Սուրբ Հարության տոնը, որ ժողովրդն ավելի շատ Զատիկ կամ Մեծ Զատիկ է կոչում, պատմական Հայաստանի բոլոր վայրերում նշվում էր մեծ շուքով ու պատրաստություններով։ Եկեղեցիներում կատարվող արարողություններին զուգուհեռ ժողովրդի մեջ տոնն ուղեկցվում էր մատաղներով, երգ ու պարով և տարբեր խաղերով։ Ժողովրդական երգերը երգվում էին տոնախմբության նախապատրաստական աշխատանքների, ձվախաղերի, խնջույքների ժամանակ։ Այդ երգերն արտահայտում էին գեղջուկների ուրախությունը Քրիստոսի հրաշափառ Հարության ու բնության զարթոնքի առթիվ, նրանց ակնկալիքներն ու սպասումները, բարեկեցության մաղթանքներն ու ցանկությունները։ Այս երգերն իրենց պարզությամբ, արտացոլում էին մեր ժողովրդի հավատը, անկեղծ ու անմիջական վերաբերմունքը քրիստոնեկան մեծ տոնի՝ Սուրբ Հարության նկատմամբ և տոնի ժողովրդական ինքնահատուկ ընկալումը։ Երբեմն Հարության մոտիվներն ուղղակի ներկայացվում էին ժողովրդական այլ թեմատիկ երգերի, օրինակ օրորոցայինների մեջ։ Բոլոր դեպքերում Հրաշափառ Հարության տոնն ընկալվում ու պատկերվում է որպես կյանքի զարթոնքի, փրկության, երազների ու ցանկությունների կատարման, արդարների գնահատման ու մեղավորների պատժի, բարեկեցության ու լավ կյանքի սկիզբը խորհրդանշող տոն։ Ներկայացնում ենք զատկական ժողովրդական երգերի մի փունջ։
Ճրագ, ճրագ, ճշմարիտ,
Ճշմարիտ է Մարգարիտ,
Անմահական բանալիք,
Տար դրախտի դուռը բաց,
Քաղի անթառամ ծաղիկ,
Բեր դիր գլխիս տակ,
Վեր կենամ երազս բարի,
Ինչ խնդրեմ Տերը կատարի,
Երկնքի դուռը բաց ա,
Քրիստոս վրեն նստած ա,
Ոսկե գրիչ բռնած ա,
Լիսավորիչ կանգնած ա,
Մեծ ու պստիկ գրում էին,
Արդարներն խաղում էին,
Մեղավորներն լալում էին:
****
Մարտը կուգար ծաղկըներով,
Երկնից հաւքերն կարդըլով,
Ահա եկաւ մեզ սուրբ Զատիկ,
Բերենք ներկենք կարմիր հաւկիթ:
****
Արեւն է ծագեր վէր մեր երդիքին,
Ծագեր է ծագեր լոյս Լուսաւորչին:
Զատիկն է բերե լոյս մեր երդիքին,
Հաւիկն է արթուն սուրբ Կարապետին.
Կարմիր է հաւկիթն մեր սուրբ Զատիկին,
Հաւիկն է ածել սուրբ Կարապետին:
****
Գինին է կարմիր, տերտերը կ'օրհնէ,
Զատիկն է եկել, մատաղը կ՚օրհնէ,
Մեր մատաղիկն է մեր աքլորիկ,
Մեռնեմ ես նրա խորոտ կատարին:
Զատիկն է մեր հաւկթիկ,
Նշխուն է մեր հաւկթիկ,
Օրոր, իմ զաւակիկ,
Օրոր, աչքիս լուսիկ,
Օրոր, Լուսաւորչիս,
Օրոր, իմ զաւակիս:
****
Բյուրապատի՜կ, բյուրն պատիկ,
Ոսկե հատիկ ցորեն բշիկ,
Տա Աստված հազար Զատիկ,
Դուք լավ լինեք, շեն լինեք,
Տա ձեր արտին Աստված անձրև,
Ձեր ամենին՝ երկար արև,
Տեր, թոն արա, թոն, թոն արա,
Գարի հացը բոլ-բոլ արա:
Բյուրապատիկն եմ, փայ կուզեմ,
Չուլ եմ հագել, փայ կուզեմ,
Կարմիր կովի եղը կուզեմ,
Սև հավի հավկիթը կուզեմ:
Աղբյուրը՝ Հ․ Խառատյան-Առաքելյան, Հայ ժողովրդական տոները, Երևան, 2005: