Թվականների գործածության զանազան դժվարություններ լինում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում։ Դրանք քննարկման առարկա են դառնում հայերենի դպրոցական և համալսարանական դասընթացների ժամանակ, հաճախ արծարծվում սոցիալական ցանցերում, բայց խնդիրները չեն վերանում։
Առանձնացրել ենք 18 դեպք։
1․ Մարդիկ հաճախ առաջին թվականը արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» և աղավաղում բառերի հնչյունական ճիշտ պատկերը։
2․ Ոմանք (նույնիսկ գրագետները) շփոթում են յոթանասուն և ութսուն թվականները և սխալ ասում ու գրում են՝ յոթսուն, ութանասուն։ Թվականակերտ սուն բաղադրիչը նշանակում է «տասը»։ Յոթանասուն-ի դեպքում յոթան գրաբարյան սեռական հոլովաձևին ավելանում են ա հոդակապը և սուն բաղադրիչը,ութսուն-ի դեպքում՝ ութ+սուն։ Ըստ այդմ էլ ճիշտ տարբերակներն են՝ յոթանասուն և ութսուն։
3․ 100 թվականը գրվում և արտասանվում է յ-ով՝ հարյուր․ այստեղից էլ՝ հարյուրավոր, հարյուրամյա։ Առանց յ-ի արտասանությունը ժողովրդական-խոսակցական է․ ժողովուրդն այդպես ալյուրին ասում են «ալուր», կապույտին՝ «կապուտ» և այլն։
4․Շատերն առանց -ը կամ -ն վերջնահնչյունի են արտասանում տասը / տասն թվականը, որի հետևանքով էլ սխալ կազմում են տասվեց, տասյոթ և ուրիշ թվականներ։ Սրանց ճիշտ ձևերը ն-ով են՝ տասնվեց,տասնյոթ և այլն։
5․Եթե տասը / տասն թվականին հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ, ապա գրվում է ը, օրինակ՝ տասը տարի, իսկ եթե հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, ապա ն, օրինակ՝ տասն անգամ։
Շատերը գրեթե հաշտվել են տասը / տասն թվականի վերջնահնչյունի կորստին, բայց դա լրացուցիչ դժվարություններ կարող է առաջ բերել, օրինակ՝ տասնհինգամյա, տասնօրյա, տասնամյակ և նման բառերում պարզաբանել ն-ի գոյությունը։
Նույնն է նաև ինը / ինն-ի դեպքում՝ ինը տարեկան և ինն աթոռ։ Ասենք, որ ճիշտ են համարվում նաև տասը անգամ-ը և ինը աթոռ-ը (ը-երով)։
6․ Ինը / ինն թվականը ոմանք երբեմն գրում են իննը, որը բացարձակ սխալ է։ Իննսուն-ը բնականաբար գրվում է երկու ն-ով, արտասանվում ը-ով՝ իննըսուն։ Ոմանք բառամիջի ը-ի փոխարեն ասում են ի՝ իննիսուն, որ մերժելի է։
7․ Ոմանք մի կողմից ինը, տասը թվականներում զեղչում են բառավերջի ը-ն, սակայն մյուս կողմից ուրիշ թվականներում անհարկի հավելում են այն։ Հաճախ կարող ենք լսել՝ վեցը գիրք, ութը մարդ, չորսը շաբաթ և այլն։ Սրանց ճիշտ ձևերն առանց ը-ի են՝ վեց գիրք, ութ մարդ, չորս շաբաթ։
8․ Երկու - երկու գիրք։ Երկու թվականին ս է ավելանում հոլովվելիս՝ երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով։
9․ Երեսուն-ը շատերը սխալմամբ ասում են (ոմանք նաև գրում) «եռեսուն», թեպետ արմատը երե(ք)-ն է։ Արմատի եռ տարբերակով ունենք եռամսյակ, եռոտանի, եռաժանի և այլն, բայց սրանք երեսուն-ի արտասանության և գրության վրա ազդեցություն չունեն։
10․Ըստ հայերենի ուղղախոսական կանոնի՝ երբ ե-ն հաջորդում է բաղաձայնի, արտասանվում է է, ինչպես՝լայնեզր [լայնէզր]։ Դրա համար էլ հաղորդավարներին, դերասաններին, հրապարակային խոսք ասողներին սովորեցնում են, որ երկու և երեք միավորներով կազմված տասնավորները ճիշտ է արտասանել է-ով՝ քսան[է]րեք, հիսուն[է]րեք, տասն[է]րկու և այլն։ Ժողովրդական խոսքում երեք-ի դեպքում կանոնը հիմնականում շրջանցվում է․ ասում են «քսանյէրեք»։ Տասներկու, քսաներկու թվականները հիմնականում ճիշտ են արտասանում (է-ով), քանի որ շատերը երկու-ն առանձնաբար էլ հաճախ է-ով են ասում։
11․Դիտարկենք հիսուն-ի և վաթսուն-ի կազմությունը։ Թվականակերտ սուն-ն ավելացել է հի (< հինգ) և վաթ (< վեց) արմատներին, ուստի հիցուն և վացուն ձևերն արտասանական «ծանր վթարներ» են։ Ոմանք սոցցանցերում այդ սխալ արտասանությունը հեգնում են «վաՑՑուն» ցցուն գրությամբ։
12․Փոխառյալ թվականները տառադարձելիս առաջնորդվում ենք հայերենի ուղղագրության կանոններով ևմիլիոն ու միլիարդ բառերը գրում մեկ լ-ով։
13․Հայերենում այժմ 0-ն արտասանվում է զրո, ոչ թե զերո։ Այստեղից էլ՝ զրոյացնել, զրոյական։ Բառարաններում հանդիպող զերո-ից և նրանով կազմված բառերից հղում է արվում այժմ միակ ընդունելի զրո-ին և նրանով կազմվածներին։
14․Հայտնի է, որ հայերեն տառերն ունեն նաև թվային արժեք։ Այդ արժեքով գործածված տառը պետք է արտաբերել թվային արժեքին համապատասխան։ Օրինակ՝ Արշակ Բ, Վազգեն Ա անունները չպետք է կարդալ (կամ ասել) գրվածի պես՝ Արշակ Բ, Վազգեն Ա, այլ Արշակ Երկրորդ, Վազգեն Առաջին։ Ասենք, որ թվական բաղադրիչը գրվում է մեծատառ։
Նույն ձևով էլ թվարկումների ժամանակ ե)-ն կարդում ենք հինգերորդ, ժա)-ն՝ տասնմեկերորդ և այլն։
15․Հռոմեական թվանշանները դասական թվականներ են, այսինքն՝ IV, VIII, XI նշանակում են չորրորդ, ութերորդ, տասնմեկերորդ, ուստի -րդ մասնիկն ավելացնելն ուղղակի սխալ է։ Սխալ է, օրինակ, VI-րդ, քանի որ լինում է վեցերորդ+րդ, ուստի հարկավոր է գրել պարզապես VI։
Նույն կերպ էլ հռոմեական I-ի դեպքում՝ սխալ է I–ին գրելը (ինչպես նաև՝ 1-րդ, որ գրում են բացառիկ «գյուտարարները»)։ Ճիշտը սա է՝ 1-ին հերթափոխ կամ I հերթափոխ:
16. Մոտավորության իմաստ արտահայտող կապակցությունները գծիկով են գրվում, ինչպես՝ երկու-երեք ժամ, քսան-քսանհինգ մարդ։ Երբ առաջին բաղադրիչը բացառական հոլովաձևով է, ապա կապակցությունը գրվում է առանց գծիկի, ինչպես՝ երկուսից երեք ժամ, քսանից քսանհինգ մարդ։
17․Անջատ գրվող թվականների բաղադրիչները սովորաբար կցվում են, երբ նրանց որևէ վերջածանց է ավելանում։ Այսպես՝ հինգ հարյուր, բայց հինգհարյուրանոց, երկու հազար, բայց երկուհազարական։
Բազմաբաղադրիչ թվականների պարագայում այս կանոնը չի գործում, ինչպես՝ երկու հարյուր հազար հիսունհինգերորդ, հազար ինը հարյուր ութսունական (թվականներ)։ Դրանք ավելի շուտ գրվում են թվանշաններով, որոնց զուգադրվում է համապատասխան մասնիկը՝ գծիկով։ Այսպես՝ 200055-րդ, 1980-ական թվականներ։
18․ Բաղադրյալ այն բառերը, որոնց առաջին բաղադրիչն արտահայտվում է հնդարաբական թվանշանով, գրվում են գծիկով։ Այսպես՝ 2750-ամյակ, 7-ամսյա, 20-ական։ Գծիկը միավորում է բառի ոչ համասեռ՝ թվային և տառային մասերը։
Դավիթ Գյուրջինյան