Հրամայական եղանակն արտահայտում է հրաման, կոչ, կարգադրություն, թելադրանք, հորդոր, պահանջ, խնդրանք, առաջադրանք, խրատ, պատվեր, ցանկություն և արգելում: Պարզ բայերի ձևերը հայտնի են հայերեն իմացողներին՝ երգել – երգի՛ր, երգե՛ք, խաղալ – խաղա՛, խաղացե՛ք և այլն:
Անդրադառնանք այն դեպքերին, երբ հրամայականի կազմությունը և գործածությունը դժվարություններ են ստեղծում հայերեն խոսողների և գրողների համար:
- Ել վերջավորությամբ բայերի դեպքում հրամայականը կազմվում է –իր մասնիկով՝ քայլի՛ր, նստի՛ր, կառուցի՛ր, ների՛ր: Այստեղ առանձնակի դժվարություն չկա, եթե, իհարկե, մարդը բարբառախոս չէ կամ խոսակցական սխալ ձևեր չի գործածում, ինչպես՝ գրի՛ր-ի փոխարեն գրա՛ կամ խոսի՛ր-ի կամ գովի՛ր-ի փոխարեն՝ խոսա՛ կամ գովա՛: Այդպես են ասում, քանի որ սխալ սկզբնաձևերից են կազմում՝ խոսալ, գովալ:
- Պատճառական բայերի հրամայականը –ու վերջավորությամբ է կազմվում, ինչպես՝ բարձրանալ – բարձրացրո՛ւ (հոգնակին՝ բարձրացրե՛ք), մոտենալ – մոտեցրո՛ւ (հոգնակին՝ մոտեցրե՛ք): Խոսակցական լեզվում սրանք հաճախ ասում են ա-ով՝ բարձրացրա՛, մոտեցրա՛, որը հակասում է գրական լեզվի կանոնին:
- Գրավոր խոսքում հրամայականի ձևերը շեշտադրելը պարտադիր է (անգամ եթե խնդրանք կամ ցանկություն են արտահայտում), թեպետ ոմանք դա անտեսում են:
- Մարդիկ երբեմն չեն կողմնորոշվում սրանց հոգնակին կազմելիս՝ գրե՛ք, թե՞ գրեցե՛ք, ասե՛ք, թե ՞ասացե՛ք: Այսօրվա ավագ սերնդին դպրոցում սովորեցրել են, որ ճիշտ են «երկար»՝ -եցե՛ք-ով ձևերը, իսկ «կարճ» ձևերը՝ մերժելի: Ժամանակին այդպես էր: Այժմ համատարած ասում և գրում են քանդե՛ք, խոսե՛ք: Քանդեցե՛ք, խոսեցե՛ք գործածողներն անշուշտ ճիշտ են, բայց այսօր նրանք փոքրամասնություն են կազմում. զուգաձևության մեջ «դիրքային փոփոխություն» է տեղի ունեցել: Կարող ենք արձանագրել, որ «կարճ» ձևերը հաղթել են:
- Խոսքային տարբեր իրադրություններում, հանդիսավոր խոսքում տեղին են նստեցե՛ք, ասացե՛ք, հիշեցե՛ք և նման ուրիշ բայաձևեր: Մի անգամ ուսանողներից մեկն այսպես մեկնաբանեց. «Ինձ թվում է՝ նստեցե՛ք-ն ավելի քաղաքավարի ձև է»: Մի անգամ էլ մեկ ուրիշն ասաց, որ իր կարծիքով նստե՛ք մի հոգու են ասում, նստեցե՛ք՝ մի քանիսին: Բոլորովին էլ այդպես չէ: Նստե՛ք և նստեցե՛ք ձևերը հավասարարժեք են, տարբերությունը միայն ոճական-իրադրական է (թե ով ե՛րբ և ո՛ւմ է ասում, ի՛նչ երանգ է դնում նրա մեջ):
- Հարադրավոր բայերի հրամայականի ձևերում հարադիրն է շեշտվում: Այսպես՝ տո՛ւն արի, դո՛ւրս տարեք, բա՛ց թող, վե՛ր կաց, մո՛տ բերեք, հեռո՛ւ գնացեք:
- Հրամայականի ժխտականը կազմվում է մի մասնիկով, որը շեշտակիր է: Այսպես՝ մի՛ խանգարիր, մի՛ վնասիր, մի՛ գնա, մի՛ արա: Շատ-շատերը բայաձևի վերջի ր-ն զեղչում են՝ ասելով մի՛ խանգարի (նմանեցնելով ա-ով վերջացող ձևերին՝ մի՛ գնա): Բայց կանոնը դեռևս չի փոխվել, ուստի այն հատկապես գրավոր խոսքում (մասնավորապես պաշտոնական) պետք է պահպանել: Խոսակցական լեզվում մարդն ազատ է:
- Մինչև վերջերս հրամայականի ժխտական ձևերի մեջ տարբեր դասագրքերում (դպրոցական, համալսարանական) գրում էին այսպիսի նմուշներ՝ մի՛ մտնիր, մի՛ մտնեք, բայց այդ ձևերն այսօր գործածությունից լիովին դուրս են մղվել: Դրանց փոխարեն ասում են (և ճիշտ են անում) մի՛ մտիր, մի՛ մտեք: Լեզուն խոսողների գործը հեշտացրել է (կամ էլ խոսողներն են հեշտացրել իրենց գործը). դրական ձևերից մի՛-ով կազմում են ժխտականները՝ մտի՛ր, մտե՛ք - մի՛ մտիր, մի՛ մտեք: Ավելի ու ավելի քիչ կլսենք ու կկարդանք մի՛ վախենա, մի՛ զարմանա, համատարած են և միանգամայն ընդունելի են մի՛ վախեցիր, մի՛ զարմացիր և նման ձևերը, որոնք կազմվում են բուն հրամայականին ավելացնելով մի՛ մասնիկը՝ վախեցի՛ր - մի՛ վախեցիր, զարմացի՛ր - մի՛ զարմացիր: Հին ձևերը կարող ենք տեսնել դասական գրականության մեջ:
- Ի՞նչ անել այն դեպքերում, երբ հաջորդաբար հրամայականի մի քանի ձևեր են գործածվում, շեշտադրե՞լ: Ոմանք ասում են, թե միայն առաջինը շեշտենք, հերիք է: Համոզված ենք, որ հրամայականի երկու և ավելի ձևերի դեպքում, բոլորն էլ պիտի շեշտադրենք: Հիշենք աստվածաշնչյան հայտնի նախադասությունը՝ «Աճե՛ք (աճեցե՛ք), բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք (տիրեցե՛ք) դրան»:
- Երբ խնդրանք, աղերսանք է, հրամայական եղանակի բայաձևերն արտասանվում են բացականչական երանգով: Գրավոր խոսքում դրվում է բացականչական նշան: Օրինակ՝
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ ,
Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում։ (Պ. Սևակ)
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ