«Սասնա ծռերի» Կաթնով աղբյուրից մինչև Հայաստանի երրորդ հանրապետություն, Մարտիրոսից մինչև Վրեժ ճանապարհի, ապա նաև հայրերի, որդիների և «ծովը» վերագտնելու մասին է Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» վեպը: Այստեղ առօրեական մանր խնդիրներների, կին-տղամարդ հարաբերությունների քննարկումների կողքին կարելի է տեսնել նաև Հայաստանի ներկայի ցավոտ թեմաները` պատերազմ, ներքաղաքական վիճակ, արտագաղթ, սոցիալական խնդիրները, ճգնաժամ․ հերոսները ելքեր են որոնում ու առաջադրում սեփական գաղափարական մոտեցումը՝
․․․հայրենասիրությունը պարտադիր ընթերցանություն չի լինում:
Ես համաձայն չեմ իմ հոր հետ
Վեպի սյուժեն առաջ են տանում 4 գլխավոր կերպարները և նրանց «տոհմածառերը», որոնք ընթերցողի առաջ բացում են ամբողջ երկրի ընդհանուր բնութագիրը` անդրադառնալով հասարակության բազմազան, երբեմն էլ իրարից խիստ տարբեր շերտերի` ոստիկանապետ Վաչիկ-Պաչիկից մինչև Մարտիրոսները ու կոշկակար Գառնիկը:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հատկապես վարորդները աշխատանքի ժամին խմում են, որպեսզի հետո կարողանան հանգիստ հայտարարել, թե խմած էինք` չգիտեինք, թե ուր ենք գնում:
Թեև կերպարների բազմազանությունը, միջանկյալ նամակներն ու էպոսին հղումները փոքր-ինչ շեղում են ընթերցողին, բայց մի բան ակնհայտ է, որ պատումը կառուցվում է Մարտիրոսի, Գիքորի, Նազարի և Վրեժի շուրջ, որոնց անունները, բնականաբար, պատահական չեն ընտրված։ Պատահական չէ նաև վեպում նրանց ի հայտ գալու հաջորդականությունը` նույնպես: Իհարկե այս հաջորդականությունը կարելի է մեկնաբանել նաև քաղաքական տեսանկյունից, որը, սակայն, կրկին հանգեցնելու է միևնույն եզրակացությանը. ամեն անգամ ողջ պատասխանատվությունը բարդելը հայրերի վրա ոչնչի չի հանգեցնելու, քանի որ առաջ գնալ նշանակում է մտածել որդիների մասին:
- Առաջարկում եմ մեր պատմության բոլոր էջերի տակ գրել. «Ես համաձայն չեմ իմ հոր հետ»:
Մարտիրոսը ժպտաց: Վրեժը շարունակեց.
- Սա` որպես առաջին քայլ: Հետո պետք է նոր բան սովորեցնել երեխաներին: Պայմանականորեն ես դրա անունը դրել եմ «Հայրագիտություն»: Մենք երեխաներին կսովորեցնենք` ինչպիսին պետք է լինի հայրը, որ նա երբեք չի կարող մոռանալ, որ որդի ունի, չի կարող լքել նրան կամ համաձայնել, որ երբեք չի տեսնելու իր որդուն: Կսովորեցնենք, որ հայրն իրավունք չունի նահանջելու, թշնամուն իր տան` թեկուզ գահին նստած` սպասելու ու նրա առաջ իր տան դուռը բացելու:
Այս 4 կերպարներին հեղինակը բացահայտում է նրանց հայրերի միջոցով` առաջ քաշելով վեպի կարևորագույն հարցադրումներից մեկը` էությունը հասկանալու համար նախ և առաջ պետք է գտնել սկիզբը` հայրերին, այսինքն` հասնել արմատներին: Նույն սկզբունքը գործում է նաև երկրի, հայրենիքի դեպքում, և հենց այս համատեքստում է հեղինակը ընթերցողի առաջ դնում խնդիր` վեպում գտնելու ժողովրդի իրական հայրերին:
-Տենաս` ե՞րբ պիտի հասկանանք, որ ճանապարհ գնում են ողջերը, ոչ թե մեռածները: Տենաս քանի՞սը պիտի մեռնեն, որ սա հասկանանք, ու ո՞վ պիտի ծնվի, որ սա բացատրի:
Անքուն գիշերներից մեկից հետո Գառնիկը որոշեց, որ իրեն ուրիշ կոշիկ է պետք.
- Մեր կոշիիկները սխալ են: Մեր հայրերի կոշիկներն էլ էին սխալ: Մեր որդիները պիտի ճիշտ լինեն:
Հենց անքուն գիշերների արդյունքում Գառնիկը հասկացավ իր առաքելությունը ու գլուխը կախ` անցավ գործի:
Գաղափարներ, որոնք մարդեղեն են
Ժողովրդի իրական հայրերի գլխավորությամբ` վեպում բոլոր կարևոր կերպարները առանձին գաղափարների մարմնավորում են` ընդ որում կրկին ոչ պատահական հաջորդականությամբ. հենց այս առանձնահատկությունն է կազմում վեպի առանցքը: Կոշկակար Գառնիկի, պատմության նախկին ուսուցիչ Մուրադի, Զավենի, Անդոյի, Աբգարի և մյուս կերպարների միջոցով հեղինակը կառուցում է վեպի գաղափարախոսությունը` երբեմն նրանց ելույթներին հաղորդելով հրապարակախոսական երանգ: Օրինակ` Մուրադը հորդորում է պատմությանը նայել ուրիշ տեսանկյունից` ավելի սթափ ու դատող հայացքով.
Համ էլ մի թյուր կարծիք կա պատմության մասին, թե իբր դա գիտություն ա անցյալի մասին, այնինչ պատմությունը հենց ապագայի տեսությունն ա:
Պակաս կարևոր չէ նաև Զավենի դերը վեպում, որն իր ուսերին է վերցնում ազգային գաղափարախոսության ծանր բեռը` իր «Չմոռանալ» սրճարանով:
Չմոռանալ ո՛չ մեր երգը, ո՛չ մեր բերքը, ո՛չ մեր վերքը:
Դե իսկ ինչ վերաբերում է Գառնիկին, նա հստակ գծագրում է ելքի ճանապարհը` նահանջող ու փախչող ոտքերից ազատվելու ուղին, և որ ամենակարևորն է, սեփական օրինակով խոսքերից անցնում է գործելուն:
- Մեր կոշիկները սխալ են:
Մեկ շաբաթում Գառնիկը մոտավորապես հարյուր զույգ կոշիկ կարեց: Որոշեց վաճառել: Դրեց «բուտկայի» ամենաերևացող տեղում, տակն էլ գրեց` «Կոշիկներ` հող գրավելու համար»:
Ժողովրդի իրական հայրերը առաջին հայացքից հասարակ թվացող մարդիկ են` գաղափարներ, որ կենսական անհրաժեշտություն են երկրի համար, գաղափարներ, որոնց իսկապես պետք է հետևել. հենց նրանց է հեղինակը տալիս ամենակարևոր նշանակությունը` հակադրության մեջ դնելով երկրի գլխին կանգնած «առաջնորդների հետ»:
Հավերժ պատերազմի և խոպանի երկրում․․․
…չստացված առաջնորդների կողքին միակ լուսավոր կետը Ծովինարն է` ամենաակնհայտ հղումը էպոսին, որը, ջրին ու ծովին վերագրված նշանակության, հրեղեն ձիու և իհարկե գրքում տեղ գտած երգերի հետ միասին, ապահովում է վեպի ինքնատիպությունը: Այս բոլոր հղումները հարազատության զգացողություն են առաջացնում ընթերցողի մոտ ու ստիպում փնտրել ու անպայմանորեն գտնել աղերսներ Հայաստանի ներկայիս իրականության հետ, բայց քանի որ վեպը մեծ հաշվով հակաուտւպիա է, տեղն ու ժամանակը անորոշ են մնում, իրար երբեմն հակասելով` նույնիսկ շփոթեցնում ընթերցողին:
Այնուամենայնիվ, վեպում կարևորը ոչ թե տեղն է, այլ ուղին, ոչ թե ներկան, այլ ապագան, ոչ թե հայրերը, այլ որդիները, այն, որ ամեն ինչ միգուցե այլ ընթացք ստանա, եթե փոխենք մեր կոշիկները:
Ուրեմն ոչինչ չի ավարտվում, և ամեն ինչ կրկնվում է: Ուրեմն ոչինչ չի ավարտվում, և ամեն ինչ այլ կերպ անելու հույս կա․․․
…եթե նորից վերադառնանք սկզբին:
Հեղինակ՝ Արաքս Սաֆարյան