1. Ասել բայը –ել վերջավորություն ունեցող բայերի մեջ միակն է, որը ձևափոխությունների է ենթարկվում -ալ մասնիկ ունեցողների պես։ Ահա այսպես՝ ասացի, ասացիր, ասաց, ասա՛...։ Սա անկանոնություն է (այս տեսակի միակը), որը ժողովուրդը խոսակցական լեզվում «ուղղում» և դարձնում է «կանոնական»՝ ասեցի, ասեցիր, ասեց... Հասկանալի է, բայց սրա՛ մասին չենք ուզում խոսել, այլ խոսել բայի։ Խոսել բայի խոսեցի, խոսի՛ր, խոսենք... ձևերը միանգամայն ճիշտ են, գրական և կանոնական։ Եվ սրանք սովորական պիտի լինեին, ինչպես որ գրեցի-ն կամ սիրեցի-ն։ Սակայն ասացի, ասացիր, ասաց, ասա՛ ձևերի նմանակությամբ համատարած են դառնում խոսել բայի սխալ ձևերը՝ խոսացի, խոսա՛, խոսացե՛ք, խոսանք, խոսացող... (ոմանք նույնիսկ զարմանում են, երբ իմանում են, որ խոսացած-ը սխալ է, ճիշտը խոսած-ն է, օրինակ՝ «Նրա խոսած [ոչ թե խոսացած] լեզուն չհասկացա»)։ Սրանք լիովին մերժելի են պաշտոնական և հրապարակային խոսքում, անտանելի է սրանց համատարած գործածությունը հեռուստատեսության լեզվում։ Այս գրոհը պիտի կասեցնենք։
2. Գովում ենք լավ գործը, լավ մարդուն։ Ամեն ինչ ճիշտ է։ Գովել բայն է, որի ճիշտ ձևերից են գովեցի, գովեցիր, գովեց, մի՛ գովիր... Բայց լսում ենք (երբեմն նաև կարդում) «Արամին շատ գովաց» կամ «Գլուխ մի՛ գովա, լավ բան չես արել» ու ... կարկամում ենք։ Գրական հայերենը, մասնավորապես պաշտոնական խոսքը մերժում են սրանք։
«Սա էլ քո գովացած գինին» և «Սա էլ իմ գոված գինին» նախադասություններից ես ընտրում եմ երկրորդը։
3. Իրենց խոսքի նկատմամբ անհետևողական մարդիկ ծիծաղել բայը այստեղ-այնտեղ սխալ են ասում և գրում՝ ծիծաղալ, որից էլ՝ ծիծաղացի, ծիծաղացիր, ծիծաղաց, մի՛ ծիծաղա և այլն։ Սրանք տարօրինակ են թվում ծիծաղեցի, ծիծաղեցիր, ծիծաղեց, մի՛ ծիծաղիր ճիշտ և օրինաչափ ձևերի կողքին։
4. Հայերեն գրավոր և բանավոր խոսքում կան, բառարաններում էլ գրանցված են ափսոսալ և ափսոսել բայերը։ Գրական հայերենը նախընտրում է առաջինը՝ ափսոսալ, որից էլ կազմվում են ափսոսացի, ափսոսացիր, ափսոսաց, ափսոսա՛, ափսոսացող և այլ կանոնական ձևեր։ Գրավոր խոսքում սրանք գերիշխում են ափսոսեցի, ափսոսեցիր, ափսոսեց և համանման ձևերի համեմատ։
5. Գրական հաչել (Շունն սկսեց ավելի ուժեղ հաչել եկվորների վրա) բայը խոսակցական լեզվում տարբերակ ունի՝ հաչալ։ Հաչել – հաչող և հաչալ – հաչացող հանդիպադրված ձևերից գրական լեզվով թավ գրվածներն են նախընտրելի։ Չմոռանանք նաև, որ լեզուն կարճ ձևերն է սիրում։
6. Երբևէ ձուկ որսացե՞լ եք։ Ես անգամ չեմ փորձել, բայց պահը որսացել և լուսանկարել եմ անվրդով ձուկ որսացող ընկերոջս։ Կարևորը պահը որսալն է։ Որսա՛ ճիշտ պահը...Այո՛, խոսքը որսալ բայի մասին է։ Չիմացության հետևանք են որսել, որսեց, որսի՛ր ձևերը։
7. Ժողովրդական խոսքում ցավալ, գրական լեզվում՝ ցավել։ Սրանք տևական ժամանակ «մրցում են»։ Ակնհայտ է, որ ժողովուրդը բանավոր խոսքում ցավել, ցավեց, ցավեցնել, –ել-ով կազմված կանոնական այլ ձևեր առհասարակ շատ քիչ է գործածում։ Նաև նկատելի է, որ ժողովրդական խոսքից ցավալ տարբերակի ձևերը հազվադեպ թափանցում են գրականության և մամուլի լեզու։
8. Այսօր կաթել բայն ընկալվում է գրական, կաթալ-ը՝ խոսակցական։ Թե ինչքա՛ն կշարունակվի այս ընկալումը, դժվար է ասել։ Լեզվի բնական զարգացումը թե ինչի՛ կհանգեցնի, կերևա ապագայում։ Այդ մասին կխոսեն հետագա սերունդները։
Հեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան