Համացանցում, գրասենյակային գրություններում և այլուր «ուղղագրական վթարները» շարունակվում են: Դրանք կանխելու կամ գոնե նվազագույնի հասցնելու նպատակով ներկայացնում ենք դ-տ-թ-ի ուղղագրությանն առնչվող «վթարային» 10 դեպք:
- Ձեռքդ (քո ձեռքը), տունդ (քո տունը), մատիտդ (քո մատիտը) ... Այս դ-ի մասին գրագետ մարդիկ անընդհատ գրում են, բացատրում, որ սա դ հոդն է, ճիշտ կերպով այն կապում են դու, դա, այդ բառերի դ-ի հետ, բայց շատերը համառորեն շարունակում են սխալվել ու բառի վերջում տ գրել (հետևելով արտասանությանը), ասենք այսպես՝ Ծնունդտ շնորհավոր: Այո՛, բառավերջում դ կա, որին ավելանում է ևս մեկը՝ դ հոդը, ու լինում է երկու դ՝ Ծնունդդ շնորհավոր: Այդպես էլ՝ կոկորդդ, մարդդ, վարդդ և այլն:
- Զարտուղի բառը նշանակում է «կողմնակի», «խոտոր» և գրվում է տ-ով շատ պարզ պատճառով: Բառը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝ զ նախդիր, արտ- նախածանց և ուղի արմատ, այսինքն՝ «ուղուց՝ բուն ճանապարհից դուրս»: Ոմանք, լավ չիմանալով բառի կազմությունը և իմաստը, զարտուղի բառի սկզբնամասը նմանության հիման վրա կապում են զարդ-ի հետ և բառը սխալմամբ գրում դ-ով: Ավելի «հեռատեսները» (չակերտները չանտեսեք) զարթնել / զարթուն բառերի հետ են կապում ու թ-ով գրում: Եվ կրկին սխալվում են: Ուշադրություն դարձնենք՝ արտ- նախածանց՝ տ-ով, ուստիև զարտուղի:
- Արդուկ և արդուկել բառերի մասին խոսելիս մշտապես հիշեցվում է, որ գործ ունենք «ձև» նշանակող արդ արմատի հետ, որ արդուկը ձև է տալիս հագուստին: Դրա համար են այդպես գրվում:
Ժողովուրդը արդուկի գործառույթը համարում է ճմռթված հագուստը հարթեցնելը, հետևաբար հաճախ ասում և գրում է հարթուկ և հարթուկել: Բառերն այս ձևով նույնիսկ բառարաններում են գրանցվել, բայց, որպես կանոն, դրանցից հղում է արվում կանոնական արդուկ և արդուկել բառերին: Կարի ֆաբրիկաներում կան արդուկարաններ և արդուկիչներ, բայց սրանք, իհարկե, հազվադեպ են գործածվում: Կրկին դ-ով են գրվում:
- Իրար շատ նման երկու բայ ունենք՝ բրդել և բրթել, որոնք նույն ձևով էլ արտասանվում են (թ-ով): Տարբերակենք: Բրդել-ը, որ նշանակում է «կտոր-կտոր անել», «մանրացնել», գրվում է դ-ով: Սրանից են առաջացել բրդուճ-ը, մածնաբրդոշ-ը:
Բրթել-ը, որ նշանակում է «հրել», գրվում է թ-ով: Չպետք է խառնենք ու առաջինը՝ բրդել-ը (և նույնարմատ մյուս բառերը), թ-ով չգրենք:
- Տաքդեղ-ը կծու (կամ քաղցր) պղպեղն է: Շատերն այս բառում ք-ից հետո հաճախ տ են արտասանում ու սխալմամբ այդպես էլ գրում: Բայց եթե այդ մարդիկ իմանան, որ այստեղ շա՜տ հին դեղ արմատն է, որ սկզբնապես նշանակել է «խոտ», ապա՝ «բուժիչ խոտ», իսկ այժմ՝ «բնական և քիմիական ծագմամբ բուժանյութ», ապա տաքդեղ-ը վստահորեն միշտ կգրեն դ-ով:
- Երդիկը տան կտուրի մեջ թողնված բացվածքն է, որ ծառայում էր որպես լուսամուտ և օդանցք: Երդիկ ունենում են նաև թոնրատները: Բառը գրվում է դ-ով՝ երդիկ (արմատն է երդ), թեև ոմանք կապում են երթ արմատի հետ և գրում թ-ով, որ ճիշտ չէ:
Դ-ն ամրապնդելու համար ասենք, որ ունենք գրեթե մոռացված երդակից բառը, որ նշանակում է «հարևան, դրկից», նաև երդակալ՝ «երդիկը փակելու առարկա (սալաքար, տախտակ)», երդահարկ՝ «ըստ երդերի՝ ծուխերի գանձվող հարկ»:
- Կրկնակի դ-ով ունենք դդում, դդմիկ, դդմազգի, դդմապուր և նման ուրիշ բառեր (նույնիսկ Դդմաշեն գյուղ կա): Երկրորդ դ-ն արտասանվում է թ, դրա պատճառով էլ ոմանք հրաժարվում են նույն տառը գրելուց և, անշուշտ, սխալվում են:
- Բացօթյա բառը նշանակում է «բաց երկնքի տակ»: Ունենք նաև սակավ գործածվող բացօթյակ՝ «բացօթյա տեղ, բաց երկնքի տակ գիշերելու տեղ»: Սրանցում օթ հին արմատն է, որից կազմվել են օթևան «գիշերելու՝ գիշերը մնալու տեղ», «հանգրվան», օթոց «ննջարան, սենյակ», գիշերօթիկ «գիշեր ու ցերեկ տվյալ հաստատությունում մնացող ու սնվող» բառերը: Այս դեպքում վստահաբար թ է: Օդ արմատի հետ կապ չունի:
Կա նաև բացօդյա, որ նշանակում է «բաց օդում, շենքերից դուրս»: Ասենք ՝ Թռչունների բացօդյա ճախրը գրավեց ուշադրությունս: Բառը հազվադեպ է: Սրա ազդեցությամբ շատ հին բացօթյա-ն ոմանք սխալմամբ գրում են դ-ով:
- Խորթ, խորթանալ, խորթություն բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Մարդիկ գիտեն բազմաթիվ բառեր, որոնցում ր-ից հետո թ է արտասանվում, բայց գրվում է դ, ինչպես՝ արդար, արդեն, բարդ, բերդ, բուրդ, երդվել, լյարդ, հաղորդիչ, նյարդ, վարդ, օրիորդ, և սրանց ազդեցությամբ նրանք խորթ բառի վերջում (ու նրանից կազմված բառերում) թյուրիմացաբար դ են գրում: Կրկնենք՝ խորթ, խորթանալ, խորթություն,
- Խորդուբորդ «անհարթ» բառն արևելահայերենում այժմ դ-երով է գրվում, արևմտահայերենում՝ տ-երով՝ խորտուբորտ: Հիմնականում այդպես:
- Տան կամ բնակարանի այն մասը, որտեղ պահվում են տանն անհրաժեշտ կամ գործածությունից մասամբ դուրս եկած իրերը, գործիքները, կոչվում է խորդանոց: Բառարաններում կարող ենք տեսնել խորդանոց և խորթանոց տարբերակները, ընդ որում բառարանագիրները նախընտրելի են համարում թ-ով տարբերակը: Սակայն ժողովուրդն այս բառը հիմնականում դ-ով է արտասանում, այդպես էլ գրում է (բայց, իհարկե, հազվադեպ): Արևմտահայերենում էլ է խորդանոց:
Քվեարկենք՝ խորդանո՞ց, թե՞ խորթանոց:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ