1802 թ․ հուլիս 24-ին է ծնվել աշխարհի ամենահայտնի, ամենից շատ հրատարակված և ամենաբեղուն գրիչ ունեցած հեղինակներից մեկը՝ Ալեքսանդր Դյուման(հայրը)(1802-1870)։ Դյումայի հսկայածավալ գրական ժառանգության մեջ ավելի քան 100 հազար էջ է հաշվվում։ Նա հեղինակել է վեպեր, պիեսներ, հոդվածներ, ուղեգրություններ հուշեր և այլն։ Բայց արդյո՞ք մեկ մարդը, մեկ՝ 68 տարի տևողությամբ կյանքի ընթացքում կհասցներ այդքան բան գրել, այն էլ այն ժամանակներում, երբ համակարգիչներ ու գրամեքենաներ չկային, հաճախ անհրաժեշտ էր լինում մի քանի անգամ արտագրել հսկայածավալ վեպերը, հաշվի նստել թղթի ու թանաքի առկայության ու որակի հետ և այլն։
«Վեպերի ֆաբրիկա» կամ «Ալեքսանադր Դյումա և ընկ․ առևտրի տուն»
Քչերը գիտեն, որ Ալեքսանդր Դյուման ուներ բազմաթիվ օգնական-համահեղինակներ, նույնիսկ «վեպերի ֆաբրիկա» կամ «Ալեքսանդր Դյումա և ընկ․ առևտրի տուն», ինչպես իր՝ 1845 թ․ հրապարակած պամֆլետում այդ ամենը նկարագրում է Էժեն դե Մերկուրը։ Նա նաև նշում է Դյումայի համահեղինակներին՝ Օգյուստ Անիսե Բուրժա, Պոլ Բոկաժ, Ադոլֆ դե Լյովեն, Պոլ Մարիս, Օգյուստ Մակե և այլք։ Այս մարդկանց անունները հայտնի էին Դյումայի ժամանակակիցներին ու Ֆրանսիայի գրական-թատերական իրականությանը, սակայն այսօր դրանք անհայտ են նույնիսկ Ֆրանսիական գրականության մասնագետներին ու Դյումայի երկրպագուներին։
Օգյուստ Մակեն՝ Դյումայի ամենահայտնի վեպերի (համա)հեղինակ
«Թանկագին բարեկամ, մեր համատեղ աշխատանքը մենք միշտ իրականացրել ենք առանց պայմանագրերի և ձևականությունների։ Մեզ միշտ բավարարել է մեր ընկերությունն ու ազնիվ խոսքը․․․ ։ Այսպիսով, այսօրվանից ես հրաժարվում եմ մեր՝ համահեղինակությամբ գրած հետևյալ վեպերի վերահրատարակման իրավունքից։ Այդ վեպերն են՝ «Շևալիե դ'Արմանթալ», «Սիլվանդիր», «Երեք հրացանակիրներ», «Քսան տարի անց», «Կոմս Մոնտե Քրիստո», «Կանանց պատերազմ», «Մարգո թագուհին», «Շևալիե դե Մեզոն-Ռուժ»։ Ես հաստատում եմ, որ դուք լիովին վարձատրել եք ինձ ամեն ինչի համար, համաձայն մեր բանավոր պայմանավորվածության»։
Այս խոստովանության հեղինակը Օգյուստ Մակեն է, ժամանակի հայտնի դրամատուրգներից մեկը։ Նրա այս խոսքն ընդգրկող նամակը որպես գրավոր ցուցմունք ներկայացվում է դատարանում, որտեղ Ալեքսանդր Դյուման դատական հայց էր ներկայացրել վերևում բերված պամֆլետի հեղինակ Էժեն դե Մերկուրի դեմ։ Դյուման ցանկանում էր ապացուցել, որ ինքը ոչ մեկի աշխատանքը չի շահագործում և վարձատրում է իր համահեղինակներին։
Սակայն տարիներ անց Դյումայի և Մակեի հարաբերությունները փոխվում են և 1858 թ․ արդեն Օգյուստ Մակեն է հայցով դիմում դատարան, իր համեհեղինակությունը հաստատելու և հեղինակային իրավունքի համար վարձատրվելու պահանջով։ Ըստ Մակեի վերևում բերված նամակը իրավունքներից հրաժարվելու մասին, գրվել է ճնշումների արդյունքում։ Մակեն նաև դատարանում ներկայացնում է համատեղ գրված վեպերի սևագրություններն ու տարբերակները, որոնք փաստում էին իր խոսքը։
Դատարանն ընդունում է ներկայացված փաստերը, սակայն հայցը չի բավարարում, քանի որ շատ դժվար էր իրականում գտնել համատեղ իրականացված ստեղծագործական աշխատանքի սահմանները։ Նաև շատ դեպքերում ակնհայտ էր, որ Դյումայի հեղինակած հատվածները կամ կատարած աշխատանքը շատ ավելի կարևոր դեր են ունեցել վեպերի ստեղծման գործում, քանի Մակեի միջամտությունները։
Ըստ այդմ էլ՝ դատարանը մերժում է Մակեի պահանջը։ Նա ևս երկու հայց է ներկայացնում, սակայն մերժվում։ Փաստը մնում է փաստ, որ ամբողջ աշխարհին հայտնի վեպերը Ալեքսանդր Դյուման գրել է ոչ միայնակ, սակայն գրականության պատմության ու ընթերցողական հիշողության մեջ մնացել է միայն նրա անունը, իսկ համեղինակները մոռացվել են։