բայց նրա տեղը այնուամենայնիվ երկար ժամանակ եղել է «գերության տան» մեջ, որ վերջերս բազմապատկել է իր անթիվ օթևանները։ Թերևս դժվար լինի գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք։ Սակայն ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին էլ լինի այն ապագայում, նրանց երկիրը հավետ պիտի մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, և թերևս նրանց լեզուն ավելի խորը ուսումնասիրության պահանջ է դնում՝ ավելի գրավիչ դառնալու համար։ Եթե վստահենք ս. Գրքին, դրախտը Հայաստանում էր, Հայաստան, որն իր հողի վաղանցուկ առնչակցության պատճառով Ադամի սերունդների պես թանկ վճարեց մի մարդու երջանկության դիմաց, որն իր փոշուց էր ստեղծված։ Հայաստանում էր, որ ջրհեղեղը սկսեց տեղի տալ, և իջավ աղավնին։ Բայց դրախտը դեռ չէր հասցրել անհետանալ, երբ ծայր առավ այդ երկրի տարաբախտությունը, քանզի երկար ժամանակ հզոր թագավորություն լինելով հանդերձ, համարյա երբեք անկախ չեղավ և պարսից սատրապները, և թուրք փաշաները նմանաբար անապատ դարձրին այն երկիրը, ուր աստված մարդուն ստեղծել էր իր իսկ պատկերով»։
Սակայն քաղաքական նկատառումներով այս առաջաբանը չի հրատարակվում, ինչից է վիրավորվում է բանաստեղծն ու դադարեցնում համագործակցությունը Մխիթարյան միաբանության հետ։ Չի տալիս նաև գրքի տպագրության համար խոստացած գումարը։
Ջորջ Բայրոնի Սուրբ Ղազար այցելությունների թեմային անդրադարձել է նաև Հովհաննես Այվազովսկին․ մեծ ծովանկարիչը 1899 թ․ ստեղծում է իր նշանավոր «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Աղբյուրը՝ Ա․ Բեքարյան, Բայրոնն ու Մխիթարյանները, ՊԲՀ, թիվ 2, 1988: