Հայերեն խոսողները ժամանակ ցույց տվող բառ գործածելիս երկար չեն մտածում. ինքնաբերաբար ավելացնում են –վա մասնիկը՝ ժամ - ժամվա, օր – օրվա, շաբաթ – շաբաթվա, տարի – տարվա, ցերեկ – ցերեկվա, գիշեր – գիշերվա, առավոտ- առավոտվա, ամառ – ամառվա և այլն: Եթե այսքանով վերջանար, ապա խնդրին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի: Բայց ասելիք կա:
- Ժամանականիշ են նաև վայրկյան, րոպե, դար բառերը, բայց սրանք –վա չեն ստանում, այլ ի՝ վայրկյանի, րոպեի, դարի: Որոշ մարդկանց խոսքում լսվող րոպեյվա ձևն արտառոց է և սխալ: Հասկանալի է, որ համանման մյուս բառերի օրինակով են այդպես ասում, բայց ականջ է սղոցում: Գրավոր խոսքում էլ ակնահաճո չէ, խիստ անսովոր տեսք ունի. «Թելի միջով ինչպե՞ս կարող է լույս անցնել ... թելեր մի րոպեյվա մեջ կվառվե՛ն» (Գ. Մահարի):
- Անցյալում դարի ձևին զուգահեռ գեղարվեստական խոսքում գործածվել է նաև դարու ձևը, որն արդի արևելահայերենում հնացած է:
- Արևմտահայերենում այսօր էլ սովորական է: Հիշելով Ծերենցի «Երկունք Թ դարու» [Իններորդ դարի երկունքը] հայտնի պատմավեպը՝ մեկ օրինակ բերենք արդի մամուլից. «21րդ դարու ֆաշականութիւն» («Ազատ օր», Հունաստան) [արևելահայ ընթերցողին ասենք, որ ֆաշականութիւն-ը ֆաշիզմն է]:
Դարու ձևը հանդիպում է հայտնի դերասան, արևմտահայերենի կրող (պոլսահայ) Վահրամ Փափազյանի արևելահայերեն խոսքում. «Մի օր պատահմամբ ընկանք անցյալ դարու սկզբների հռչակավոր իտալացի անդրիագործ Անտոնիո Կանովայի ծննդավայր Ռիեզե գյուղը», «Նման հաշվեհարդարի համար դիմում են դաշույնի, եթե չհաշվենք միջին դարու Իտալիան, որ գաղտնապահ թույնին էր հանձնում այդ սև գործը»:
Այժմ ամենևին խրախուսելի չէ դարվա ձևը: Այն գրեթե մոռացվել է, թեպետ գրականությունից հատուկենտ օրինակներ կարելի է ցույց տալ, ինչպես՝ «Ժամանակը մարդկության մտքից կջնջե բոլորը, ինչ որ արել է օսմանցին իր հինգ դարվա պատմության ընթացքում, կմնան երկու բան` Ոճիրը և Մզկիթը» (Ալ. Շիրվանզադե):
- Մի քանի բառեր ստանում են ոչ միայն –վա մասնիկը, այլև -ի, ինչպես՝ ամսվա – ամսի: Սրանք կանոնական են, ընդունելի, բայց պիտի իմանանք, թե ո՛ր դեպքում ո՛րն ենք գործածում: Ամսաթվի հետ, օրինակ, միայն ամսի (ամսի 26-ին), մյուս դեպքերում՝ հիմնականում ամսվա՝ ամսվա կեսին:
Ամսույս գրաբարյան ձևը (նշանակում է «այս ամսի / ամսվա») գրեթե մոռացվել է, բայց դասական գրականություն կարդացողներն այն գիտեն: Օրինակ՝ «Սիրելի Սամվել, եթե մինչև ամսույս վերջը չտամ ուսումնավարձս, ինձ համալսարանից դուրս կանեն» (Ալ. Շիրվանզադե): Արևմտահայերեն գրավոր խոսքում հաճախ է հանդիպում (ամսոյս ձևով):
- Ամառվա, ձմեռվա ձևերին զուգահեռ գործածվում են նրանց հավասարարժեք ամռան, ձմռան ձևերը –ան մասնիկով: Բոլորն էլ կանոնական են:
- Տարվա եղանակների անուններից մյուս երկուսը –վա մասնիկով գործածվում են, երբ բառավերջում –ք մասնիկ են ունենում՝ աշունքվա, գարունքվա: Սրանք ժողովրդական ձևեր են, գործածվում են նաև գեղարվեստական խոսքում: Օրինակներ արձակից՝ «Մի տեղ աշունքվա մուգ կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը» (Ա. Բակունց), «Երգերն ասում է այնպես, կարծես առատ մի աշունքվա մասին ունեցած հիշողությունն է պատմում» (Մ. Գալշոյան):
Նաև չափածոյից.
Աշունքվա երգով ոսկեբառ
Վերհիշում է մերթ իր մորմոքը (Ե. Չարենց):
Եվ ականջիս մեջ
Մաշվող աշունքվա շշուկը դեղին (Հ. Սահյան):
Այդպես էլ գարունքվա ձևն է: Օրինակներ՝
Երբ որ մահս գա,
Կուզեի լիներ
Նորեկ գարունքվա
Շողշողուն մի պահ… (Ավ. Իսահակյան):
Գարունքվա հող կա ոտնամաններին ծեփված (Մ. Գալշոյան):
- Գիշեր – գիշերվա, բայց գեղարվեստական, հատկապես բանաստեղծական խոսքում կարող ենք տեսնել նաև գիշերի ձևը.
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած (Ե. Չարենց):
Ի՞նչ իմանաս` երազն ի՞նչ է, որ նման է գիշերի.
Խավարի մեջ չկա՞ն կայծեր ճշմարտության աստղերի (Հովհ. Շիրազ):
Բռնած գիշերի թանձր փեշերից,
Գիշերի միջով, գիշերով լցված,
Գագաթն եմ հասել Աղոթարանիս (Հ. Սահյան):
- Շաբաթ – շաբաթվա: Այդպես էլ նրանից կազմված բառերն են -վա ատանում՝ երկուշաբթի – երկուշաբթվա, երեքշաբթի – երեքշաբթվա, չորեքշաբթի – չորեքշաբթվա, հինգշաբթի – հինգշաբթվա: Որքան էլ անսովոր են թվում, բայց սրանք են ընդունելի ձևերը:
Սրանք գործածվում են նաև ի-ով՝ երկուշաբթիի, երեքշաբթիի, չորեքշաբթիի, հինգշաբթիի: Իմանալով զույգ ձևերի մասին (երկուշաբթվա և երկուշաբթիի)՝ մարդիկ նախընտրում են գործածել բառակապակցություններ՝ երկուշաբթի օրվա (գործեր, ծրագիր, հանդիպում և այլն):
- Օր – օրվա, բայց ժողովրդական որոշ արտահայտություններում օրի ձևն է գործածվում, ինչպես՝ «Էս ի՞նչ օրի հասանք», «Ամենքս էլ մի օրի ենք»: Բոլորը գիտեն օր օրի կապակցությունը, որը «օրեցօր» է նշանակում:
- Տարի բառից, քանի որ ժամանականիշ է, օրինաչափորեն կազմվում է տարվա ձևը: Հանդիպում է նաև տարու ձևը՝ «Հովհաննեսի հետ 18-րդ տարու կարևոր դեպքերի վայրերն էինք փնտրում» (Հր. Քոչար), «Այսպես օր օրի վրա, տարին` տարու» (Ս. Խանզադյան): Ժովորդական խոսքում՝ «Նոր տարուն կհանդիպենք»:
- Իրիկուն բառից (այս «ամենաբանաստեղծական» բառը ժողովրդական է համարվում) կազմվում է իրիկվա ձևը:
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ... (Ե. Չարենց):
Աշնան օրը ծանրանում է իմ հայրենի քաղաքում,
Իրիկվա հետ ստվերները երկարում են մայթերին (Պ. Սևակ):
Պատահում է նաև իրիկունի ձևով.
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի —
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի (Ե. Չարենց):
Դու արդեն շա՛տ մոտ ես, շա՛տ մոտ, բայց մարող իրիկունի լույս ունեցող աչքերս քեզ չեն տեսնում (Հովհ. Մելքոնյան):
- Ժամ – ժամվա, բայց և ժամի: Համեմատենք. «Մի երկու ժամվա պտույտից հետո նա գոգը լիքը վերադառնում էր» (Ստ. Զորյան) և «Մի կես ժամի չափ էլ լուռ ու մունջ հետևեցի շքախմբին» (Վ. Արամյան): Սակայն ժամը նշելիս պիտի ասել ժամը 5-ին, ոչ թե «ժամի 5-ին»:
- Ժամանակ բառից կազմվում են ժամանակվա և ժամանակի ձևերը: Գիտական խոսքում գործածվում է ժամանակի ձևը: Օրինակ՝ ժամանակի քերականական կարգ, ժամանակի միավոր, ժամանակի իմաստ և այլն:
- Ընդունելի են այս և համանման զուգաձևությունները՝ ամսվանից և ամսից, գիշերվանից և գիշերից, օրվանից – օրից: Մյուս կողմից, սակայն, գրեթե չեն գործածվում ամսվանով, գիշերվանով, օրվանով ձևերը, այլ միայն ամսով, գիշերով, օրով:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ