Հայերեն հարյուրից ավելի բառերի վերջում տեսնում ենք ծաղիկ բաղադրիչը: Սրանք հիմնականում բուսանուններ են, թփերի, խոտաբույսերի և ծաղիկների գիտական և ժողովրդական անվանումներ: Դրանք հայկական լեզվամտածողության արգասիք են, կան նաև օտար լեզուների ազդեցությամբ կազմվածներ:
Հայախոս մարդը պիտի իմանա և կիրառի հայերեն այս բառերը, եթե անգամ մեկ-երկուսը մի քիչ երկար են օտարալեզու համարժեքներից:
Ծաղիկ վերջնաբաղադրիչով բառերը ներկայացնենք փնջերով:
1. Բույսն անվանելու հիմքում հաճախ ընկած է որևէ առարկայի ու տվյալ բույսի նմանությունը: Զանգակածաղիկ, որովհետև բույսի ծաղիկները զանգակի նման են (օտար լեզուներում էլ է այդպես՝ լատ. Campanula, ռուս. колокольчик): Աստղածաղիկ, քանի որ ծաղիկները կարծես աստղիկներ լինեն (լատ. Aster):
Մի քիչ տարբեր է արևածաղիկ-ի դեպքը: Արևածաղիկը ձևով արեգակի նման է, դրան ավելանում է այն, որ ծաղկաբույլը միշտ արևի կողմն է թեքված: Սրա օտարալեզու համարժեքներում էլ արևը կա:
Արևադարձային երկրներում աճող մի բույս կա, որի պսակաթերթերից մեկի ծայրը շրջված է և մաշիկի ձև ունի, այդ պատճառով էլ կոչվում Է չմշկածաղիկ կամ մույկածաղիկ (մույկ «մի տեսակ ոտնաման»):
Բույսը փողածաղիկ է կոչվել, քանի որ տերևներն այնպես են միացած իրար, որ փող՝ խողովակ են հիշեցնում (հիշենք փողաշուշան-ը):
Մատնոցուկի մի տարանունն է մատնոցածաղիկ-ը. երկուսի հիմքում էլ ընկած է մատնոց բառը, որովհետև ծաղիկները մատնոցի են նման (լատ. Digitails «մատնոց»):
Մարգարտածաղիկ. սրա սպիտակ ծաղկաթերթերը նման են մարգարտահատիկների (շատերը գիտեն ռուսերեն անունը՝ маргаритка):
Խաչածաղիկ. պսակը կազմված է խաչի ձևով դասավորված չորս ծաղկաթերթերից:
Գնդածաղիկ. ծաղիկները մի ծաղկաբույլի մեջ խմբավորված են այնպես, որ գնդի են նմանվում:
2. Լոշտակ դեղաբույսի մի անունն էլ մարդածաղիկ է. սրա արմատի ձևը նման է մարդու ուրվագծերին:
Եվ լուսնածաղիկ. սպիտակ, խոշոր ծաղիկներ ունի, լուսնաձև են սերմերը:
3. Արտաքին հատկանիշներից է ծաղկի գույնը: Հասկանալի է, որ դեղնածաղիկ կոչվող թփի ծաղիկները դեղին են, կարմրածաղիկ և սպիտակածաղիկ կոչվածներինը` կարմիր և սպիտակ, ոսկեծաղիկ բազմաթերթիկ մոլախոտինը՝ ոսկեդեղին:
Ծխածաղիկ անունով հայտնի ծաղիկը ծխի գույն ունի, չնայած հանդիպում է նաև այլ գունավորումներով:
4. Բուսանուններ կազմելու հիմքում ընկած են լինում նաև բույսի տերևների, ծաղկաթերթերի և որևէ առարկայի հատկանշային նմանություններ: Թավշածաղիկ. ծաղկաթերթերը կարծես թավշյա լինեն, մոմածաղիկ. տերևներն ասես մոմե՝ մոմապատ լինեն:
4. Բառով նշվում է գործառական նշանակությունը: Երիցուկը, օրինակ, անվանում են նաև լվածաղիկ. բույսն այսպես է կոչվել ամենայն հավանականությամբ այն պատճառով, որն օգտագործվում է միջատների դեմ պայքարելու համար:
Ժողովուրդը գնարբուկն անվանում է նաև կովածաղիկ, որովհետև այն կերախոտ է կովի համար:
Մանր, սպիտակ ծաղիկներով ջրային թունավոր մի բույս կա, որ կոչվում է գինեծաղիկ թերևս իր արբեցուցիչ լինելու պատճառով (այսպես են կոչում նաև որթատունկի՝ խաղողի ծաղիկը):
Զարդածաղիկ, որ ընդհանուր անուն է. «փողոցները, զբոսայգիները, ինչպես նաև շինությունների ներսակողմը գարդարող ծաղիկ»: Կամ էլ մեղրածաղիկ «մեղրատու ծաղիկ»:
6. Ծաղկի անվան մեջ «հուշում» կա նրա աճելու տեղի կամ ժամանակի մասին: Ձնծաղիկ. գարնան ավետաբեր այս ծաղիկը երևում է ձյունը հալվելուն պես, երբեմն հենց ձյան միջից:
Հողմածաղիկ. վաղ գարնանային ծաղկաբույսերից է, որ Արարատյան դաշտում ձմռանն անգամ չի ցրտահարվում, «դիմանում է հողմերին» (ռուս. ветреница):
Ցայգածաղիկ կամ այգածաղիկ. առաջին բաղադրիչների (ցայգ և այգ) հակադրությունն է ուշագրավ: Բացատրությունն այսպիսին է` «գիշերը, գիշերվա վերջին կամ էլ լուսադեմին բացվող ծաղիկ»:
7. Դեղաբույսերի բուժիչ հատկությունները ժողովուրդը երբեմն կապել է սրբերի անունների հետ: Ժողովրդական բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է մարեմխոտը, որի անվան մի տարբերակն է մարեմծաղիկ-ը: Դեղաբույսի զորությունը վերագրվել է սուրբ Մարիամ Աստվածածնին: Այդպես է նաև անթառամի Սուրբ Կարապետի ծաղիկ ժողովրդական անվան մեջ:
Չմոռանանք իհարկե, որ ծաղիկ վերջնաբաղադրիչով բառերից մի երկուսը բուսանուն չեն. ջրծաղիկ «(մանկական) վարակիչ հիվանդություն» (այլ է ջրածաղիկ-ը՝ «ջրերի մոտ աճող ծաղիկ») և կռվածաղիկ «կռվի առիթ ծառայող բան» (բոլորին հայտնի է հատկապես կռվախնձոր-ը):
Եզրափակենք գրաբարյան երկնածաղիկ բառով, որ գործածվել է երկնածաղիկ առաքինութիւն կապակցության մեջ՝ նշանակելով «երկնային ծաղկի նմանվող առաքինություն»:
Զարդարվենք այդ առաքինությամբ:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ