Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերենի այբուբենի երեսունվեց տառերը՝ ա-ից մինչև ք (այբից մինչև քե): Միջին դարերում հայերենի այբուբենին ավելացել են օ, ֆ տառերը: Հավելված տառերը մաշտոցյան այբուբենին միանում էին և շաղկապի միջոցով: Այդ գրանշանը յուրահատուկ է. առաջացել է ե-ի և ւ-ի (վյունի) կցման հետևանքով: Դասական ուղղագրությամբ՝ եւ, այժմ՝ և:
Անդրադառնանք և-ի գրության, և կամ եվ ունեցող բառերի ուղղագրության դժվարություններին: Ներկայացնում ենք 10 դեպք:
-
Եվ
Մեծատառ և-ն արտահայտվում է երկու տառով՝ Եվ (Ե-ն մեծատառ, երկրորդ տառը՝ վ-ն՝ փոքրատառ, ավանդական ուղղագրությամբ՝ Եւ): Օրինակ՝ Եվրոպա, Եվրասիա, Եվա, Եվպատորիա և այլն:
Սա էլ նախադասության սկզբում. «Եվս երկու աջակից ունեցանք»:
- Եվրոպա – եվրոպացի, արևմտաեվրոպական
Եվրոպա անունից կազմված բառերի (ոչ հատուկ անունների) սկզբում և բառամիջում գրվում է եվ՝ եվրոպացի, եվրոպական, արևմտաեվրոպական, հնդեվրոպական (լեզվաընտանիք) (ոչ թե «հնդևրոպական», ինչպես անցյալում էին գրում):
-
տևական, անձրև, ևս
Բառամիջում և բառավերջում և-ը գրվում է մեկ տառով: Օրինակ՝ արևային, երևույթ, տերև: Բառասկզբում հազվադեպ է ՝ ևս, ևեթ (վաղը ևեթ):
- ԵՐԵՎԱՆ
Երբ որևէ բառ, արտահայտություն կամ նախադասություն գրում ենք մեծատառերով, ապա գրվում է ԵՎ: Այսպես, օրինակ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի անունը՝ ԵՐԵՎԱՆ, ոչ թե ԵՐևԱՆ, ԵՐեւԱՆ կամ ԵՐեվԱՆ, ինչպես երբեմն տեսնում ենք տարբեր տեղերում: Կրկնում ենք՝ այս դեպքում բոլոր տառերը մեծատառ:
Նույն կերպ սխալ է, երբ ազդագրում գրված է լինում, օրինակ, «ՍԵՐ և ԽԱՐԴԱՎԱՆՔ». պիտի լինի «ՍԵՐ ԵՎ ԽԱՐԴԱՎԱՆՔ»՝ բոլորը մեծատառ:
-
հոգեվարք
Բառեր կան, որոնցում եվ ենք գրում, քանի որ վ-ով սկսվող բաղադրիչ ունենք: Ահա այսպես՝ գերեվարել (< վարել): Գերի բառի ի-ն դարձել է ե և «հանդիպել» վարել բայի վ-ին, դրա համար էլ գրվում է եվ: Այդպես էլ հոգեվարք, որ «հոգու վարքն» է, տարեվերջ (տարվա վերջը), ոսկեվարս (ոսկե վարսեր՝ մազեր): Սխալվում են հատկապես գերեվարել և հոգեվարք գրելիս:
-
ոսկևորել
Երբ ի-ով վերջացող բառին հաջորդում են ա հոդակապը և -վոր ածանցը (կամ պարզապես –ավոր-ը), տեղի է ունենում հնչյունափոխություն և գրվում է և: Այսպես՝ հոգևոր (< հոգի+ա+վոր), ոսկևորել (< ոսկի+ա+վորել) «ոսկեզօծել, ոսկեջրել», գոտևորել (< գոտի+ա+վորել) «գոտի կապել մեկին», «գոտի անցկացնել», «չորսբոլորը եզերել, շրջապատել»: Պարզ երևում է, որ վ-ով սկսվող բառամաս չունենք, ուստի գրում ենք և: Այդպես էլ՝ արժևորել «արժեքավորել»:
Հավելենք, որ վերջերս գործածվում է նաև գոտիավորել բառը, որ նշանակում է «գոտիների բաժանել» (այստեղ, իհարկե, և-ի խնդիր չի առաջանում, հիշատակում ենք, քանի որ գոտևորել բայի չհնչյունափոխված բաղադրիչներն են):
-
սերկևիլ
Այս և համանման բառերը (օրինակ՝ առևանգել) գրում ենք և-ով, քանի որ եվ գրելու հիմքեր չկան:
-
այսուհետև
Այս բառն առաջացել է այս և հետ բառերի գրաբարյան գործիական հոլովի ձևերից: Այսու բաղադրիչի համար կարող ենք համեմատել այսուամենայնիվ բառի հետ, հետև բաղադրիչի համար՝ որովհետև-ի: Շատերը գիտական խոսքում, պաշտոնական գրություններում այսուհետև-ի փոխարեն գրում են այսուհետ: Ավելին, ոմանք այսուհետև գրողներին նույնիսկ ուղղում են, թե իբր ճիշտ ձևը այսուհետ-ն է: Բայց բառը մկրատողները հաշվի չեն առնում, որ լեզվում համակարգային կապեր կան, որոնք անթույլատրելի են դարձնում այդ կարգի միջամտությունները: Այսպես, եթե ընդունելի համարենք այսուհետ-ը, այդ դեպքում ի՞նչ անենք նույն կառուցվածքն ունեցող այնուհետև-ի հետ: Սա այնուհետ դարձնելն ուղղակի արտառոց կլինի: Ուստի այսուհետև և այնուհետև, երկուսն էլ բառավերջի և-ով:
-
Անդրեև
Ռուսական ազգանունների վերջում գրում ենք և, ինչպես՝ Ալեքսեև, Պրոկոֆև, Սերգեև: Այդպես էլ այլալեզու անձնանունների դեպքում, ինչպես՝ Զբիգնև և այլն (հայկական Պարգև-ի նման):
-
գուցեև / գուցե և
Գուցե «թերևս, հավանաբար» բառը ունենք, որը հաճախ գործածում ենք և-ի հետ՝ գուցե և «կարող է պատահել, հնարավոր է»: Գուցե-ն և և-ը այնքան են միասին ու սերտ գործածվել, որ կցվել են ու ավելի շատ անանջատ են գրվում՝ գուցեև: Եվ մարդիկ երբեմն չեն կողմնորոշվում՝ միասի՞ն գրեն, թե՞ անջատ: Հիմա անցման շրջան է, և երկու ձևն էլ ընդունելի պիտի համարել՝ գուցեև կամ գուցե և: Նկատելի է, որ ի վերջո հաղթելու է անանջատ գրությունը, քանի որ երկու բաղադրիչների միջև արտասանական դադար գրեթե չկա:
Այդպես էլ ունենք ուստի - ուստիև / ուստի և, թեպետ - թեպետև / թեպետ և:
Այնինչ բայց և այնպես / բայցևայնպես: Կրկին հավասարարժեք են, բայց բաղադրիչներն ավելի շատ առանձին են գրվում: