Հայերենում հաճախ են շփոթում «ր» և «ռ» հնչյունները թե՛ գրության, թե՛ արտասանության մեջ։ Այս նյութի մեջ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է դրանց ճիշտ կիրառման կանոնները, տարածված սխալները և հստակ օրինակներ՝ հեշտ հիշելու համար։
1․ Կանոն է․ ր արտասանում, ր էլ գրում ենք կամ ր գրվածը ր էլ պիտի կարդանք։ Օրինակ՝ րոպե, վայրկյան, բարեկիրթ և այլն։
2․ Մարդիկ կան, որոնք ր-ով գրվող մի շարք բառեր արտասանում են ընդգծված ռ-ով և սխալվելով այդպես էլ գրում են։ Արտառոց է, երբ կրծել, կրճտացնել, հրճվանք, գարշելի կամ արժանի բառերը ռ-ով գրված ենք տեսնում։
3․ Արհամարհանք բառը, որի կազմում երկու արհ կա, ոմանք շփոթում են առ նախամասնիկ ունեցող բառերի հետ (օրինակ՝ առողջանալ, առինքնել) և ռ-ով գրում (երկրորդ հ-ն էլ անտեսում են՝ առհամարանք)։ Լիովին անհիմն է և մերժելի։
4․ Քաղաքագետները, վերլուծաբանները, լրագրողները և ուրիշներ հաճախ սխալ՝ ականջ ծակող ռ-ով են արտասանում Իրան և Գերմանիա երկրանունները [իռան, գեռմանիա]։ Այնինչ պիտի ասել ր-ով, ինչպես բազմաթիվ ուրիշ անուններ՝ Արգենտինա, Ուրուգվայ, Սիրիա, Թուրքիա, Նիգերիա և այլն։ Զարմանալի է, որ Իրան-ը սխալ արտասանողները Իրաք-ը ճիշտ են արտասանում։
Հավելենք, որ խոսակցական լեզվում ոմանք ր/ռ-ին մոտ հնչյուն են արտասանում Ֆրանսիա և Բրազիլիա երկրանուններում։ Այդ մարդկանց խորհուրդ է տրվում ր արտասանել, որքան հնարավոր է։
5․ Ն բաղաձայնից առաջ արտասանվող ռ հնչյունը ռ տառով էլ գրվում է, ինչպես՝ առնել, բռնել, դառնալ, եղեռն, խառնիխուռն, սպառնալ։ Բացառություն են՝ «Ինտերնացիոնալ» (կա նաև փոքրատառով), ինտերնետ «համացանց»։
Այս կանոնի թելադրանքով տասնամյակներ շարունակ գրվել է կիբեռնետիկա (ռ-ով)։ Հիմա, երբ հայերենում հայտնվել են նոր կազմություններ, մարդիկ գրելիս դժվարանում են՝ կիբեռհանցագործությո՞ւն, թե՞ կիբերհանցագործություն, կիբեռանվտանգությո՞ւն, թե՞ կիբերանվտանգություն, կիբեռհարձակո՞ւմ, թե՞ կիբերհարձակում։ Համացանցում, պաշտոնական գրագրության մեջ և այլուր զույգ ձևերն էլ հանդիպում են, ավելի շատ՝ առաջինները։ Հաշվի առնելով կիբեռնետիկա բառում ռ-ի կայուն վիճակը՝ առաջնությունը տրվում է ռ-ով տարբերակներին։ Ի դեպ, դրանք հենց ռ-ով էլ արտասանվում են։
6․ Ռ-ով է գրվում պառկել բայը, որը ոմանք, «մեղմաբար» սխալվելով, գրում են ր-ով։ Շատերը սխալվողներին կատակով բացատրում են, որ պարկի մեջ դնելու հետ կապ չկա, ուստի ռ-ով պիտի գրել։ Պարկ բառի հետ իսկապես կապ չկա. պառկել բառի արմատն է պառակ, որ «կող» է նշանակում, այստեղից էլ պառկել՝ «կողի վրա մեկնվել»։
7․ Բարբառ բառն առաջացել է բառ արմատի կրկնությունից․ առաջին եզրի ռ-ն տարբերվելով հնչյունափոխվել է ր-ի․ այդպես էլ գրում ենք։ Գրության և արտասանության բացարձակ նույնություն չկա, բայց ուղղագրությունը հստակ է՝ միայն բարբառ, որից էլ՝ բարբառային, բարբառախոս, բարբառագետ։
Այդ նույն ձևով բառի առաջին եզրում ր, վերջում ռ է գրվում նման կազմություն ունեցող մի շարք բառերում (և նրանցից կազմվածներում)՝ գրգիռ (ջղագրգիռ, դյուրագրգիռ, գրգռել), թրթիռ (թրթռալ), մրմուռ «ցավ, կսկիծ» (մրմռալ «ցավել»), սարսուռ «բուռն հուզմունքից, վախից առաջացող դող․ սարսափ» (սարսռազդու «սարսափելի»), կարկառ «քարակույտ, ժայռի դուրս ցցված մասը» (կարկառուն «նշանավոր, երևելի», կարկառել «ձեռքը մեկնել՝ երկարել»):
8․ Կան արմատի կրկնությամբ կազմված բառեր էլ, որոնք, ի տարբերություն նախորդ կետում թվարկվածների, ձայն են ցույց տալիս։ Սրանք ռ-երով են գրվում՝ գոռգոռալ (գոռգոռոց, ամպագոռգոռ), հռհռալ (հռհռոց), կռկռալ, ճռճռալ, մռմռալ «մռլտալ, մռմռոց հանել», «քրթմնջալ», փռփռալ «քամուց թրթռալ, ծածանվել» (օրինակ՝ Ուժեղ քամուց փռփռում է լեռան գլխին ամրացված եռագույն դրոշը)։
Ուսուցիչները սովորաբար հանդիպադրում են մրմռալ «ցավել» և մռմռալ «մռլտալ» բառերը․ վերքը մրմռում է և կատուն մռմռում է։
Մռմռալ բառի «քրթմնջալ» իմաստի համար մի օրինակ բերենք գեղարվեստական խոսքից․ «Իսկ սրբազանը, փոխանակ շնորհակալ լինելու, քթի տակ մռմռում է» (Հ․ Մկրտչյան, «Մի հայի պատմություն»)։
9․ Փրփուր բառում երկու ր կա (ոմանք ռ-երով են արտասանում և գրում)։ Սրանից կազմվել է փրփրել«փրփուր դառնալ, փրփուրի վերածվել», նաև «չափազանց զայրանալ, կատաղել» բայը։ Օրինակներ՝ «Ծովը նորից փրփրել է», «Պետը փրփրել է, գրիչը կոտրել»։
Թրթուր բառում նույնպես երկու ր կա։ Սրանից է կազմվել թրթուրավոր բառը (թրթուրավոր մեքենա՝ տրակտոր)։
Նույն կերպ՝ մարմար բառում: Սա, նաև մարմարե, մարմարակերտ բառերը ր-երով են գրվում ու արտասանվում:
10․ Գանգուր և ժխոր բառերի վերջում ր է գրվում (և արտասանվում)։
11․ Որոշ բառերի գրությունը կարելի է մտապահել հակադրությունների միջոցով։ Այսպես․ թրջել «խոնավացնել, թացացնել»՝ րջ-ով և թռչել «օդում սլանալ․ թևածել»՝ ռչ-ով։
Ռ և ր բաղաձայններն իրար նման են, բայց և տարբեր. ռ-ն բազմաթրթիռ է (արտասանության ժամանակ լեզուն թրթռում է մի քանի անգամ), իսկ ր-ն միաթրթիռ է (լեզուն մեկ թրթիռ է կատարում): Չշփոթենք ո՛չ արտասանելիս, ո՛չ էլ գրելիս:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ