Խոսքը մարդու հաղորդակցման ու սոցիալականցման գլխավոր միջոցն է, նաև հոգեբանական կարևոր միջոց՝ տագնապներն ու սթրեսները հաղթահարելու, հոգեկան ներդաշնակությունը վերականգնելու համար: Մարդիկ ըստ իրենց ազգության, խառնվածքի, կրթության, դաստիարակության, մասնագիտության, միջավայրի խոսում են տարբեր կերպ։ Բացի նրանից, թե ինչ չափով է մարդը օգտվում իր մայրենիի հիմնական բառաֆոնդից(Այս մասին տե՛ս ավելին) հետաքրքիր է իմանալ, թե քանի՞ բառ է մարդն արտաբերում մեկ օրվա ընթացքում, ի՞նչ միջին արագությամբ են խոսում առանձին մարդիկ և տարբեր ազգությունների ներկայացուցիչները։
Քանի՞ բառ ենք օգտագործում
Խոսքի տեմպը՝ խոսքի տարրերի՝ հնչյուններ, վանկեր բառեր, արտաբերման արագությունն է: Օրինակ հաշվարկվել է, որ անգլերեն գրքի ընթերցանության օպտիմալ տեմպի դեպքում, րոպեում պետք է ընթերցվի 150-160 բառ: Զրույցի դեպքում՝ 190 բառ րոպեում: Այն լեզուներում, որտեղ բառերն ավելի երկար են, օրինակ ռուսերենում, բառերի արտաբերման քանակը, իհարկե, ավելի փոքր է: Ըստ տարբեր հաշվարկների, օրինակ ռուսները ավելի դանդաղ են խոսում և օրական արտաբերում է 7 հազար բառ, ամերիկյան վիճակագրությամբ, ամերիկացիները արտաբերում են 16000 բառ։ Միջին հաշվով մարդը րոպեում կարող է արտաբերել 125-160 բառ։ Ընդ որում, ազգությունից-ազգություն, մասնագիտությունից-մասնագիտություն այս թիվը փոփոխվում է։ Սովորաբար հյուսիսային ժողովուրդները ավելի դանդաղ են խոսում, հարավում ապրողները՝ ավելի արագ: Օրինակ հայտնի շատախոսներ են ֆրանսիացիները, ճապոնացիները, մոտ 200 բառ։ Քչախոս ու դանդաղախոս են ֆինները, կանադացիները։ Բարձրաձայն ու արագ են խոսում իտալացիները, բրազիլացիները և մեքսիկացիները։ Արագ են խոում, հետևաբար շատ բառեր արտաբերում դերասանները, հաղորդավարները, քաղաքական գործիչները:
Որքա՞ն ենք խոսում
Կախված վերևում բերված տվյալներից, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը միջինում օրական խոսում է ընդհանուր առմամբ մեկ ժամ, ամբողջ կյանքի ընթացքում մոտ 2,5 տարի։ Եթե սա էլ գրի առնվի ու գիրք դառնա՝ կկազմի 400 էջանոց հազար հատոր ունեցող գիրք։
Կանա՞յք են շատ խոսում, թե՞ տղամարդիկ
Ընդունված կարծիք կա, որ շատախոս են հատկապես կանայք, սակայն իրականում տղամարդիկ ու կանայք գրեթե հավասար են խոսում։ Ըստ հետազոտող Լիբերմանի կատարած փորձի աղջիկները մեկ օրվա ընթացքում արտաբերում են 8800 բառ, իսկ տղաները՝ 6000։ Ըստ ԱՄՆ-ում 1998-2004 թթ․ իրականացված մեկ այլ ուսումնասիրության, որին մասնակցել է 396 մարդ, աղջիկները միջինում օգտագործում են 16215 բառ, իսկ տղաները՝ 15669:
Թեև շատախոսությունը ավելի հաճախ թերություն է համարվում ու քննադատվում, սակայն ըստ հոգեբանների, խոսելը օգնում է հաղթահարել սթրեսները, խուսափել վաղաճամ ծերությունից, հեռու մնալ սիրտանոթային հիվանդություններից։ Ըստ այդմ էլ` կարելի է թերևս շատ խոսել, սակայն պետք է խոսել դիպուկ ու տեղին: Կառուցիկ խոսքի զարգացումն էլ պայմանավորված է մարդու ընդհանուր հոգեմտավոր զարգացման մակարդակով, այդ պահի հոգեբանական վիճակով: Գեղեցիկ, սահուն և դիպուկ խոսքը կարելի է և պետք է զարգացնել շատ ու բարձրաձայն ընթերցանությամբ, խոսքի զարգացման համապատասխան հնարանքների օգտագործմամբ: