Հունական դիցաբանության մեջ Սիզիփոսը հայտնի է որպես ամենախորամանկ տղամարդ: Նա կառավարում էր փառահեղ Կորնթոս քաղաքը, սակայն բազմաթիվ հանցագործություններ կատարելու պատճառով Անդրաշխարհում դատապարտվում է անվերջ խոշտանգումների։
Սիզիփոսը բարդ կերպար էր։ Նա հայտնի էր իր խորամանկությամբ և իմաստությամբ, միևնույն ժամանակ նա հաջողակ առաջնորդ էր, որը հիմնել էր Իսթմիական մարզական մրցաշարը, որն անցկացվում էր երկու տարին մեկ անգամ Կորնթոսի մոտակայքում։ Սակայն Սիզիփոսի մասին պատմություններ են ավանդվել նաև, որոնք նրան ներկայացնում են որպես եսասեր, ագրեսիվ ու խորամանկ տղամարդ, որը թալանում ու վիրավորում էր ծանոթներին ու անծանոթներին, գայթակղում էր կանանց։
Սիզիփոսի կինը Մերոպեն էր՝ Տիտան Ատլասի յոթ դուստրերից մեկը, որոնք հետագայում դարձան համաստեղություններ։
Ըստ ավանդության, որսորդ Օրիոնը ցանկանում էր ամուսնանալ Մերոպեի հետ, բայց աղջիկը ընտրում է Սիզիփոսին։ Որոշ ավանդապատումներ վկայում են, որ, քանի որ Մերոպեն Ատլասի դուստրերից միակն էր, որը մահկանացու ամուսին էր ընտրել, այդ պատճառով էլ նրա աստղը ամենաթույլն է շողում երկնքում:
Սիզիփոսը Մերոպեի հետ չորս որդի ունեցավ։
Բայց Սիզիփոսը հարաբերություններ ուներ նաև այլ կանանց հետ։ Նրանցից մեկը Տիրոն էր՝ իր եղբոր դուստրը։ Պատմության որոշ տարբերակներում Սիզիփոսն ամուսնանում է իր զարմուհու հետ, իսկ որոշներում էլ՝ բռնի ուժով տիրանում աղջկան: Ամեն դեպքում, Տիրոն և Սիզիփոսը երկու որդի են ունեցել, որոնց հենց սպանել է հայրը՝ անեծքից խուսափելու համար:
Սիզիփոսն իր անարդարություններով այնքան է զայրացնում Զևսին, որ աստվածների հայրը նրա մոտ է ուղարկում Մահին։
Բայց Սիզիփոսին հաջողվում է խորամանկել անգամ այս դեպքում և թակարդը գցել Մահին։ Այս բանտարկությունը հանգեցում է նրան, որ Մահը երկար ժամանակ չէր կարողանում մահկանացումների հետևից գնալ, ուստի այդ ընթացքում ոչ ոք չէր մահանում: Աստվածներն ի պատասխան ուղարկեցին Արեսին՝ պատերազմի աստծուն, որ դուրս բերի Մահին բանտից:
Այս անգամ Մահը կարողանում է խլել Սիզիփոսի կյանքը, բայց մինչ Մահը կտաներ նրան, Սիզիփոսը հրահանգում է Մերոպեին չթաղել իրեն ինչպես ընդունված է: Պատշաճ թաղման բացակայությունն այնքան է զայրացնում Պլուտոնին, որը կառավարում էր Հադեսը, որ նա Սիզիփոսին հետ ուղարկեց ողջերի մոտ՝ իր հուղարկավորությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Սիզիփոսը ևս մեկ անգամ ապացուցեց իր խորամանկությունը, քանի որ նա հրաժարվեց վերադառնալ անդրշիրիմյան աշխարհ և դեռ երկար տարիներ ապրեց երկրի վրա:
Երբ Սիզիփոսը վերջապես մահանում է, Զևսն ու մյուս աստվածները սարսափելի տանջանք են նարում նրան պատժելու համար: Նա ստիպված է լինում մի հսկայական քար հրել մեծ, զառիթափ բլուրով դեպի վեր: Ամեն անգամ, երբ նա հասնում էր գագաթին, ժայռն ընկնում էր, և Սիզիփոսը ստիպված էր ամեն ինչ նորից սկսել: Ասում են, որ Սիզիփոսն այս գործին է մինչև հիմա։