Բաղաձայնների ուղղագրության ուսուցումը դպրոցում սկսում են բ – պ – փ-ից: Ուսուցիչները տարիներ շարունակ սովորեցնում են ճիշտ գրելու կանոնները, բայց «վթարներն» անպակաս են, և պիտի ջանք թափել դրանք վերացնելու ուղղությամբ:
Ընտրել ենք «ուղղագրական վթարների» 10 դեպք:
- Աճապարանք կամ արագություն ցույց տվող հապ արմատ ունենք, որից կազմվել են բոլորիս հայտնի հապա, հապճեպ, հապշտապ բառերը: Ուշադրություն. կարող ենք մտապահել, որ հապճեպ, հապշտապ բառերում երկու պ ունենք, նույն տառը պիտի գրել: Ոմանք հափշտապ են գրում թերևս հափշտակել բառի առաջին չորս տառերի (հնչյունների) ազդեցությամբ: Խորհուրդ. գրելիս մի պահ հապաղում եք և վստահաբար գրում հապշտապ՝ խուսափելով վթարից:
- Այլ է հափշտակել բառի հարցը. այստեղ հենց փ էլ գրվում է: Այսինքն՝ ինչպես արտասանում, այնպես էլ գրում ենք, ուստի «վթարային իրավիճակ» չպիտի ստեղծել:
- Խաբ արմատից կազմված բառերում բ է գրվում, թեև փ ենք արտասանում: Այսպես՝ խաբել, խաբեբա (ուշադրություն. այստեղ էլ երկու բ ունենք), խաբեություն, խաբուսիկ, հուսախաբություն, երազախաբություն և այլն:
Նրանք, ովքեր գիտեն խաբկանք բառը, երբեք չեն սխալվում, քանի որ, որպես կանոն, գրագետ են լինում:
- Նմանության հիման վրա երբ, երբեմն, երբեք բառերի հետ մտովի սխալ կապ ստեղծելով՝ ոմանք երփներանգ, երփնավառ «գունավառ. բազմագույն գեղեցիկ փայլով ցոլացող» բառերը գրում են բ-ով և անշուշտ սխալվում են: Սրանցում երփն՝ «գույն» նշանակող արմատն է:
- Թպրտալ բառը շատերը փ-ով են արտասանում և այդպես էլ գրում են, բայց դա ընդունելի չէ: Հանուն ճշմարտության պիտի ասենք, որ հայերենի տարբեր բառարաններում գրանցվել են նաև թպրտալ բառի տարբերակները՝ թփրտալ (որպես բարբառային բառ), թփռտալ (որպես ժողովրդական բառ): Ուղղագրական նոր բառարաններում միայն թպրտալ-ն է տրված:
- Արփի «արև» բառի, ինչպես նաև Արփիար, Արփենիկ, Արփինե, Սիրարփի անունների փ-ի ազդեցությամբ ջրարբի «ոռոգովի, ջրովի. ջրով հագեցած» բառը սխալմամբ հաճախ գրում են փ-ով, այնինչ այստեղ արբ «խմել» արմատն է: Այդ արմատը կա նաև արյունարբու «արյուն խմող, արյան ծարավի», արբենալ «գինովնալ, հարբել», գինարբուք «կերուխում, խրախճանք» բառերում: Պարզ է, չէ՞, որ հարբել և հարբեցող բառերն էլ են բ-ով գրվում:
- Արմատի յուրահատուկ կրկնությամբ է կազմվել ճեփ-ճերմակ «բոլորովին ճերմակ» բառը (ճերմակ բառի առաջին վանկի ր-ն փոխվել է փ-ի): Այդպես է նաև լեփ-լեցուն, դափ-դատարկ, դեփ-դեղին, նոփ-նոր, սեփ-սև, հիմնականում արևմտահայերեն խոփ-խոշոր «շատ մեծ՝ խոշոր» և այլ բառերում: Ինչպես տեսնում ենք, սա մեկ դեպք չէ, այլ համակարգային իրողություն է: Այնպես որ պ գրելն անտեղի ու սխալ է: Ուստի միայն ճեփ-ճերմակ՝ փ-ով:
- Հայտնի է, որ մի շարք բառերում ղ-ից հետո գրվում է բ (արտասանվում է պ): Այսպես՝ աղբ, աղբյուր, եղբայր, ողբ: Հղփանալ «առատությունից՝ լիությունից երես առնել, շփանալ» բառը սրանցից տարբեր է: Այստեղ փ է գրվում և արտասանվում, ուստի պիտի զգույշ լինել և չսխալվել:
- Ախպեր-ը եղբայր բառի ժողովրդական տարբերակն է արևելահայերենում: Այս ձևով շատ է հանդիպում նաև գեղարվեստական գրականության մեջ, արձանագրված է բառարաններում: Արևմտահայերեն ժողովրդական խոսքում եղբայր-ը դարձել է աղբար (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբա՞րը» հիշեցիք):
Այս աղբար-ից Հայաստանում առաջացավ ախպար տարբերակը, որով տեղացիները կոչեցին հայրենադարձված արևմտահայերին (ցավալի մի փաստ): Եթե աղբար-ը սովորական բառ է, չեզոք կամ դրական իմաստով, ապա ախպար-ը միայն բացասական երանգավորում ունի:
- Ուղղագրական խայտառակ վթար է շփվել բառի շբվել գրությունը, որ հաճախ ենք տեսնում համացանցային մեսրոպատառ և լատինատառ գրառումներում: Բարեբախտաբար շփում-ը ճիշտ են գրում: Մնում է «սրԲազան պատերազմ» հայտարարել սխալագրությանը՝ շբվել, shbvel:
Մի փոքրիկ ուշադրություն և ջանք, ու կտիրապետենք ուղղագրական վթարներից խուսափելու նուրԲ արվեստին:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ