Հայերենի բաղաձայնների ուղղագրությունը սովորեցնում են հիմնականում հակադրման և զուգադրման միջոցով: Դա արվում է ըստ հնչյունների եռյակների (բ – պ – փ, գ – կ – ք, դ – տ – թ, ձ – ծ – ց, ջ – ճ - չ) և երկյակների (ղ – խ, վ – ֆ, մ - ն, ր - ռ, ժ – շ, զ – ս): Հ-ի դեպքն ուրիշ է. սա հակադրություն չունի: Այս պարագայում բառի մեջ կա՛մ հ կա, կա՛մ էլ չկա, բայց լինելու կասկածը կա: Հ-ի լինել-չլինելու հարցն է երբեմն շփոթեցնում մարդկանց:
Ներկայացնենք հ-ի ուղղագրությանն ու արտասանությանը առնչվող դժվարությունները և դրանք հաղթահարելու հնարները:
- Արհամարհել բառի երկրորդ հ-ն չի արտասանվում, բայց գրվում է: Ոմանք դա մոռանում են: Ավելին, բառի սկզբնամասում ր-ի փոխարեն էլ ռ են գրում՝ շփոթելով առ նախամասնիկի հետ (որոշ բարբառախոսներ նույնիսկ ասում են առ եմ համարում): Ի՞նչ անել: Հարկավոր է իմանալ և հիշել, որ բառի կազմում երկու արհ կա: Եվ վերջ:
- Արհավիրք բառի մեջ ոմանք ավելորդ հ են գրում թերևս արհամարհանք բառի ազդեցությամբ:
- Աշխարհայացք բառը գրելիս ոմանք զարմանում են, թե բառն ինչո՛ւ է այդպիսին, երբ աշխարհ-ի վերջում հ կա, մի հ էլ հայացք-ի սկզբում: Անգամ մտածում են երկու հ գրելու մասին: Բառակազմությունն այսպիսի ընթացք է ունեցել. աշխարհ+ա+հայացք – աշխարհահայացք, որից կրկնվող հա-ն կրճատվել է, ուստի ունենք աշխարհայացք:
- Խոր արմատից ունենք խորին բառը, որը տարբեր իմաստներ ունի՝ «մեծ, ուժգին, սաստիկ, ծանրակշիռ» (խորին հարգանք՝ ակնածանք և այլն):
Եվ ահա խորհել «մտածել» բառի ազդեցությամբ ոմանք խորին-ը սխալմամբ գրում են հ- ով: Սրանք շփոթելի չեն: Խորհել բառի արմատը խորհ-ն է (խորհուրդ, խորհրդակից, խորհրդատու, խորհրդանիշ), ր-ի անկումով՝ խոհ-ը (լրջախոհ, համախոհ, խոհեմ):
- Ընդ նախամասնիկով կազմված բազմաթիվ բառերից մեկը ընդհանուր-ն է, որը կազմվել է ընդ և հանուր բաղադրիչներից: Այստեղ հ գրելը պարտադիր է, որքան էլ արտասանության ժամանակ հ-ն ոմանք «չեզոքացնում են» (դհ-ն թ դարձնելով): Մարդիկ այս բառի ազդեցությամբ ընդամենը բառում հ են գրում՝ ընդհամենը: Չի կարելի, քանի որ ամենը բառն է:
- Ընդարձակ բառի մեջ էլ են ոմանք հ խցկում՝ այն սխալմամբ կապելով հարձակվել բառի հետ: Այնինչ արձակ-ն է (Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց – Վ. Տերյան):
- Ընդհատել, ընդհակառակը, ընդհարվել բառերում հ կա, քանի որ հատել, հակառակը, հարվել բառերն են: Գուցե արտասանելիս հ-ն ընդգծված չի հնչում, այնուամենայնիվ գրելը պարտադիր է, քանի որ բառի տեսքն է աղավաղվում, որը կարող է սխալ ընկալման պատճառ դառնալ:
- Իրար նման երկու տարբեր բառեր կան, որոնք զանազանվում են հ-ի առկայությամբ / բացակայությամբ: Այդ բառերն են՝ հովհար «ձեռքի փոքրիկ հարմարանք հով անելու համար» (Կնոջ ձեռքին հովհար կար) և հովար «գլխարկի կիսաշրջանաձև առաջամասը» (Տղայի գլխարկի հովարն անսովոր երկար էր):
- Ամպհովանի բառը նշանակում է «մեծ և զարդարուն քառակուսի հովանոց կաթողիկոսի և բարձրաստիճան ուրիշ հոգևորականների համար»: Բառի կազմում հով արմատը կա, և հ-ն արտասանվում ու գրվում է:
- Հեղ արմատից ունենք հեղել (նշանակում է «թափել, լցնել»), հեղուկ, արյունահեղություն և այլն: Արմատի կրկնությամբ և երկրորդ հ-ի անկումով առաջացել է հեղեղ բառը, որից էլ շատ հին ժամանակներում կազմվել են ջրհեղեղ, հեղեղատ, հեղեղել բառերը և V դարում գործածվել հայերեն Աստվածաշնչում:
- Այսօր հեղհեղուկ «փոփոխական, անհաստատ, անկայուն» գրվող բառը ավանդական ուղղագրությամբ գրվել է յեղյեղուկ: Սա կազմվել է յեղ արմատի կրկնությամբ (այս արմատը տեսնում ենք յեղափոխութիւն բառի մեջ): Հայաստանում անցյալ դարում կատարված ուղղագրության փոփոխությունից հետո բառը գրվում է հ-երով՝ հեղհեղուկ: Մարդիկ այս բառի ազդեցությամբ կասկածներ են ունենումհեղեղատ բառը գրելիս, այնինչ դրանք կապ չունեն: Ուստի հեղհեղուկ՝ երկու հ-ով, հեղեղատ՝ մեկ հ-ով:
- Արմատի կրկնության հիման վրա է կազմվել հայթայթել բառը, որը մի ժամանակ գրվել է հայթհայթել, սակայն հետագայում երկրորդ հ-ն ընկել է: Թե՛ արևելահայերենում և թե՛ արևմտահայերենում գրվում է հայթայթել, առանց երկրորդ հ-ի: Այն գրելը սխալ է:
Այդպես էլ անհեթեթ «անիմաստ, անմիտ» բառն է մեկ հ-ով:
- Հայհոյել բառը կազմվել է հայ բնաձայնության կրկնության հիման վրա: Բառի երկու հ-երն էլ գրվում և արտասանվում են: Այդպես էլ հայհոյանք, հայհոյախոս, հայհոյություն:
- Շնորհ արմատից բազմաթիվ բառեր են կազմվել՝ շնորհալի, շնորհավոր, շնորհակալ, ապաշնորհ,բարեշնորհ և այլն: Այս կարգի բառերից թերևս միայն անշնորհք բառի գրության ժամանակ են մարդիկ սխալվում, երբ հ-ն չեն գրում: Այնինչ այդ հ-ն արմատի վերջին հնչյունն է:
- Նշխար բառի վերջում հ չկա, երբևէ չի եղել: Սխալվողները շփոթում են րհ ունեցող բառերի հետ (աշխարհ, ճանապարհ և այլն):
- Ապաշխարել «զղջալ գործած սխալի՝ հանցանքի համար, ջանալ մեղքը քավել ու դարձի գալ» բառը շատերը կապում են աշխարհ բառի հետ և գրում հ-ով: Այնինչ այդպես չէ, ուստի պիտի գրել առանց հ-ի, ինչպես նաև ապաշխարանք, ապաշխարություն:
- Հեկեկալ «արտասվել, լաց լինել» բառը կազմվել է արմատի կրկնությամբ, բայց երկրորդ հ բառի կազմում երբևէ չի եղել (չի գրվել), հետևաբար ներմուծելն ուղղակի սխալ է:
- Նախագահ բառի վերջում հ կա, քանի որ գահ արմատն է: Ոմանք այդ հ-ն զեղչում են և ասում «Նախագան եկավ», որն ականջ ծակող սխալ է: Պիտի ասել՝ «Նախագահը եկավ», «Նախագահը ելույթ ունեցավ», «Նախագահը ստորագրեց հրամանը»: Հարկավոր է հստակ որոշել և բառավերջի հ-ն վստահորեն ասել:
- Ոմանք լավ չիմանալով անպատեհ «անտեղի, անհարմար, ոչ պատշաճ» բառը՝ այն արտասանում են առանց բառավերջի հ-ի, որ ճիշտ չէ: Այդ մարդկանց ասենք, որ բնականորեն ունենք նաև պատեհ«պատշաճ, հարմար, համապատասխան» բառը, որից կազմվել է անպատեհ-ը: Այդ երկուսի հարադրումով գործածում ենք պատեհ-անպատեհ «տեղին-անտեղի» իմաստով կապակցությունը (Պատեհ-անպատեհ հիշեցնում էր իր բարեկամի մասին):
- Հովհաննես բառում վ-ից հետո հ կա: Անձնանունը համառոտագրում ենք հենց հ-ի վրա: Այսպես՝Հովհ. Թումանյան, Հովհ. Այվազովսկի:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ