Բառապաշար, բառապաշարի սահմանափակություն, ակտիվ բառապաշար, բառապաշարի զարգացում և այլն։ Այս հասկացություններին մենք բախվում ենք տարբեր առիթներով և հատկապես դպրոցում, ԲՈՒՀ-ում, հանրային խոսք ասելիս, երբ ցանկանում ենք կապակցված բանավոր կամ գրավոր խոսք ստեղծել։ Եվ հաճախ թե՛ մայրենի, և թե՛ օտար լեզվով խոսելիս լեզվի իմացությունը առաջին հերթին գնահատվում է բառապաշարի գործածության քանակական ցուցանիշներով։ Կամ տարբեր առիթներով խոսելիս հասկանում ենք, որ թեև մայրենի լեզվով ենք խոսում և հայերի միջավայրում, սակայն մեզ հասկանում են ոչ լիարժեք՝ ընդամենը 50-70 տոկոսով, կամ ավելի քիչ։ Սա տարօրինակ կարող է թվալ, քանի, որ լեզուն՝ մեր դեպքում հայերենը, մայրենի է, բոլորս էլ լսել, լսում ու սովորում ենք, կարդում ենք նույն գրքերը, դիտում նույն ֆիլմերը։ Եվ թվում է՝ բոլորս էլ լեզվին տիրապետում ենք մոտ կամ նման մակարդակով։ Բայց այդպես չէ, լեզվի հիմնական բառաֆոնդը իրականում շատ մեծ է, հայերենի դեպքում՝ 300 կամ 350 հազար բառ, սակայն նույնիսկ ամենակարդացած մարդը և նույնիսկ ամենաբեղուն գրիչ ունեցող գրողներն օգտագործում են այդ բառագանձի շատ փոքր մասը։ Տարբեր հաշվարկներով միջին վիճակագրական մարդը գիտի և հասկանում է իր մայրենիի 20-25 հազար բառ, սակայն կիրառում է էլ ավելի քիչ՝ լավագույն դեպքում՝ 3000-4000 բառ։ Ընդ որում, մեր անհատական բառապաշարներում համընկնում են ընդամենը 2000 բառ։ Մնացած տարբերությունները պայմանավորված են անձի տարիքով, կրթության աստիճանով, մասնագիտությամբ և անձնային այլ որակներով։
Ուշագրավ է, որ գործածվող բառերի քանակը փոխվում է կյանքի տարբեր փուլերում․ դպրոցական տարիներին լավագույն սպասումներով երեխայի ակտիվ բառապաշարը պետք է հասնի 5 000-ի, թեև այդպես քիչ է լինում և աշակերտները սահմանափակվում են 1000-2000 բառով։ Ինչը մեծ մասամբ պայմանավորված է ընթերցանության ցածր ցուցանիշներով։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդը ենթադրվում է, որ պետք է բառապաշարում ունենա մոտ 10 հազար բառ, սակայն ավելի հաճախ՝ 7000-9000 բառ է։
Բառապաշարի հարստացման տեմպերը նույնպես տարբեր են․ ամենից արգասաբեր շրջանը՝ 3-16 տարեկանն է, երբ մարդն ըստ հետազոտությունների օրական միջինում 4 նոր բառ է սովորում։ 16 տարեկանից հետո նոր բառեր սովորելու ընթացքը դանդաղում է և, օրինակ, 50 տարեկանում մարդիկ օրական մեկ բառ են սովորում։ Իսկ 50-ից հետո բավարարվում են արդեն իմացածներով և քիչ հավելումներ են լինում։
Տեխնոլոգիաների զարգացումը, գլոբալիզացիան, մեծապես խանգարում են անհատական բառապաշարների զարգացմանը, քանի որ սոցիալական ցանցերում մարդիկ ավելի հաճախ հաղորդակցվում են տարբեր պատկերների ու նշանների փոխանակությամբ։ Մեսինջերներում կան բառերի ճանաչման ավտոմատ համակարգեր, որոնք քո փոխարեն ընտրում են համապատասխան, շատ գործածական բառերը լեզվի ակտիվ բառապաշարից։
Ամենից շատ բառեր, իհարկե, օգտագործում են գրողները և ըստ նրանց ստեղծագործությունների կարելի է հստակ հաշվարկել գործածած բառերի թիվը։ Ընդ որում այնպես չի, որ այդ բառերը գրողների ակտիվ բառապաշարի մասն են դառնում։ Գրողները նաև լեզվի բառաֆոնդի զարգացման ու համալրման հիմնական «մեղավորներն» են, քանի որ ստեղծում են նոր բառեր։ Նրանց բառապաշարի տարբեր սկզբունքներով կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ օրինակ, Ա․Պուշկինի ստեղծագործությունների բառապաշարում մոտ 22 000 բառ է։ Ֆ․ Դոստոևսկին գործածում է 43 հազար բառ։ Լ․ Տոլստոյը՝ 70 091։ Հոմերոսի պոեմներում մոտ 9000 բառ կա, Ու․ Շեքսպիրի բառապաշարը 24 000 է։
Հայ հեղինակներից լեզվի հիմնական բառաֆոնդի կիրառության ռեկորդային ցուցանիշներ է գրանցել Պարույր Սևակը․ նրա չափածոյի բառապաշարը՝ 14 200 բառ է ընդգրկում։ Թարգմանական գործերում բանաստեղծն օգտագործում է ևս 3100 բառ։ Միայն «Անլռելի Զանգակատուն» պոեմում՝ 6091 բառ կա։ Պ․ Սևակը նաև բառաստեղծ է, նա 1150 նոր բաղադրյալ բառ է ստեղծել։
Մեր գրականության մյուս մեծերից շատ բառեր է գործածել Հովհաննես Թումանյանը․ նրա ամբողջ գեղարվեստական ստեղծագործության մեջ հաշվվում է 9000 բառ։ Եթե հաշվենք նաև հրապարակախոսությունը, թիվն իհարկե կաճի։
Եղիշե Չարենցի պոեզիայի լեզվում մոտ 8000 բառ է հաշվվում, որի մեջ ընդհանուր հայերեն բառեր՝ 5150, գրաբարյան՝ 220, ժողովրդախոսակցական՝ 1000, նորաբանություններ՝ 400 և այլն։
Ավետիք Իսահակյանի չափածոյի բառապաշարը մոտ 5200 բառ է, եթե հավելենք նաև արձակը, հրապարակախոսությունը ու նամակները, գործածված բառերի թիվն իհարկե կմեծանա:Միջնադարյան հեղինակներից կարելի է նշել Մովսես Խորենացուն։ Նրա «Հայոց պատմություն» երկում 7031 բառ կա։
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկում՝ «Նարեկ»-ում 6962 բառ է գործածվում։ Նարեկացին նաև մոտ 700 նոր բառ է ստեղծել, որոնցից շատերը գործածվում են նաև այսօր։
Իհարկե, մարդուն առօրյա շփման մեջ, կախված գործունեության ոլորտից, մի քանի հարյուր բառը լիովին բավարար է։ Եվ շատերը այդքանով էլ սահմանափակվում են։ Ըստ գործունեության շրջանակի մեծության ու հաղորդակցման առանձնահատկությունների, պետք է առնվազն 3000 բառ գործածել լիարժեք շփման համար։ Սակայն ցանկալի է, իհարկե, ընդլայնել ակտիվ բառապաշարը, զարգացնել լեզվի իմացությունը, քանի որ աշխարհը ճանաչում ենք լեզվի ու բառերի միջոցով նաև, ըստ այդմ էլ՝ սահմանափակ բառաշարը սահմանափակում է նաև աշխարհի ճանաչողությունը։ Ու նաև որքան ափսոս է, որ տասնյակ հազարավոր գեղեցիկ բառեր ննջում են բառարաններում և մենք դրանց գոյության մասին նույնիսկ չգիտենք․․․
Աղբյուրներ՝ Ա․ Մարության, Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն և ոճը, Երևան, 1979
Յու․ Ավետիսյան, Գ․ Ներսիսյան, Շ․Գևորգյան, Ս․ Գաբրիելյան, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Երևան, 2021:
Արտ․ Պապոյան, Պ․ Սևակի չափածոյի բառարան, հատ․ 1, 2, Երևան, 1981, 1982: