-
ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ
Գրաբարյան սրբություն սրբոց / սրբութիւն սրբոց կապակցությունը ժամանակակից հայերենում նշանակում է «սրբությունների սրբություն»: Ասում են նվիրական, գերագույն սրբություն համարվող իրողությանը, երևույթին: Օրինակներ՝ «Սրբություն սրբոց է եղել այդ մատյանը Մշո գավառի ջերմեռանդ հայության համար» (Ս. Կապուտիկյան), «Որքան էլ այդ մժղուկները պղծեին թատրոնը, միևնույն է, թատրոնը հորս համար սրբություն սրբոց էր» (Ա. Շեկոյան):
Շատերը սխալմամբ ասում են (ու գրում) սրբության սրբոց, որ քերականորեն ճիշտ չէ: Ցավոք, այդ ձևով գրանցվել է հայտնի բացատրական բառարաններից մեկում: Դա ամրապնդում է սխալի դիրքերը:
Սխալ է նաև այս կապակցությունը գծիկով գրելը:
Ճշտենք՝ միայն սրբություն սրբոց:
-
ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ
Գրաբարից նոր հայերենին է անցել ըստ արժանվույն քարացած կառույցը, որ նշանակում է «ըստ արժանիքի, արժանիքի համեմատ, արժանիքին համապատասխան»: Օրինակ՝ «Ես նաև պիտի հետևեի արվեստի բոլոր ճյուղերում կատարվող իրադարձություններին և արձագանքեի ըստ արժանվույն» (Ա. Այվազյան):
Սխալ է ըստ արժանավույն ասելն ու գրելը: Ոմանք նույնիսկ առանց ըստ-ի են ասում՝ արժանավույն: Կրկին մերժելի:
Խորհուրդ. չսխալվելու համար նախդրավոր կառույցի փոխարեն կարելի է պարզապես ասել արժանապես կամ արժանիորեն, արժանի կերպով կամ էլ արդեն հիշատակվածները՝ ըստ արժանիքի, արժանիքի համեմատ, արժանիքին համապատասխան:
-
ՄԵԾԱՎ ՄԱՍԱՄԲ
Մեծավ մասամբ-ը գրաբարյան քարացած կապակցություն է (մեծաւ մասամբ): Նշանակում է «մեծ մասով, գլխավորապես, հիմնականում», «ավելի հաճախ, առավելապես»: Գրաբարյան այսպիսի ձևավորմամբ փոխանցվել է աշխարհաբարին, գործածվում է մեր օրերում նույնպես: Օրինակներ կարող ենք բերել դասական ու ժամանակակից գեղարվեստական գրականությունից («Դուք նկատե՞լ եք, որ չար լեզուները մեծավ մասամբ ճշմարտախոս են լինում» - Ռ. Պատկանյան) և մամուլից («Այսօրվա հասարակությունը մեծավ մասամբ շարունակում է ապրել հին մտայնությամբ» - «Ազգ»): Բայց հնացած է:
Առանձին գործածվում է (և անշուշտ ճիշտ է) մասամբ բառը, որը նշանակում է «մի մասով, մասնակիորեն, ոչ ամբողջովին»:
Բայց ահա ցանկալի չէ գործածել մեծամասամբ կազմությունը, որը գոյացել է մեծավ մասամբ կապակցության բաղադրիչների անբնական ձուլումից: Ավելի լավ է ասել մեծ մասամբ կամ էլ պարզապես մասամբ, եթե, իհարկե, չեք ուզում ասել մեծավ մասամբ:
-
Ի ԶԱՐՄԱՆՍ
Գրաբարի օրինաչափությամբ ի զարմանս կապակցության մեջ զարմանք բառի վերջի ք-ն դառնում է ս: Ի զարմանս մեկի նշանակում է «մեկին զարմացնելով, մեկին զարմանք պատճառելով»: Օրինակներ՝ «Միակ նշանավոր դեպքը բժշկի ամուսնությունն էր ու կրկին ծխամորճ ծխելը, որը թողել էր ի զարմանս ամբողջ գյուղի» (Զ. Խալափյան), «Նա այդպես էլ չամուսնացավ ի զարմանս բոլոր միջնորդների» (Օ. Օքրոյան):
Ի նախդրի սիրահարները, չիմանալով քարացած կառույցի մասին, ասում ու գրում են ի զարմանք: Հանդիպում է բանավոր խոսքում, նաև գրականության մեջ, հատկապես թարգմանական գործերում: Օրինակներ՝ «Չնայած սոսկալի քաղցին, ի զարմանք բուժակի, նա ուտում էր հանգիստ, առանց շտապելու» (Վ. Հարությունյան), «Բայց ի զարմանք Կարոյի, մարդը գնաց ուղիղ դեպի մոլախոտերը» (Ա. Գյումրեցի): Այդպես գործածողները դա անում են հայտնի կապակցությունների հետևողությամբ, ինչպես՝ ի գիտություն, ի տարբերություն, ի շահ: Հաշվի չեն առնում, որ բառավերջում ք ունենք, որը փոխվում է ս-ի (հմմտ. օրենք – օրենսդիր, մեղք - մեղսալի):
-
ԸՍՏ ԻՍ
Գրաբարյան ըստ իս կառույցը նշանակում է «իմ կարծիքով»: Ոմանք «թարգմանաբար» ասում են ըստ ինձ:
Ընտրություն պիտի կատարել՝ կա՛մ ըստ իս, կա՛մ իմ կարծիքով: Երրորդ տարբերակն էլ կա՝ըստ իմ կարծիքի:
Ըստ իս (կամ իմ կարծիքով)՝ շուտով հրաժեշտ կտանք ըստ ինձ-ին, որ ականջ է սղոցում:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ