Հայերենի –ություն ածանցով մեծաթիվ բառեր կան, ինչպես՝ ազատություն, խաղաղություն, հարստություն, պետություն, կրթություն, լայնություն, հայրություն և այլն: Սրան հնչյունակազմով նման մի ածանց էլ ունենք՝ –ույթ-ը, որով նոր բառեր, հատկապես տերմիններ են կազմվում: Ահա՝ ելույթ, երևույթ, լուծույթ, մակերևույթ, մշակույթ, արժույթ, հասույթ, ճաշկերույթ և այլն:
Հայերեն մի շարք բառեր կան, որոնք նույն արմատն ունեն, բայց կազմվել են -ություն և -ույթ ածանցներով: Դրանք հայերենի բացատրական բառարաններում իմաստով երբեմն հստակ սահմանազատված չեն, մարդիկ էլ գործածելիս հաճախ շփոթում են:
Անդրադառնանք 7 բառազույգի:
ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ – ԱՎԱՆԴՈՒՅԹ
Ավանդությունը ավանդազրույցն է, ժողովրդի մեջ սերնդեսերունդ պատմվող փոքրածավալ արձակ ստեղծագործություն, օտար բառով՝ լեգենդ: Օրինակ՝ «Գյուղում վանքի կառուցման մասին տարբեր ավանդություններ են պատմում»:
Ավանդություն են անվանում նաև ժառանգությունը, օրինակ՝ եկեղեցական ավանդություն: Բառարաններն ասում են, որ ավանդություն է նաև պատմականորեն ձևավորված ու սերնդից սերունդ փոխանցվող սովորույթների, հայացքների, կենցաղային կանոնների և այլնի ամբողջությունը: Հենց այս իմաստն արտահայտելու համար ստեղծվել և գործածվում է ավանդույթ բառը:
Ի՞նչ է ավանդույթը: Ավանդույթը պատմականորեն հաստատված կարգն է, չգրված օրենքը, սովորույթը, օտար բառով՝ տրադիցիան:
Այս բառերը տարբերակելու համար պիտի իմանալ. ավանդությունը պատմվում է, ավանդույթը՝ պահպանվում, կիրառվում, անգամ պարտադրվում:
ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ – ԲԱՐԴՈՒՅԹ
Բարդությունը բարդ լինելն է, բարդ գործը, դժվարությունը: Բժշկության մեջ բարդություն են կոչում նաև մի հիվանդության ժամանակ կամ նրա հետևանքով նոր հիվանդության առաջանալը: Դպրոցական քերականությունից հայտնի է, որ բարդություն են անվանում նաև բարդ բառը: Այսինքն՝ բարդություն-ը բազմիմաստ բառ է, մի քանի իմաստ ունի:
Բարդույթ-ը համեմատաբար նոր բառ է, որը գործածվում է հոգեբանության մեջ՝ որպես կոմպլեքս օտար բառին համարժեք: Հոգեբանները բացատրում են այսպես՝ «անձի հոգեկանում որոշակի մտքերի, մտապատկերների և զգացմունքների կայուն զուգորդություն»: Այլ կերպ ասած՝ սա այն գաղափարը, ներշնչումն է, որը մշտապես կաշկանդում է մեկին: Մասնագետները տարբեր բարդույթներ են առանձնացնում: Օրինակ՝ թերարժեքության բարդույթ, ազգային ստորակայության բարդույթ:
Բարդություն-ը և բարդույթ-ը չշփոթվող բառեր են, թեպետ նման կառուցվածք ունեն: Խորհուրդ. գրագետ երևալու համար չպետք է անպատեհ ասել բարդույթ, երբ հանգիստ կարող ենք բարդություն բառը գործածել: Օրինակ, «Ջրամբարի կառուցման ժամանակ տարբեր բարդություններ առաջացան» նախադասության մեջ ինչպե՞ս կարելի է ասել «բարդույթներ առաջացան»: Ուղղակի չի կարելի:
ՄՐՑՈՒԹՅՈՒՆ – ՄՐՑՈՒՅԹ
Մրցությունը որևէ ասպարեզում իրար հետ մրցելն է, իմաստով շատ մոտ է մրցակցություն բառին: Եթե տասնամյակներ առաջ՝ խորհրդային հասարակարգում, տնտեսական կյանքում գործածում էին մրցություն բառը (սոցիալիստական մրցություն), ապա այսօր՝ շուկայական հարաբերությունների զարգացման պայմաններում, հիմնականում մրցակցություն-ն է գործածվում: Ընդ որում՝ կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության մեջ:
Սպորտում մրցությունը առաջնությունը որոշելու համար կազմակերպված մրցախաղն է, այս առումով մոտ է մրցում բառին:
Իսկ ահա մրցույթը մասնակիցներից առավել արժանավորին (հաճախ նաև արժանավորներին) կամ էլ առավել համապատասխան տվյալներ ունեցող(ներ)ին հայտնաբերելու հնարավորություն ընձեռող մրցություն է: Օրինակ՝ երգի մրցույթ, շարադրությունների մրցույթ, վարսավիրների մրցույթ, թափուր աշխատատեղը համալրելու մրցույթ և այլն:
Ուրեմն ինչպե՞ս կողմնորոշվենք. մարզական կյանքում՝ մրցում, արվեստում, կրթության և գիտության մեջ՝ մրցույթ, իսկ մրցություն-ն ընդհանուր՝ չտարբերակված գործածություն ունի:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ – ՆՈՐՈՒՅԹ
Նորություն-ը ամեն հայի ծանոթ շա՜տ հին բառ է, որով անվանում են նոր բանը, նոր վիճակը: Վերջին տասնամյակներում այն գործածվում է նաև «նոր լուր» իմաստով, որ սովորական է ռուսերենում, անգլերենում և ուրիշ լեզուներում:
Նորույթ-ը համեմատաբար նոր է, սրանով կոչում են գիտության, տեխնիկայի, արտադրության, նաև մշակույթի բնագավառների նորությունը, նոր բանը՝ իրողությունը՝ երևույթը: Այս բառով է ժամանակին թարգմանվել ռուսերեն новинка-ն:
Պետք չէ նորություն բառի փոխարեն նորույթ ասել:
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ – ՍՈՎՈՐՈՒՅԹ
Սովորություն-ը բազմիմաստ բառ է, նշանակել և նշանակում է «մի բանի վարժվելը, ընտելանալը», «այս կամ այն ժողովրդի մեջ հնուց պահպանված և կենցաղում արմատացած ընդհանուր կարգ, ավանդաբար հաստատված կանոն», նաև «մեկի համար կյանքի որոշ շրջանում սովորական դարձած գործելակերպ, նիստուկաց, վարվելաձև, բնավորություն»:
Այս բառի «իմաստային բեռի» մի մասն իր վրա է վերցրել սովորույթ-ը: Սովորույթ նշանակում է «ընդունված՝ հանրաճանաչ կարգ, հասարակական վարքուբարքի ավանդաբար հաստատված կանոն»:
Մի կես դար առաջ այս բառերը հստակ տարբերակված չէին: Դրա համար էլ արդի հայերենի բացատրական նշանավոր բառարանում սովորույթ բառի դիմաց գրված է. «Նույնն է՝ Սովորություն»: Բայց մեր oրերում իմաստի առումով այս բառերը զգալիորեն տարբերակված են: «Մենք պահպանել ենք մեր ժողովրդի սովորույթները» և «Արտակը ամեն առավոտ վազելու սովորություն ունի»: Տարբերությունը զգացի՞ք. սովորույթ ունենում է հանրությունը, սովորություն՝ անհատը:
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՆՐՈՒՅԹ
Հանրություն բառի համարժեքը հասարակություն-ն է, գործողությամբ կամ այլ ընդհանրությամբ միավորված մարդկանց խումբը՝ բազմությունը, պարզ լեզվով ասած՝ ժողովուրդը:
Հանրույթ բառը բացատրական բառարանում բնութագրվել է իբրև «հազվադեպ» և բացատրվել որպես «հանրություն»: Պարզ է, որ տասնամյակների ընթացքում փոխվել է ինչպես ուրիշ, այնպես էլ այս բառի իմաստը: Եվ հանրույթն այսօր ընկալվում է որպես հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի ընդհանրությամբ բնորոշվող մարդկանց խումբ: Օրինակ՝ գիտական հանրույթ:
Հստակեցնելու համար ասենք, որ հանրությունն ընդհանուր է, հանրույթը՝ մասնավոր, հանրությունն ավելի մեծ ընդգրկում ունի, հանրույթը՝ փոքր:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԵԿՈՒՅԹ
Տեղեկություն-ը բոլորին հայտնի բառ է և նշանակում է՝ «լուր, ծանուցում, հաղորդում»: Վերջերս նրա մրցակիցն է դարձել տեղեկատվություն բառը, որը տեղեկություն տալն է։ Շատերը շփոթում են դրանք և տեղեկություն բառի փոխարեն անընդհատ գործածում տեղեկատվություն-ը: Այսպես. «Տեղեկատվություն կա, որ հանդիպումը հետաձգվել է», այնինչ ճիշտը սա է․ «Տեղեկություն կա (տեղեկություններ կան), որ հանդիպումը հետաձգվել է»։ Կամ էլ ասում են. «Խնդրում ենք տրամադրել այսինչ տեղեկատվությունը»: Այս դեպքում ճիշտ է կիրառել տեղեկություն բառը. «Խնդրում ենք տրամադրել այսինչ տեղեկությունը»: Իսկ տեղեկատվություն-ը ճիշտ է գործածել այլ դեպքերում, ինչպես՝ տեղեկատվության [տեղեկություն տվող] միջոցներ, տեղեկատվության [տեղեկություն տալու՝ ստանալու] ազատություն և այլն։
Տեղեկություն բառը վաղուց ունեինք, երբ արդի ժամանակներում ստեղծվեց տեղեկույթ բառը, որ նշանակում է «տեղեկությունը գիտության համակարգում»: Այսինքն՝ տեղեկույթ-ը գիտաբառ է: Տեղեկատվություն բառն էլ դրանից հետո ձեռք է բերել նոր՝ «տեղեկույթի հաղորդում» իմաստը:
Այստեղ էլ տեղեկություն-ն ընդհանուր իմաստ ունի, իսկ տեղեկույթ-ը՝ մասնավոր:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ