ԱՄՍԱԿԱՆ
Այս բառը հայաստանյան բացատրական բառարաններում տրված է բազմաթիվ իմաստներով՝ «ամսվան հատուկ, ամսվա», «մեկ ամսվա տևողություն ունեցող», «ամեն ամիս, ամսեամիս», ինչպես նաև «ամսական ռոճիկ՝ վարձատրություն» և «արգանդային ամենամսյա արյունահոսությունը. դաշտան»։ Ակնհայտ է, որ այս վերջին իմաստները ձևավորվել են մեկ ամսվա ժամանակային ընդգրկում ունենալու հիմքով։
Բառարաններից մեկում ամսական բառի «ամսական ռոճիկ՝ վարձատրություն» իմաստի կողքին նշված է «հնացած»։ Եվ իրոք, Հայաստանում եթե առաջ ավելի շատ ռոճիկ էին ասում, ապա այսօր գրեթե համատարած աշխատավարձ բառն է գործածվում, իսկ ամսական-ը՝ ոչ։
Բայց ահա արևմտահայերենում ամսական բառն «աշխատավարձ» իմաստով հնացած չէ, գործուն է։ Կարելի է լսել. «Ամսականը տակաւին չէ ստացեր»։
- Հայաստանում աշխատանքի անցած արևմտահայերենախոս կինը որոշ ժամանակ անց դիմում է արևելահայերենախոս տնօրենին. «Պարո՛ն, ամսականիս խնդիրը պիտի ուզէի քննարկել»։ Ապշահար տնօրենը պատասխանում է. «Տիկի՛ն, այդ հարցը Ձեր ամուսնո՛ւ հետ քննարկեք»։
ԱԽՈՅԱՆ
Շատ հին բառ է, վկայվել է 5-րդ դարից, նշանակել է «քաջ, նախահարձակ կտրիճ», նույնիսկ «հաղթանակ»։ Գրաբարում գրվել է ախոյեան և ախոյան ձևերով։
Դարերի ընթացքում բառը նոր իմաստներ է ձեռք բերել։
Արևմտահայերենի բառարանները ախոյեան-ը բացատրում են այսպես՝ «մրցանակաւոր մարզիկ» կամ «մրցումին մէջ առաջին», նաև «մրցակից, թշնամի, հակառակորդ»։
Արդի հայերենի հայաստանյան բացատրական բառարաններում ախոյան բառը համակողմանի ներկայացվում է այսպես՝ «թշնամի, հակառակորդ», «մրցակից», արևմտահայերեն «չեմպիոն», կրկին արևմտահայերեն (փոխաբերաբար) «մարտիկ, մի բանի համար մարտնչող մարդ», հին՝ «նախահարձակ կռվող» և այլն։
Ակնհայտ է էական զանազանությունը։ Եթե Հայաստանում օտար բառի կիրառմամբ ասում և գրում են ծանրամարտի չեմպիոն, ապա արևմտահայ սփյուռքում՝ ծանրամարտի ախոյեան։ Այս վերջինից էլ օրինաչափորեն կազմվել է ախոյեանութիւն «առաջնության համար տարվող պայքար» բառը (Հայաստանում՝ չեմպիոնատ. արևելահայերենում ախոյանություն-ը ախոյան լինելն է կամ ախոյանի արարքը՝ վերաբերմունքը)։
Պարզ է, որ այսուհետև չենք տարակուսի՝ լսելով, որ մեր հայրենակիցը դարձել է ճատրակի ախոյեան։ Եթե, իհարկե, գիտենք, որ ճատրակ-ը շախմատ-ն է։
ՊԱՀ
Գևորգյան ճեմարանում դասի եմ։ Հանկարծ մեկը, որ Երուսաղեմից էր եկել, դուռը բացեց և հարցրեց.
- Ներեցե՛ք, ի՞նչ պահ է։
Պատասխանեցի՝ հայերենի։
Ուսանողներս զարմացած ինձ նայեցին։
Պահ բառը ընդհանուր հայերեն է և գրական հայերենի երկու տարբերակներում՝ արևելահայերենում և արևմտահայերենում, նշանակում է «կարճատև ժամանակ, ակնթարթ, վայրկյան, րոպե», «որևէ բանի տեղի ունենալու՝ վրա հասնելու՝ պատահելու ժամանակը», «որևէ դեպքի՝ իրադարձությանը կամ գործողությանը զուգադիպող ժամանակը» և այլն։
Միայն «դասաժամ» իմաստն է, որ տարբեր է։ Պահ-ը «դասաժամ» իմաստով գործածվում է արևմտահայերենում։ Ուստի երբ արևմտահայն ասի, որ վեց պահ ունի, արևելահայը պիտի հասկանա «վեց դաս կամ դասաժամ»։
Հայերէնի պահուն ինչե՜ր կ’ըլլան:
Եկել է իրար լիարժեք հասկանալու պահը։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ