Նախ պարզենք, թե ի՛նչ է կողմից-ը: Սա կողմ բազմիմաստ բառի բացառական հոլովաձևն է, որ քարացել ու բառի արժեք է ձեռք բերել: Գործածվում է տարբեր կապակցությունների մեջ՝ արտահայտելով տարբեր իմաստներ: Այսպես:
Իմ կողմից շնորհակալություն հայտնեք աշխատողներին նախադասության իմ կողմից-ը նշանակում է «իմ անունից»:
Որդիների կողմից նա բախտավոր է նախադասության որդիների կողմիցկապակցությունը նշանակում է «ինչ վերաբերում է որդիներին»:
Ամեն կողմից էլ ձեր վիճակն անհուսալի է նախադասության կողմից-ը նշանակում է «տեսանկյունից»:
Քո կողմից արգելք չկա՞ նախադասության կողմից-ով կապակցությանը «որքան որ կախված է մեկից» մեկնաբանությունը կարող ենք տալ:
Սովորական է կողմից բացառական հոլովաձևի գործածությունն իր հիմնական՝ տարածական իմաստով, ինչպես՝ «Զորքը քաղաքի արևմտյան մուտքի կողմից առաջ գնաց»:
Կողմից բառի այս գործածությունները խնդրահարույց չեն, ժողովուրդը դրանք կիրառում է անհրաժեշտաբար, մեծ կամ փոքր հաճախականությամբ: Այստեղ չարաշահում չկա: Խոսքն այլ բանի մասին է:
Չարաշահումը վերաբերում է կողմից բառի այն գործածություններին, որոնք տեսնում ենք կրավորական կառուցվածք ունեցող նախադասություններում (օրինակ՝ Նա ներվեց իմ կողմից), և որոնք վերջին շրջանում հեղեղել են հայերեն գրավոր և բանավոր, այդ թվում՝ գիտական և պաշտոնական խոսքը: Մանրամասնենք:
Գյուղացին մշակում է հողը նախադասության մեջ մշակելու գործողությունն անմիջապես անցնում է հողի վրա: Սա ներգործական կառուցվածքի նախադասություն է: Քերականության լեզվով ասած՝ ունենք նախադասության դասական կառուցվածք՝ ենթակա-ստորոգյալ-ուղիղ խնդիր: Այս պարագայում ամեն ինչ պարզ է, բնական:
Այս նույն նախադասության իմաստը կարող ենք արտահայտել նաև այլ կերպ՝ Հողը մշակվում է գյուղացու կողմից: Քերականության սիրահարները գիտեն, որ գյուղացու կողմից-ը ստորոգյալի լրացում է, որ կոչվում է ներգործող անուղղակի խնդիր: Եթե առաջին նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) գյուղացին է, ապա երկրորդում՝ հողը, որի վրա ներգործում է գյուղացին՝ իրական գործողություն կատարողը:
Ներգործական կառուցվածքի նախադասությունը կրավորականի փոխակերպելու (կամ կրավորական դարձնելու) վարժանքներ անում են դպրոցում: Համալսարաններում եղածին ավելացնում են ներգործող անուղղակի խնդիր երկրորդական նախադասությունների մասին գիտելիքը: Օրինակ՝ Ղեկավարին քննադատեց նա, ով ամենևին տեղյակ չէր եղելությունից – Ղեկավարը քննադատվեց նրա կողմից, ով ամենևին տեղյակ չէր եղելությունից:
Քերականական վարժանքներն անհետևանք չեղան. շուտով ամենուրեք տարածվեցին կողմից-ով կառույցները: Այժմ դրանք այնքան շատ են տարածվել, որ անգամ գրագետ մարդիկ ասում և գրում են այսպիսի (տարօրինակ) կապակցություններ՝ այսինչի կողմից գրված գիրքը, հռետորի կողմից հնչեցված միտքը, հաճախորդի կողմից գնված ապրանքը, նախագահի կողմից շնորհված մրցանակը և այլն: Այնինչ պարզապես կարող էին ասել՝ այսինչի գրած գիրքը, հռետորի հնչեցրած միտքը, հաճախորդի գնած ապրանքը, նախագահի շնորհած մրցանակը և այլն: Մի գրականագետ էլ գրել է՝ «Թումանյանի կողմից թարգմանված բանաստեղծությունը»: Փոխանակ սեղմ և ուղիղ ասելու՝ Թումանյանի թարգմանած բանաստեղծությունը: Նույնիսկ դպրոցական դասագրքում գրել են՝ «Հայկական առասպելներն ու վիպերգերը հետագայում մշակվել են մեր գրողների կողմից», երբ նույն միտքն ավելի ընկալելի կլիներ Մեր գրողները հետագայում մշակել են հայկական առասպելներն ու վիպերգերը ձևակերպմամբ:
Հարց կարող է ծագել՝ մի՞թե կողմից-ի այս գործածությունները սխալ են: Խնդիրը ճիշտ ու սխալը չէ, այլ կողմից-ի չափազանց չարաշահումը, եթե մեկ բառով բնորոշենք, ապա գերչարաշահումը: Ինչպես տեսանք, շատ դեպքերում այն ուղղակի մոլախոտի պես մի բան է, վատ տեսակի, աներես ու անհամ մոլախոտ, որն ապականում է հայերեն խոսքը:
Հիանալի կլինի, եթե կողմից-ի այս կարգի գործածությունները արմատախիլ անենք մեր խոսքից:
Ձեր կողմից արվածը արածը կարևոր է:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ