Այս հոդվածով առանձնացրել ենք համացանցում, տարբեր հեռուստահաղորդումներում, խոսակցական լեզվում հանդիպող ամենատարածված սխալները, որոնք այնքան են հաճախադեպ, որ գրեթե նորմա են դարձել։
Ի ՇՆՈՐՀԻՎ. պետք է լինի ՇՆՈՐՀԻՎ
Շնորհիվ-ը շնորհ բառի գրաբարյան գործիական հոլովն է (= շնորհով), իսկ գրաբար գործիական հոլովն ի նախդիրի հետ գործածվել չի կարող։ Ուստի ի-ն այստեղ միանգամայն ավելորդ է:
ԱՅԼՈՔ. պետք է լինի ԱՅԼՔ
Այլ ոք գրաբարում նշանակում է ուրիշ/այլ մեկը, մեկ ուրիշը, այլ անձ, ո՛չ թե այլ անձիք, ինչպես շատ հաճախ գործածվում է այժմ։
Ի ԴԵՄ. պետք է լինի Ի ԴԵՄՍ
Միակ ճիշտ ձևը՝ ի դեմս-ն է, որը գործածվում է թե՛ եզակի եւ թե՛ հոգնակի բառի հետ. ի դեմս վարորդի, ի դեմս վարորդների։
Ի ՕԳՈՒՏ. պետք է լինի ՀՕԳՈՒՏ
Գրաբարյան ի նախդիրը ձայնավորով սկսվող բառից առաջ վերածվում է յ-ի, որն արտասանվում և գրվում է հ։ Ուստի՝ ի հանգստություն, ի տես, բայց՝ հուրախություն, հօգուտ։
ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ․ պետք է լինի ԿՐԿԻՆ
Կրկին նշանակում է ևս մեկ անգամ: Անգամ-ի իմաստը կա կրկին բառի մեջ, և հարկ չկա այն ավելորդ կրկնել:
ԲԱՆԸ ՆՐԱՆՈՒՄ Է․ պետք է լինի ԲԱՆՆ ԱՅՆ Է
Շատերը ռուսերեն дело в том-ը թարգմանում են ու «բանն այն է»-ն դառնում է բանը նրանում է: