Օրփևս (Օրփեոս) և Եվրիդիկե
Է. Պոյինթեր, Օրփևս և Եվրիդիկե, 1862
Ըստ առասպելների, Կալլիոպեից ու Էագրոսից ծնվում է Օրփևսը: Նա կիթառ կամ թառ էր նվագում: Եվ այնպիսի մեծ շնորհ ու վարպետություն ուներ, որ երգելով շարժում էր քարերն ու ծառերը: Երբ նրա կինը` Եվրիդիկեն, օձի խայթոցից մեռնում է, նա, ցանկանալով կնոջը հետ բերել, իջնում է Հադես՝ մեռյալների թագավորություն ու Պլուտոնին համոզում կնոջը վերև՝ ողջերի աշխարհ ուղարկել: Պլուտոնը խոստանում է անել այդ, եթե Օրփևսը ճանապարհին, մինչև իր տուն հասնելը, հետ չնայի: Բայց Օրփևս(Օրփեոսը) մի պահ չի լսում Եվրիդիկեի ոտքերի ձայնն ու վախեցած շրջվում է: Կինը վերադառնում է Հադես: Իսկ Օրփևսը վշտից քար է դառնում: Կնոջ հետևից մեռյալների աշխարհ գնացած Օրփևսի և Եվրիդիկե սիրո պատմությունը համաշխարհային արվեստի սիրելի թեմաներից է:
Պանի սրինգը
Պ.Ռուբենս, Պեյզաժ Պանի ու Սիրինգի մասնակցությամբ, 1626
Ըստ հունական առասպելաբանության աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից է «Պանի սրինգը»: Ըստ առասպելի, հին հունական որսորդության, ձկնորսության, հովվության նաև անտառների հովանավոր Պանը սիրահարվում է գեղեցկուհի հավերժաարս Սիրինգիսին, որը սակայն սարսափում ու փախչում՝ տեսնելով կես մարդ, կես այծ Պանին: Պանը հետապնդում է Սիրինգիսին, որն հասնում է մի գետի ու կանգ առնում: Ապա աղջիկը գետի աստծուց օգնություն է խնդրում: Աստված նրան եղեգն է դարձնում:Պանը հասնում է և գրկում գեղեցիկ եղեգնին, ապա լսում նրա հրաժեշտի սոսափյունը: Պանը կտրում է մի քանի եղեգն և դրանք ամրացնում մեղրամոմով՝ ստանալով քաղցրահնչյուն սրինգ: Այդ երաժշտական գործիքն անվանում է Սրինգիս, հայերեն սրինգ:
Հայկական դուդուկ
Խ. Եսայան, Ծիրանի ծառ, 1976
Հայկական ավանդական ու հնագույն երաժշտական գործիքի՝ դուդուկի մասին նույնպես ավանդություններ են հյուսվել: Այսպես, շատ դարեր առաջ մի երիտասարդ քամի թափառում էր լեռներում ու ձորերում, դաշտերում ու անտառներում, տեսնում է մի գեղեցիկ ծաղկած ծառ՝ ծիրանենի: Ծառի սպիտակ ծաղիկները անասելի բուրմունք ունեին, իսկ երբ քամին դիպչում էր ծաղիկների թերթիկներին, զարմանալի ձայներ էին արձակվում, որոնք էլ գեղեցիկ մեղեդի էին դառնում: Քամին այնքան է տարվում այդ գեղեցիկ երաժշտությամբ, որ այլևս չի հեռանում ծառից, որոշում մնալ նրա կողքին: Այս մասին իմանալով՝ քամիների տիրակալը բարկանում է և ստիպում երիտասարդ քամուն ընտրել՝ ազատ թռիչքները, թե ծաղկած ծիրանենու սերը: Քամին ընտրում է ծիրանենուն, իսկ տիրակալն ասում է, որ եթե երիտասարդ քամին մի օր որոշի հեռանալ ծիրանենին կմեռնի: Անցնում է գեղեցիկ գարունը, ծաղիկները թափվում են, դուրս են գալիս կանաչ տերևներ, ապա համեղ արևահամ ծիրանը: Ծառը շարունակում է գեղեցիկ մեղեդիներ արձակել: Քամին միշտ նրա կողքին է լինում:Գալիս է աշունը, տերևները թափվում են մեղեդին դադարում է: Երիտասարդ քամին սկսում է ձանձրանալ և կարոտել իր ազատ թռիչքները: Եվ մի առավոտ նա հեռանում է: Ինչպես և խոստացել էր քամիների տիրակալը ծառը մահանում է:
Անցնում է ձմեռը: Լեռան լանջին ընկած ծառի ճյուղերը նկատում է մի փոքրիկ հովիվ: Ճյուղերից մեկից հովիվը երաժշտական գործիք է պատրաստում, որը սկսում է զարմանալի ու հիասքանչ հնչյուններ ու մեղեդիներ արձակել:
Ապոլլոնն ու սրինգը
Յ.Յորդանս, Պանի մրցությունը Ապոլլոնի հետ, 1630
Պատմում են որ երբ Աթենան աստվածների խնջույքի ժամանակ սրինգ է նվագում, Հերան ու Ափրոդիտեն ծիծաղում են նրա վրա, քանի որ աստվածուհին այտերն այնպես էր ուռեցրել, որ դրանք կապտել էին: Հետո Աթենան սրինգ նվագելիս տեսնում է իր արտացոլանքը ջրում ու համոզվում, որ իրոք ծիծաղելի տեսք ունի: Նա դեն է նետում սրինգը և անիծում, որ գտնողը խիստ պատժվի: Սրինգը գտնում է Օլիմպոսի որդի Մարսիասը և Ապոլլոնի հետ երաժշտական մրցության բռնվում: Ապոլլոնն իհարկե հաղթող է ճանաչվում և Մարսիասը սպանվում է: Ըստ մեկ այլ առասպելի սրնգահարության մեջ Ապոլլոնի հետ մրցում է նաև Պանը
Սիրենների մահացու երգը
Ջ. Ուոթերհաուս, Ոդիսևսն ու սիրենները, 1891
Սիրենները հունական դիցարանի ոգիներ էին, որոնք ազդրերից ցած թռչնի մարմին ունեին: Նրանք՝ Պիսինոեն, Ագլաոպեն ու Թելքսիեպիան, մուսաներից մեկի` Մելպոմենեի դուստրերն էին: Նրանցից մեկը կիթառ էր նվագում, մեկը` երգում, մյուսն էլ` սրինգ փչում: Սիրենները իրենց հիասքանչ նվագով ու երգով կախարդում էին կղզու կողքով անցնող նավաստիներին, համոզում նրանց իրենց մոտ մնալ:
Երբ հին հունական հերոս Ոդիսևսը անցնում էր Սիրենների կղզու մոտով, շատ էր ուզում նրանց երգը լսել: Կիրկեի խորհրդով, Ոդիսևսը ընկերների ականջները մոմով փակեց ու հրամայեց իրեն կապել կայմին: Կղզու կողքով անցնելիս, երգով հմայված Ոդիսևսը աղերսում էր ընկերներին քանդել կապերը, սակայն ընկերներն ավելի պինդ էին կապում: Այսպես նրանք անվնաս անցնում են Սիրենների կղզին: Իսկ Սիրենները մահանում են, քանի որ գուշակություն էին ստացել, որ կմեռնեն, եթե իրենց մոտով նավ անցնի:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան/ հին. հուն. թարգ. Դ. Մուրադյանի, Ա. Թոփչյանի/, Երևան, 2016:
Ն.Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան, 1979:
Նկ. աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am