Դպրոցում սովորածին հաճախ անդրադառնում ենք ամբողջ կյանքի ընթացքում՝ լրացնելու մեր գիտելիքը, վերացնելու կասկածներն ու անվստահությունը, վերհիշելու իմացածը, ինչպես և շտկելու սխալները: Մարդիկ երբեմն սխալ են արտասանում և գրում գ, կ և ք հնչյուններով բառերը:
Գ – կ– ք-ին առնչվող հաճախադեպ «ուղղագրական վթարներից» ընտրել ենք 12-ը:
-
Սայթաքել
Գրվում է ք-ով, քանի որ շա՜տ հին աք արմատն է, որ «ոտք» է նշանակում: Այս աք-ից է կազմվել աքացի բառը, որ ժողովրդական խոսքում դարձել է քացի (քացով խփել): Պարզ է, որ այսքանից հետո սայթաքել բառը մարդիկ այլևս կ-ով չեն գրի:
-
Վարակ
Բայց ոմանք բառը սխալմամբ արտասանում են ք-ով: Եթե ճիշտ՝ կ-ով արտասանենք, ապա գրելիս դժվարության առջև չենք կանգնի: Եվ ճիշտ կգրենք թե՛ վարակ-ը, և թե՛ նրանից կազմված բառերը՝ վարակել (վարակվել), վարակիչ, վարակազերծել:
-
Վարկաբեկել
Բառը նշանակում է «վարկը՝ հեղինակությունը գցել. հեղինակազրկել»: Վարկ արմատն է. վարք բառի հետ կապ չկա, ուստի կ-ով պիտի արտասանել և գրել:
-
Կողպեք
Կազմվել է կողպել բայից՝ -եք ածանցով: Թերևս բառի առաջին տառի ազդեցությամբ ոմանք վերջում էլ են կ գրում, որ ճիշտ չէ: Բառավերջում ք-ի հստակ ամրապնդմանը կնպաստեն –եք ածանցով կազմված մյուս բառերը, ինչպես՝ արժեք, նշանդրեք, տնօրհնեք, հիմնարկեք՝ «հիմնադրում, հիմքը գցել»:
-
Տեգր
Բառը երկար ճանապարհ է անցել (V դարի հայերենում գործածված կա)՝ տայգր – տագր – տեգր: Տեգրը ամուսնու եղբայրն է:
Այսօր տեգր-ն ընդգծված ք-ով ենք արտասանում, բայց ավանդույթին՝ տայգր-ից սկիզբ առած գրությանը հետևելով՝ գրում ենք գ:
-
Պատշգամբ
Ցանկալի է այս բառը գ-ով արտասանել, բայց անգամ այլ կերպ (կ-ով) արտասանելու դեպքում գ-ով է գրվում (ձեռագիր մատյաններում հայ գրիչները կ-ով էլ են գրել): Նաև շքապատշգամբ:
-
Դիցուք
Այս բառը շատ է հանդիպում երկրաչափության դպրոցական դասագրքերում: Նշանակում է «ենթադրենք, ասենք թե, դնենք թե»: Աշակերտներն այդքան շատ տեսնում են դիցուք բառը, բայց հետագայում, երբ գրելիս են լինում, սկսում են վարանել՝ ք-ո՞վ գրել, թե՞ կ-ով:
Ք-ով: Գրաբարյան քարացած ձև է, դնել անկանոն բայի երկրորդ ապառնի ժամանակի հոգնակի առաջին դեմքն է:
-
Գրքույկ
Կազմվել է գիրք բառից՝ -ույկ ածանցով, որը բառին նվազական նշանակություն է հաղորդում: Չպետք է շփոթել –ույք ածանցով բառերի հետ (պիտույք, կահույք): Բառավերջում այստեղ կ է՝ գրքույկ: Գրքույկների տարբեր տեսակներ կան՝ զինգրքույկ, սանգրքույկ:
-
Էգուց
Խոսակցական բառ է, նշանակում է «վաղը, այսօրվան հաջորդող օրը», փոխաբերաբար՝ «ապագա»: Արտասանվում է ք-ով, բայց գրվում է գ, քանի որ այգ «առավոտ» արմատն է. էգուցը վաղն առավոտն է, երբ այգը բացվում է:
-
Մարդիկ
Ժամանակակից հայերենում գոյականի հոգնակին սովորաբար կազմում ենք –եր կամ –ներ մասնիկներով: Կան բացառություններ, որոնցից մեկը մարդիկ-ն է, որը կազմվում է –իկ մասնիկով: Սրանից էլ՝ տղամարդիկ, նախամարդիկ:
Այս բառերը ոմանք սխալմամբ գրում են ք-ով, ապա փորձում հիմնավորել, թե դա գրաբարից է գալիս: Այդպես չէ: Գրաբարյան մասնիկը ք-ն է, ինչպես՝ սահմանք, ծովք: Գրաբարում եղել է մարդք և մարդիկ, բայց ո՛չ -իք:
Իսկ երբ հիշենք մարդկային, մարդկություն բառերը, ամեն ինչ տեղը կընկնի:
- Սարգիս – Սաքո
Սարգիս անձնանունը ք-ով արտասանում, բայց կանոնի համաձայն գ-ով ենք գրում (այստեղից էլ Սարգսյան ազգանունը):
Ժողովրդական խոսքում անունը ձևափոխվել, դարձել է Սաքո: Հիշենք Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» ստեղծագործությունը:
Ասենք նաև, որ արևմտահայ գրության մեջ գ-ն պահպանվում է՝ Սագօ:
-
Գրիգոր
Այս անձնանունը վաղուց ի վեր տարածված է հայերի մեջ: Անվան երկրորդ գ-ն ք է արտասանվում, բայց դա որևէ նշանակություն չունի. գրում ենք Գրիգոր, Գրիգորյան: Հավելենք, որ Գրիգորիս-ի մեջ հենց գ էլ արտասանում ենք:
Գրիգոր անվան ժողովրդական Գիքոր տարբերակում ք ենք գրում (հիշենք Հովհ. Թումանյանի «Գիքորը»):
Անվան ժողովրդական մյուս տարբերակը զուգագրություն ունի՝ Գոքոր և Գոգոր:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ