Գրաբարի բառասկզբի յ հնչյունի՝ հետագայում հ-ի փոխվելու հետևանքով (յանցանք-հանցանք, Յակոբ-Հակոբ, յետին-հետին, յիշատակ-հիշատակ, յոռի-հոռի, յուշ-հուշ և այլն) այս կարգի այլ համանունների թվում առաջացել են նաև «հետ» նախադրության և «յետ»-ից առաջացած «հետ» մակբայի ու սրանցով կազմված որոշ բաղադրյալ բառերի արտասանական համանուններ:
Մասամբ «հետ» (գրաբար՝ յետ) մակբայը (Արամից հետ (ետ) մնաց) «հետ» կապից (Արամի հետ մնաց) տարբերակելու և դրանց համանունությունը վերացնելու նպատակով, մասամբ էլ բարբառների ու արևմտահայերենի ազդեցությամբ՝ վերջին տասնամյակներում անջատ գրությամբ և որոշ բաղադրություններում «հետ» (ետ) արմատը նաև գրվում և արտասանվում է «ետ»: Այս արտասանական և ուղղագրական նորամուծությունը իր անհետևողական կիառությամբ առաջ է բերել այդ արմատի և նրանով կազմված բառերի արտասանության և ուղղագրության անհարկի զուգաձևություններ ու շփոթ: Այսպես՝ անջատ գրությամբ և որոշ բաղադրություններում «հետ» (ետ) արմատը գրվում և արտասանվում է «ետ»՝ ետ գնալ, ետ բերել, ետ տանել, ետ ու առաջ, ետադրություն և այլն. բաղադրություններից շատերում գրվում և արտասանվում է «հետ»՝ հետին, հետևյալ, հետադիմական, հետքաշում և այլն. բաղադրությունների մի զգալի մասում էլ մե՛կ գրվում և արտասանվում է «ետ», մե՛կ «հետ»՝ ետընթաց-հետընթաց, ետնալեզվային-հետնալեզվային, ետծննդյան-հետծննդյան, ետպատերազմյան-հետպատերազմյան, ետևից-հետևից և այլն:
Նկատի ունենալով, որ՝
ա) «ետ» ձևը հակասում է այդ կարգի բառերում կատարված յ-հ ընդհանրական հնչյունափոխությանը (նույնիսկ գրաբար բնագրերում «յետ»-ը կարդացվում է «հետ»).
բ) արտասանությամբ ավանդական դարձած և ավելի տարածված հետին, հետայսու, հետնորդ, հետաձգել, հետադիմել, հետահար, հետամնաց, հետահայաց, հետգրություն…, նորակազմ՝ հետաճուկ, հետընձյուղ, հետպահում, հետնուղեղ, հետփորձական, հետքաշում և այլ բառերը նպատակահարմար չէ արհեստականորեն դարձնել ետին, ետայսու, ետնորդ, ետաձգել, ետադիմել, ետահար, ետամնաց… և այլն.
գ) «հետ հետադրությունը» չի դառնում բարդ բառերի բաղադրիչ և չի կարող շփոթվել «հետ» (ետ) մակբայի հետ, -հետ (ետ) արմատի ու նրանով կազմված բառերի գրության և արտասանության անհարկի զուգաձևությունից ազատվելու և միօրինակություն սահմանելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն որոշում է.
Այսուհետև «հետ» (ետ) արմատը ամենուրեք, անջատ թե բաղադրյալ, գրել և արտասանել «հետ». այն է՝ հետ դառնալ, հետ մնալ, հետև, հետադրություն, հետադարձ, հետաճուկ, հետընթաց, հետծննդյան, հետմահու, հետճաշյա, հետնալեզվային, հետնորդ, հետո, հետհոկտեմբերյան, հետպատերազմյան, հետնուղեղ, հետփորձական, հետքաշում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Թույլատրելի է գրական երկերի մեջ խոսքի ոճավորման նպատակով գործածել ետ-ով կազմված ետևանց, ետիտես, ետնուց, ետք, այլև՝ գրական համարժեք ունեցող ետ եկած, ետ մնալ, ետնաբակ, ետնակին, ետնամուտք, ետնափակ և այլ բարբառային ձևերը:
*Նախագիծը կազմել է Հ. Բարսեղյանը: Հաստատվել է Տերմինաբանական կոմիտեի 1989թ. սեպտեմբերի նիստում:
Աղբյուր՝ Լեզվի կոմիտե