Խոսակցական լեզուն երբեմն խճճում է անգամ ամենագիտակ լեզվասերին։ Դերանունների ձևերն ու կիրառությունները՝ «ինձ–ինձից», «քեզ–քեզից», «իրա–իր», «դուք–ձեզ», հաճախ դառնում են լեզվական երկմտանքի կամ սխալ գործածության պատճառ։ Այս հոդվածում Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է անձնական դերանունների ճիշտ հոլովումն ու գործածությունը՝ հստակ տարբերակելով գրական և խոսակցական ձևերը, բացատրելով դրանց ծագումն ու կիրառման մշակութային ենթատեքստը։
- Ոմանք մտահոգվում են, թե ո՛ր ձևն ընտրեն՝ ինձնի՞ց, թե՞ ինձանից, ու դժվար են կողմնորոշվում: Ասենք, որ 1-ին և 2-րդ դեմքերի անձնական դերանունների բացառական, գործիական և ներգոյական հոլովները զույգ ձևեր ունեն՝ առանց ա-ի և ա-ով: Երկուսն էլ ընդունելի են: Այնպես որ անվարան կարող ենք գործածել՝ ինձնից - ինձանից, քեզնից – քեզանից, ինձնով - ինձանով, քեզնով – քեզանով, ինձնում - ինձանում, քեզնում – քեզանում:
Նույն կերպ նաև հոգնակի թվում՝ մեզնից / մեզանից, մեզնով / մեզանով, մեզնում / մեզանում, ձեզնից / ձեզանից, ձեզնով / ձեզանով, ձեզնում / ձեզանում:
Թվում է, թե ապագայում կարճ ձևերը կհաղթեն: Կամ գուցե արդեն հաղթել են: Բացի մեզանումձևից, որը կայունացել-քարացել է ու բառի արժեք ձեռք բերել: Ասենք, որ Արևելահայերենի ազգային կորպուսում գրանցված կա մեզանում-ի 3308 գործածություն, իսկ մեզնում-ի՝ ընդամենը 91: Խոսուն փաստ:
- Դու դերանվան սեռական հոլովաձևն է քո: Ժողովրդական խոսքում գործածվում է սրա քուտարբերակը, որն արևելահայերեն գրական խոսքում անընդունելի է: Այնինչ արևմտահայերենում քու-ն միանգամայն ընդունելի, կանոնական ձև է: Օրինակ՝
Քու յիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կը յուզէ... (Վ. Թեքեյան):
- Ես – ինձ, դու – քեզ, մենք – մեզ, դուք – ձեզ: Ոմանք գրական և խոսակցական լեզուների, արևելահայերենի և արևելահայերենի սահմանները խախտում ու արևելահայերեն խոսքում ասում ենինձի (արևմտահայերեն ինծի) տվեց, քեզի ասեցի, մեզի ձեռ չի տալիս, ձեզի քանի անգամ հիշացնեմ և այլն: Սրանք արևելահայերեն լեզվական ցածր մակարդակի նմուշներ են:
- Ինքը դերանունը կարող է գործածվել ս և դ հոդերով՝ ինքս, ինքդ, հոգնակին՝ ինքներս, ինքներդ:Ուշադրություն պիտի դարձնել դ հոդին. ոմանք, անդադար սխալվելով, ինքդ-ը համառորեն գրում են տ-ով:
- Ինքը դերանվան սեռականի ձևն է իր, ուստի իր տունը, իր գործը և այլն: Արևելահայերեն խոսակցական լեզվում հաճախ ենք լսում իրա ձևը, որը կարող է հայտնվել նաև գեղարվեստական խոսքում: Օրինակ՝
Բայց ի՛նչ, ես լվացքի, նա իրա գրադարանում. ի՛նչ ասես անում է, ո՛ւմ հետ ասես խոսում է (Ստ. Զորյան):
Չափածոյում այն գործածում են հիմնականում հանգի թելադրանքով.
Խալիչա է հյուսում Գյուլնարան,
Հույզերից է հյուսում կարծես նա,
Ահա նա հինվածքի վրա
Նկատում է պատկերը իրա (Գ. Սարյան):
Չնայած գեղարվեստական գրականության մեջ իրա ձևի սակավաթիվ գործածություններին, այն, միևնույն է, մերժելի է կանոնական խոսքում:
Միաժամանակ հավելենք, որ այս իրա-ի շարքը ոմանք «ամբողջացնում են»՝ ասելով իրան, իրանից, իրանով:
- Ասացինք, որ սովորական (ու ճիշտ) են իր գիրքը, իր նշանածը և նման կապակցությունները, որոնց փոխարեն ոմանք ասում են իրեն գիրքը, իրեն նշանածը՝ կարծելով, թե գրական են խոսում: Ո՛չ և ո՛չ:
- Իր հոլովաձևի փոխարեն հատկապես նախանցյալ դարի գեղարվեստական գրականության մեջ գործածվում էր յուր ձևը, որն այժմ հնացած է և գործածությունից լիովին դուրս մղված:
- Շատերն իրենց խոսքում չարաշահում են ես դերանունը. Ես գնացի, ես բերեցի, ես հաղթեցի, ես ուզում եմ և այլն, և այն: Սա հուշում է, որ խոսողը եսակենտրոն մարդ է. դա վանում է: Հայերենում բայի կողքին հաճախ կարող ենք դերանունները պարզապես չդնել, քանի որ թվի և դեմքի գաղափարները բայի վերջավորությունների միջոցով արդեն իսկ արտահայտվում են: Ահա այսպես.
Մի՞թե չգիտես, որ քn սիրով եմ միայն ապրում, եթե սիրտս քամես, սերդ կծորե այնտեղից, միայն քn սերը և ուրիշ ոչինչ: Տիեզերքի չափ սիրում եմ քեզ, տիեզերքի չափ... (Ավ. Իսահակյան):
- Ես ինքս, դու ինքդ, նա ինքը, մենք ինքներս, դուք ինքներդ, նրանք իրենք դերանուններն այսպես էլ գրվում են: Առաջին բաղադրիչի վրա բութ չի դրվում: Այո՛, ոմանք ավելորդ «գրագիտություն» են ցուցաբերում:
- Բարեկիրթ խոսքում, որպես հարգանքի նշան, դու-ի փոխարեն գործածվում է նրա հոգնակին և գրվում մեծատառով, ինչպես՝ Դուք, Ձեր, Ձեզ և այլն: Օրինակ՝
Իմ երգը միշտ Ձեզ է երգում.
- Դուք երգ ու հմայք եք, տիկի՛ն (Ե. Չարենց):
Թարգմանական որոշ ստեղծագործություներում կարող ենք տեսնել այս ձևերի համատարած փոքրատառով գրություն: Դա թարգմանչի որոշումն է, բայց կանոնը չի փոխվել:
- Հայաստանյան բանավոր խոսքում ինքը անձնական դերանունը շատերը հաճախ գործածում են իրերի մասին խոսելիս՝ այդպես անձնավորելով բնակարանը, համակարգչային ծրագիրը, գինին, անձեռոցիկը, բաժակը, կոշիկը և այլն, և այլն: Այսպիսի խոսքը երբեմն թյուրիմացությունների պատճառ է դառնում. Չես հասկանում՝ ո՛ւմ, թե ինչի՛ մասին է խոսքը: Պիտի գործածել ցուցական դերանուններ՝ սա, դա, նա կամ դիմել այս, այդ, այն ցուցականների օգնությանը, ինչպես՝ այս բնակարանը, այդ գինին և այլն:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ