Հայերենի հարցական նշանը յուրահատուկ է. դրվում է այն բառի վրա, որը հարցական հնչերանգի կրողն է: Շատ լեզուներում այն դրվում է նախադասության վերջում (իսպաներենում մեկն էլ սկզբից են դնում):
Հայերեն սովորած մարդիկ դեռևս դպրոցական տարիքից գիտեն, որ հարցական նշանը (մեկ բառով ասում են նաև պարույկ) սովորաբար դրվում է բառի վերջին ձայնավորի վրա (Վահա՞ն, տասնվե՞ց, քանի՞): Ամեն ինչ պարզ ու դյուրին է թվում, այնինչ կան նաև հարցական նշանի գործածության դժվարություններ: Անդրադառնանք դրանց:
1. Որտե՞ղ, ինչպե՞ս, ինչքա՞ն, ինչպիսի՞, ինչո՞ւ. հարցական նշանը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա: Բայց քանի՞երորդ, ո՞րերորդ, այսինքն՝ հարցական նշանը դրվում է ո՛չ վերջին վանկի ձայնավորի վրա, այլ –երորդ ածանցին նախորդող վանկի ձայնավորի. բառերն այդպես էլ արտասանվում են: Այդպես է նաև –երորդ ածանցով կազմված բառերի պարագայում՝ հի՞նգերորդ, տա՞սներորդ:
2. Մի՞թե բառի հարցական նշանը դրվում է առաջին վանկի ձայնավորի՝ ի-ի վրա: Բառի բաղադրիչները գրվում է անանջատ. տպագիր բառն ընթերցողին անջատ է թվում ի-ի վրա դրված հարցական նշանի պատճառով, քանի որ նշանը որոշակի տարածք է զբաղեցնում՝ այդպես իրարից հեռացնելով ի-ն և թ-ն: Ահա այսպես.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի (Վ. Տերյան):
3. Չէ՞ որ շաղկապի վրա միշտ հարցական նշան է դրվում: Ի դեպ, եթե չէ՞ որ-ը բարդ նախադասության շարունակության մեջ է (բացատրության կամ հիմնավորման իմաստով), ապա նրանից առաջ միջակետ է դրվում: Այսպես. «Հաշտվե՛ք վերջապես. չէ՞ որ ազգականներ եք»:
4. Հարցական նշան է դրվում թե-ի վրա և նրան նախորդող այն բառի վրա, որը հակադրության եզրն է: Այսպես.
Ի՞նչ կուզեիք, թե՞յ, թե՞ թան,- ավելացրեց նա,- ի՞նչ կցանկանայիք քնից առաջ (Վ. Արամյան):
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,
Թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը (Պ. Սևակ):
5. Արդյոք բառի վրա հարցական նշան հազվադեպ է դրվում: Չեն դնում հատկապես այն ժամանակ, երբ նախադասության մեջ հարցական դերանուն կա: Այսպես.
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու (Վ. Տերյան):
Կամ էլ հարցական հնչերանգով արտաբերվող որևէ բառ կա: Այսպես.
Արդյոք տխրո՞ւմ է ինձ համար հեռվում,
Արդյոք մորս պես ինձ խղճո՞ւմ է նա (Հովհ. Շիրազ):
6. Գուցե և երևի բառերը կասկած, երկբայություն, երկմտություն են արտահայտում, բայց հարցական նշան չեն ստանում:
7. Հարցական նշանը ը-ի վրա չի դրվում, այլ նախորդող ձայնավորի, ինչպես՝ քանի՞սը, ի՞նչը, Կապա՞նը:
8. Ոմանք (հաճախ նաև գրագետ մարդիկ, գրողները) բարդ նախադասություններում թե շաղկապին հաջորդող հարցական դերանունները գրում են հարցական նշանով: Օրինակ՝ Սպասում էր, թե ե՞րբ պետք է թագավորը կանչի իրեն (Ստ. Զորյան):
Փորձենք արտասանել այդ նախադասությունները: Եթե ուշադիր լինենք, ապա հստակ կդառնա, որ այդտեղ հարցական հնչերանգ չկա: Այսպիսի դեպքերում թե շաղկապից հետո եկող հարցական դերանունները շեշտվում են, ուստի հարցական նշանի փոխարեն շեշտ պիտի դնել: Օրինակներ՝ «Հարկադրված էր պառկել և սպասել, թե ե՛րբ պետք է բուժվեն վերքերը» (Ստ. Զորյան), «Թաթոն հողը ծամելով իմանում էր, թե ե՛րբ պետք է ցանել» (Խ. Դաշտենց):
Շատերը կետադրական ոչ մի նշան չեն դնում: Օրինակ՝ «Նա պատվիրեց, որ հարևանի տղային, գյուղական դպրոցի իր դասընկերոջը հայտնվեն, թե երբ ու որտեղ կարող է գտնել իրեն քաղաքում» (Ռ. Աթայան):
Լավագույն տարբերակը շեշտ դնելն է:
9. Դպրոցական դասընթացի ժամանակ սովորեցնում են, որ գրական հայերենում հարցական նշանը, որպես կանոն, դրվում է դերբայի վրա՝ սովորո՞ւմ է, գնացե՞լ եք, հանձնելո՞ւ եք: Միայն մեկ օրինակ բերենք.
- Հիշո՞ւմ ես մեր առաջին զրույցը, Ռուբե՛ն, երբ ես հարցրի, թե կարո՞ղ ես այդ ծանր բեռն առնել քո ուսերին (Ալ. Թոփչյան):
Բարբառային որոշ տարածքներում, նաև խոսակցական հայերենում հարցական հնչերանգով արտասանում են նաև օժանդակ բայը: Դա հազվադեպ թափանցում է գրավոր խոսք: Օրինակ՝ «Երեխա է, էլի, բան չի հասկանում, համ էլ խեղճը իսկի մեր տեսել է՞...» (Շ. Թաթիկյան):
10. Ժխտական բայաձևերի օժանդակ բայը հարցական նշան ստանում է. դա կանոնական է: Այսպես՝ չե՞ս հավատում, չի՞ գալու, չե՞նք գնալու:
11. Ավանդաբար հարցական նշանը դրվում է ու-ի երկու մասնիկների միջև: Օրինակներ՝ ինչո՞ւ, տո՞ւն, բո՞ւ:
12. Հարցական նշան է ստանում նաև և-ը (և՞), որն իր կազմում ձայնավոր ունի, մեծատառի դեպքում նշանը բնականաբար դրվում է Ե-ի վրա՝ Ե՞վ: Օրինակներ՝
- Մենակ ձանձրացար և՞...
- Եվ գնացի նկարիչ ընկերներիս մոտ (Գ. Խանջյան):
- Խոսեցի...
- Ե՞վ... (Շ. Թաթիկյան):
13. Հարցական դերանունները գործածվում են նաև բացականչական հնչերանգով, երբ հիացմունք կամ զարմանք են արտահայտում: Օրինակ՝ «Ինչպիսի՜ տագնապ, ինչպիսի՜ զայրույթ կար նրա աչքերում» (Վ. Անանյան): Այո՛, հարցական դերանուն են կոչվում, բայց այս դեպքերում բացականչական նշան են ստանում:
14. Տեքստում հարցական նշանը կարող է դրվել փակագծերում, երբ գրողը իր կասկածն է ուզում արտահայտել որևէ փաստի կամ մտքի առնչությամբ: Օրինակ՝ «Ըստ որոշ հետազոտողների՝ ժամանակակից աշխարհում ավելի շատ երկլեզու կամ բազմալեզու մարդիկ կան, քան միալեզու, և հասարակությունների մեծ մասը բազմալեզու է (՞), մի բան, որ պետական հաստատությունները չեն ընդունում»:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ